Jump to content

Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ապացույց է ավերակների կենտրոնի վրա գտնված մի մատուռի մնացորդը, որ թեև մինչև հիմքը կործանված է, սակայն կան մեջը քանդակազարդ քարեր, որոնց ոճը բացարձակապես 13-րդ դարաշրջանին կպատկանի։ Ըստ գյուղացիների տեղեկության, այս ավերակների մոտերքը հաճախ գտնվում են երկու տեսակի գերեզմաններ. մեկ տեսակը քրիստոնեական սովորական գերեզմաններ են, իսկ մյուս տեսակը քարե սալերով արկղաձև շինվածներ, որոնց մեջ գտնվում են կմախքներ և կճուճներ։ Բացի մոխրալից կամ հողալից կճուճներից, զանազան տեսակ մեծ ու փոքր ուլունքներ, բրոնզյա ապարանջաններ և ուրիշ բրոնզյա իրեղեններ կգտնվին այդ գերեզմանների մեջ։ Սալաքարերով շինված գերեզմաններից ջոկ, կան միակտուր քարից փորված մարդաչափ մեծությամբ դագաղներ, որոնց վրաները դարձյալ ծածկված են սալաքարերով։ Դագաղին մեջ գտնվում են հաճախ ուլունքներ, բրոնզյա ապարանջաններ և մանր կճուճներ։ Այս գյուղի շրջանում գտնվում են մարդաչափ մեծությամբ կարասներ, որպես դագաղ գործածված։ Կարասները թաղված են նախապես մեծամեծ սալերով արկղաձև պատրաստված տեղի մեջ և վրան հողով ծածկված, կարասների մեջ միմիայն մարդկային ոսկորներ են գտնվում։ Նույնիսկ այս տարի գտնվել են տասից ավելի քարափոր դագաղներ և կարասներ, սակայն ինձ անձամբ չհաջողվեց տեսնել տեղին վրա նրանց դասավորությունը։ Քարե դագաղները տեղերից հանելով տարել են դրել գյուղացիք իրենց գոմերի դռանը՝ անասուններին ջուր խմեցնելու համար։ Իսկ գյուղացիների ասելով, կարասներն արդեն մինչև հողից հանելը փշրել են և կտորները ոչնչացրել։ Ի դեպ, պետք է ավելացնեմ, որ գյուղացիներից մեկը՝ նախորդ անգամ գնալուս, բերավ ագաթ քարի վրա փորագրված մի քառակուսի կնիք ինձ անհասկանալի նշանագրեր փորագրված վրան, բայց այնպիսի առասպելական գին ուզեց, որ ինձ համար անհնար եղավ նույն հետաքրքրական կնիքը գնել, այս անգամ թեև հետաքրքրվեցի, բայց այլևս այդ մարդը չգտա գյուղում և տեղ գիտցող չեղավ։

Հետզհետե ճանապարհս շարունակելով դեպի հարով արևմուտք, տեսա մի շատ հետաքրքրական աղբյուր, ջուրը դուրս է գալիս գետնի միջից երկու տարբեր տեղերով։ Ջուրը դուրս գալու տեղից սկսում է անտաշ սև քարերից երկու զուզահեռական շարքեր ուղիղ գծով դեպի նախնադարյան քաղաքի ավերակները, անշուշտ նախնական ձևով առանց խողովակի շինված է ջրի ճանապարհը և ջուրը բերված է նախնադարյան ավերակներից 3-4 կիլոմետր հեռավորության վրա գտնված լեռներից։ Տարակույս չկա, որ ավերակ քաղաքի ջրերն ևս գալիս էին այս ճանապարհով։ Առաջանալով աղբյուրից դեպի հյուսիս արևելք կրկին երևում է հողի երեսին ամրոցանման պատերի հիմքերու մնացորդներ, ավելի քան երկու և կես մետր լայնությամբ։ Այս պարսպանման մնացորդներից դեպի արևելք գտնվում է Շահ-թափա (Արքայաբլուր) կոչված արվեստական մեծ բլուրը։ Այս բլուրը գտնվում է միանգամայն տափարակ դաշտի վրա, ունի նեղ ու երկար ձև։ Բլուրի բարձրությունը կհասնի գրեթե 8 մետրի։ Բլուրի վրան միանգամայն հնագույն մաքրված և արտի է վերածված ներկայիս։ Երկայնությունը ուղղված է արևելքից արևմուտք. վերևի կողմից շրջապատված է եղել հաստ պարիսպով մոտավորապես 2,70 մ. հաստությամբ։ Բլուրի երկարությունը գագաթի վրայից 122 մ. է, լայնությունը 47-48 մետր։ Պարիսպների համար գործածված են առանց բացառության մեծազանգված որձաքարեր, առանց շաղախի, և իսկական հիմքերը գտնվում են թերևս բլուրի ութ մետր բարձրությունից ցած դաշտի հողերի վրա։ Լանջերը թեքված են դեպի դուրս և վրաները երևում են, բացի շրջապատող պարսպից, շառավիղաձև պատեր՝ դեպի ցած նույնպես անտաշ որձաքարերով։ Շրջապատող պարսպի մեջ տեղ տեղ երևում են շինությանց հետքեր, որոնց ինչ տեսակ շինություններ և ինչ ժամանակի լինելը ստուգելու համար որոշ չափով պեղման կկարոտի։ Արևելյան ծայրին վրա երևում են անհեթեթ մեծությամբ որձաքար ժայռեր, որոնք բնական ժայռի տպավորություն են թողնում, սակայն նույն մեծությամբ ժայռեր տեղափոխելու և ուզած տեղերը զետեղելու օրինակներ շատ են տվել նախնադարյան շրջանի մարդիկ։ Հավանական եմ կարծում, որ բլուրի ամբողջ երկարությամբ նախ մեծամեծ ժայռերով կազմած են բարձրությունը և հետո վրան հող լցրած։ Արևմտյան ծայրին բացված էր մի փոքր ծակ, որուն մեջ մտցնում էին երկար գավազաններ կամ ձողեր, սակայն մինչև հատակ չէին հասնում։ Թերևս բլուրի ներքև գտնվում են առանձին բաժանումներ գերեզմանների կամ դամբարանի համար։ Առանց այդ դիտավորության միտք չէր ունենալ այս մեծ բլուրը կազմելու։ Բլուրի շրջապարիսպին դուռը հայտնի է հյուսիսային կողմի վրա, իսկ ուրիշ կողմերում դուռ ունեցել է թե՞ ոչ, առայժմ տեղի վրա հայտնի չէ։

Հետևյալ օրը (սեպտեմբեր 11) գյուղից երեք կիլոմետրի չափ դեպի հարավ, այցելեցի այն սարը, որուն գյուղացիք Բերդ անունն են տալիս։ Նախորդ տարիների այցելություններիս ժամանակ թեև լսել էի այս բերդի մասին, սակայն անձամբ չէի գնացել մինչև գագաթը։ Դաշտային մասը անցնելուց հետո, երբ մոտենում ենք սարալանջին, այստեղից արդեն հայտնի է Բերդ բարձրանալու հին ճանապարհը, մոտավորապես հինգ մետր լայնությամբ, իր ժամանակին շատ լավ հարթված և եզերքները քարերով պահպանված է եղել մինչև գագաթ բարձրանալով՝ հարավային մեծ դռան առջև հասնելը։ Հարավային դուռն այժմ քայքայված է, սակայն տեղը հայտնի է երկու բուրգերու միջև, այժմ ևս ուրիշ տեղից բերդի մեջ մտնելու անցք չկա հարավային կողմից, բացի այդ փլատակ դուռը։ Բերդին միջի տարածությունը բավական րնդարձակ է, կան մի շարք շինությանց հետքեր, կրոմլեխներ՝ շատ նման նախնական տիպերին, այս կրոմլեխներեն մեկը լուսանկարեցի կողքին ընկած մի հաստ մենաքարով միասին։ Այս մենաքարին մի կողմը հաստ է, իսկ մյուս կողմը՝ բարակ, այս բարակ կողմից քարը կոտրած է, որով երկարության նախկին չափը մնում է անորոշ․ մոտավորապես քառակուսի է մենաքարը անհավասար կողմերով, լայն կողմը 53 սմ. է, իսկ նեղ կողմը՝ 39 սմ., քարի երկարությունն է 1,73 մ. մինչև կոտրած գլուխը։ Այս բերդի շինությունը իր շինվածակերպով անվրեպ ժամանակակից է Ադիամանի մոտակա բարձունքների վրա շինված վարի