Jump to content

Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բերդին և Ղըրխ Դակիրմանի մոտի մեծ բերդին։ Այս շինությանց ոճը նախապատմական երկրորդ շրջանի բերդաշինության ոճն է, քարերը անտաշ, բայց համեմատաբար փոքր են, և ունին հորիզոնական լարաձիգ ուղղությամբ շարքեր միմյանց վրա։ Հարավային և արևելյան կողմերը, որոնք փոքր ի շատե մատչելի են, ամրացված են քառակուսի բուրգերով. հարավային կողմը ունի հինգ բուրգ, իսկ արևելյան կողմը՝ չորս բուրգ։ Արևելյան կողմեն ևս թեև դուռ ունեցել է, սակայն փլուզմամբ փոխվել է մի քարակույտի, որով հայտնի չի լինում թե ի՞նչ մեծություն և չափ ուներ։ Բերդի մեջը տեղ տեղ, մասնավորապես ընկած մենաքարի մոտերը, զանազան քարերի վրա փորագրված են 5 սմ. տրամագծից մինչև 12 սմ. տրամագիծ ունեցող կլոր փոսիկներ, ինչպես որ տեսանք Մարմաշենի բևեռագրի մոտի ժայռի վրա (նաև Աղցում մի ամբողջ մեծ ժայռի ճակատին փորագրված են այս խորհրդավոր բոլորակ փոսիկները)։ Բերդի շրջապատից դուրս ևս զանազան քարերի վրա կան այս բոլորակ փոսիկներից և ասոնցմե ոմանց տրամագիծը կհասնի 20-25 սմ.։

Բերդից դեպի արևմուտք կա մի ուրիշ բարձրություն, գրեթե բերդի հավասար բարձրությամբ, որուն ամենաբարձր կետին վրա կա անտաշ մեծ քարերով շարված մի բոլորակ, որուն գյուղացիք միտուռ անունն են տալիս։ Այս մնացորդի նախնական վիճակը չէ մնացած, պարբերաբար ավերումների պատճառով։ Վերջին ժամանակները, թերևս հին մի ավանդության հիման վրա, քրիստոնեական մատուռի են վերածել։ Շինվածքները հետնագույն կարկատաններով թեև այլայլված, սակայն երևում է, որ նախապես եղած է մի դոլմեն Օշականում և այլ տեղերում գտնված դոլմենների նման, նախնական ժամանակի վրայի ծածկույթ մեծ սալաքարերն ընկած են մեջը և այսօր ևս կերևին հատակին վրա կիսով չափ թաղված հողին մեջ։

գ. ՍՈՆԳՈՒՐԼՈՒ
Սեպտեմբեր 11

Սեպտեմբեր 11-ին, երեկոյան մոտ, Ղափըլուից հեռացա և ուղևորվեցի դեպի մոտակա Սոնգուրլու գյուղը։ Այս գյուղի մեջ հնությանց հետքեր չեն երևում, սակայն գյուղի կողքին գտնված ձորի մյուս ափին գյուղացիք շիներ են փոքր շինություններ, որպես ուխտատեղի կամ մատուռներ՝ հետևելով անշուշտ հին ավանդություններին։ Մատուռներ կանգնված հողամասը, որ այժմ գյուղական գերեզմանատուն է, եղել է նաև ի հնումն գերեզմանատուն։ Հին գերեզմանատան տապանաքարերի մեծ մասը թաղված են հողի տակ՝ հազիվ նշմարելի է նրանց ոևէ մասը։ Այժմյան գյուղացիք իրենց ննջեցյալի վրա քար ձգելու համար, օգտվում են հին տապանաքարերից։ Բացի հին տապանաքարերից ներկա գյուղացիք իբրև տապանաքար գործածել են 10-11-րդ դարու գեղաքանդակ խաչքարերի բեկորներ, խարիսխներ, խոյակներ և ուրիշ շինությանց սրբատաշ քարեր։ Այս քանդակագործական և ճարտարապետական գեղեցիկ բեկորները ցույց են տալիս, որ ի հնումն այս տեղերում եղել է խիտ բնակչություն, նաև եկեղեցի։ Ճարտարապետական մնացորդ խոյակները շատ նման են Խծկոնքի սբ. Սարգիս եկեղեցիի ներքին որմնասյուների խոյակներին, որ նմանապես 10-11 դարերու շենք է և քանդակագործության այդ ոճը հետագայում գրեթե փոխված և մոռացված է, տեղի տալով նորագույն ձևերի։ Գյուղի պաշտոնական անձանց խնդրեցի, որ իբրև մատուռ շինված շենքերից մեկը հատկացնեն թանգարանի կամ գեղարվեստական բեկորների հատուկ ժամանակավոր պահեստի։ Մասնավորապես հանձնարարեցի, որ հնար եղածին չափ շուտով վերցնեն և պահպանեն մի մեծ խաչքարի կտոր, որ գործածել են իբրև տապանաքար, որուն նման ճոխ և ճարտար փորվածք ունեցող և իր առանձնահատուկ ոճով, գրեթե ես առաջին անգամն էի տեսնում 10-11-րդ դարերի քանդակագործության մեջ։

դ. ՀՈՌՈՄ

Երկրորդ անգամն էր, որ այցելեցի Հոռոմ գյուղը, սեպտեմբեր 12-ին գյուղի շրջակայքի նախնադարյան ավերակներն ու ամրոցները հետազոտելու համար։ Գյուղը ներկայիս շինված է մի շարք բարձր բլուրների ստորոտին, իսկ բարձրը, բլուրների վրա, գտնվում է նախնադարյան մի մեծ քաղաքի և ամրոցների ավերակներ, որոնք հոռոմցիները անվանում են Ղալաիչի։

Սոնգուրլիից դեպի Հոռոմ տանող ճանապարհը դեռ Հոռոմ չհասած, կես կիլոմետր մնալով, սկսում են երևնալ ճանապարհի աջ և ձախ կողմերի վրա կրոմլեխներ, որոնք թեև ճանապարհին անցուդարձ անող սայլերի, մարդկանց և անասունների ոտատակ տրորվել ու մաշվել են, այնուամենայնիվ դեռ բոլորովին չեն կորած հետքերը։ Այստեղ ես չափեցի երկու անսովոր մեծությամբ կրոմլեխներ, որոնց մեկուն տրամագիծն է 7 մ. 50 սմ., մյուսինը՝ 5 մ. 20 սմ.։ Այս կետից սկսած մի ճանապարհ ձախ կողմից բարձրանում է դեպի բլրագագաթները, իսկ աջ կողմեն երկար տարիներե ի վեր մշակել և արտերի ու բանջարանոցների են վերածել, որով կորսվեր են բոլոր հնությանց հետքերը։ Այս արտերը ու բանջարանոցները մոտավորապես մեկ մետր ցած են ճանապարհից, որուն պատճառը շատ պարզ է, տարիների ընթացքում շարունակ մաքրել են այդ կողմի վրա գտնված նախնադարյան շրջանի պատերի մնացորդներ, գերեզմաններ և այլն, որով հողը այդքան ցածրացել է մեջը գտնված քարերը մաքրելու հետևանքով։

Այս անգամ Հոռոմ այցելությունս խիստ տխուր տպավորություն թողեց իմ վրա. 1911 թվականին այցելությանս ժամանակ, ինչ որ տեսել և լուսանկարել էի ավերակներից, կիկլոպյան պարիսպներից, ոչ մեկը նույն վիճակի մեջ չէր մնացած։ Գյուղացիք անդադար քանդում են պատերն ու գերեզմանները և քարերը տանում են գյուղ իրենց այժմյան պետքերու համար։ Մի քանի պարսպամասեր գրեթե բոլորովին անհայտացել են, իսկ մնացածներն ևս անհետանալու և այլափոխվելու վրա են։ Եթե վաղօրոք աոջևը չառնվի այս ավերածության, շուտով կկորչին պատմական կարևոր հուշարձանների հազվագյուտ նմուշներ։

Հոռոմ գյուղի մոտի նախնադարյան քաղաքը