Jump to content

Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճնշող ազդեցութենեն, սկսել է փիլիսոփայորեն մտածել ներկա ու ապագա կյանքի վրա, և այս հայացքի փոփոխության անմիջական ազդեցության տակ ընկան ամբողջ աշխարհի գեղարվեստները և կամաց կամաց մոռացվեցան տաճարներն ու դամբարանները։ Հասարակական ու հանրօգուտ շինություններ իրենց հաղթական հպարտ գլուխը բարձրացուցին անոնց առջև և լոկ վայելչության համար պճնազարդվեցան այն սրբազան տարազներով, որոնք մի ժամանակ հասարակ մահկանացուի մը համար ոչ միայն անհպելի էին, այլ և աչքով տեսնելն ալ սրբապղծություն էր։

Պատրանք մը ըլլալու վրա է այլևս անցյալը, ներկան հանրային և անհատական բնակարաններ ու արտակարգ ճոխությանց մրցման շրջանն է: Անցյալը մեզի հսկա տաճարներ և շքեղ դամբարաններ տվավ, իսկ ներկան պիտի տա ապագային՝ այս աշխարհի մեջ իրագործված դրախտի մանրանկարը— հասարակական և անհատական բնակարաններ:

Եգիպտացիք ինչպես արվեստներու, նույնպես ալ կրոնի և տաճարներու նախահայրերը եղած ըլլալ կը կարծվին։

Եգիպտոսի ժողովուրդին ծագումը և անոր գործունյա կյանքի սկիզբը ժամանակի անհունության մեջ կորած է։ Գիտնականներ հազիվ կարողացան անոնց կյանքի հորիզոնի վրա երևնալեն ասդին մինչև օտար տիրապետությունների վերջնականապես ենթարկվիլը՝ տոհմային հարստությունների կամ տիրապետությունների զանազան շրջաններու բաժանել: Այդ շրջաններու սկզբեն մինչև 18-րդ հարստության շրջանը, բնավ որոշ թվական չկա. 18-են սկսյալ, կարողացան ճշտել պատմական դեպքեր ու ժամանակներն ու թվականները։

Ահա այդ շրջանին մեջ, մեր թվականեն տասն և հինգ դար առաջ, երբ ուրիշ ազգեր քաղաքակրթության հազիվ նախօրյակին մեջ էին, Գարնաքը մեզի կուտա աստվածային պաշտամանց հատկացյալ տաճարի հատակագծային բաժանման այնպիսի ծրագիր մը, որ մինչև մեր օրերու տաճարներուն նախատիպը եղավ, և ժամանակը չկարողացավ այդ ծրագիրը զգայի փոփոխության ենթարկել:

Ինչ է այդ ծրագիրը, շատ պարզ բան. շենքը մը, որ պիտի ծառայեր իբրև երկնավոր բնակարան իրենց աստծուն, ուր ժողովուրդին խունկն ու աղոթքը պիտի մատուցվեր անոնց սրբազան գահին:

Աստվածները նյութական կարիքներ չունեին, անոնց միակ կարիքն էր հավատացելոց երկրպագությունը, ուստի հարկ չէր որ աստվածային բնակարանը ծանրաբեռնվեր զանազան տեսակ բաժանումներով, բավական էր անոր համար միմիայն երեք գլխավոր բաժանում. 1) սրբարանը, ուր պիտի զետեղվեր պաշտելույն գահը կամ անոր արձանը, 2) ժողովուրդի ու աստուծո միջնորդը՝ նվիրյալ քահանայից դասը, 3) աղոթքի սրահը:

Այս երեք բաժանումներեն դուրս եղած բոլոր բաժանումներ, ավելի քան նվազ չափով եթե կային, անոնք ալ կամ առանձին տաճարներ էին կամ ուրիշ ոչ-կրոնական պետքերու հատուկ էին։

Գարնաքեն առաջ, 12-րդ հարստության ժամանակ, բոլորովին պարզ էին մեհյանները, գրեթե չորս պատի մեջ պարփակված էին այս երեք բաժանումներն առանց միջնորմներու և հաղորդակցության դռներու. հարթ գետնի վրա գծված սահմանով մը կորոշվեր յուրաքանչյուր բաժինը: Հետզհետե որչափ բազմացան ծիսական օրենքներ, այնքան ավելի որոշ դիրքեր տրվեցան այս բաժանումներուն առանց անոնց խորհրդավոր սահմանը փոխելու։

Շինության խորը սրբարանին տեղն էր, անոր անմիջապես կհետևեր քահանայից բաժինը, և հետո հավատացելոց բազմության հատկացած սրահը։

18-րդ հարստության ժամանակ երեվեցավ աստծո բնակարանը վերածված առանձին մի սենյակի՝ արձանին համեմատական մեծությամբ։ Այս աստվածային սենյակին երկու քովերը, մինչև հանդիպակաց աջ ու ձախ պատերը, կամ բաց թողուցին և կամ սրբազան սենյակի ճակատին ուղղությամբ ծածկեցին, ներսը այլ և այլ կրոնական պիտոյից գործածության հատկացնելով։

Նույնպես քահանայից բաժինը պատով մը ծածկվեցավ տաճարի ամբողջ լայնությամբ, թողվելով միայն հաղորդակցության դուռ մը հավատացելոց բաժնին վրա, ինչպես արձանին սենյակեն ալ դուռ մը քահանայից բաժնին վրա։

Հավատացելոց բաժինը միշտ ամենեն ընդարձակ բաժինը կգրավեր շինության մեջ, և սյունազարդ, երբեմն աջ ու ձախ կողմերեն երկու կարգ, և երբեմն ամբողջ սրահը սյունազարդված էր։ (Տես նկ. № 1, հատակագիծ Ա)։

Ահավասիկ հատակագիծ մը, որ մեր թվականեն տասն և հինգ դար առաջ նվիրված էր աստվածային պաշտաման:

ա. Սրբարան, ուր կդրվեր արձանը, և բոլորովին անմատչելի հասարակության։

բ. Քահանայից կամ քրմաց բաժին, նույնպես անմատչելի էր հասարակության։

գ. Հավատացելոց բաժին։

դ. Սրբազան անոթներու և սպասարկությանց հատուկ խցիկներ։

Այսօրվան Եգիպտոսի մեջ երեվեցած բազմաթիվ բաժանումներով հին մեհյանական հատակագծերը ոչ այլ ինչ են, եթե ոչ շատ մը մեծ ու փոքր տաճարներու, դամբարաններու, գավիթներու և կրոնի պաշտոնեից բնակարաններու հավաքական խումբեր զանազան ժամանակ իրարու վրա ավելացված, որոնց մեկ օրինակը մենք ունինք այսօր, ի միջի այլոց, Հոռոմոսի վանքի մեջ, ուր մոտավորապես չորս դար շարունակ իրարմե անկախ շինություններ շինված են մի փոքր սահմանի մեջ իրարու կցված։

Մինչև վերջն առանց բացառության չմնաց այս ձևը, պարբերաբար եղան փոփոխություններ առանց բաժանումներու խորհրդավոր ձևն ավրելու. երբեմն սրբարանը մեծցուցին, երբեմն փոքրացուցին, երբեմն քահանայից բաժինը երկու մասի վերածեցին, կամ սյունազարդեցին, բայց ասոնք զգալի փոփոխություններ չէին, եղավ մի գլխավոր փոփոխություն, որ ոչ միայն Եգիպտոսի մեջ տեվեց մինչև վերջը, այլև անցավ ուրիշ ազգերու ալ։

Հավատացելոց սրահը, որ որմնափակ էր ամեն կողմեն և ուներ միմիայն մտից դուռ մը, Թեբեի շրջանին վերջին ժամանակները փոխվեցավ պարզ սյունազարդի