Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տարբերությունը հաճախ ենթադրել կուտա տեղական աղբյուրներու զանազանությունը։ Սակայն, ինչ որ կարելի է կասկածե դուրս համարել, այն է, թե եղավ մի ժամանակ, երբ աշխարհի մեկ ծայրեն մինչև մյուս ծայրը տիրապետեց միևնույն տեսակ գործիքը, որ կցորդված է շինելակերպի անխուսափելի նմանությանը հետ։ Ամերիկայի հղկած գայլախազի տեսքը բավական նմանություն ունի ճապոնականի հետ, որով թերևս անհետացած երկրի մը վրայով մշտնջենական հարաբերության մը միջոցավ՝ փոխանցում մը կատարված կկարծվի, որ որսորդներու թափառաշրջիկ կյանքը կհաստատեր հեռավոր երկիրներու հետ։

Պատմական ճարտարապետության սկզբնական օրրանները— Նախնադարի հողի վրա, կամաց կամաց առաջ եկան երկու մեծ ճարտարապետություն, անոնց մեկը ծնավ Եգիպտոսի մեջ, իսկ մյուսը՝ Քաղդեայի։ Եվ այս երկուքին միմյանց հանդիպումով, որ իսկապես պատահական չէր, զարգացավ այն երկիրներու մեջ, ուր շինանյութերու առաջին շինվածանյութը կավի շաղախը եղավ։ Եգիպտոսին վերապահված էր հսկայագործության արվեստը մինչև վերջը տանել, բայց միշտ շաղախի գործունեությամբ շինելակերպը պահելով, և հավանականություն կա, որ շինելու այս պարզ կերպը իր առաջին շրջանեն սկսավ։ Եգիպտոսը, յուր ուրիշ պետություններե ավելի առաջադիմությունը պարտական է այն դյուրության, որ կգտնվեր նույնիսկ անհեթեթ գործիքներու ստեղծագործութենեն առաջ:

Մյուս կենտրոնը Քաղդեան է, և այնտեղ ալ շինելով հողային երկիր, մարդը կարողացավ շինող դառնալ նախքան գործիքներու գոյությունը։

Առաջին առթիվ մենք պիտի քննենք այս երկու մեծ կենտրոններու արվեստը և անոնցմե բխող շառավիղները։

գ. ԿՐՈՆԱԿԱՆ ՏԱՃԱՐՆԵՐՈՒ ԶԱՆԱԶԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿԶԲԵՆ ՄԻՆՉԵՎ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ[1]

Հայ ճարտարապետության ծագումը և դարերու հոսանքին մեջ անոր կրած փոփոխություններն ու զարգացումը հետազոտելե առաջ, կարելի է ընդհանուր ակնարկ մը նետել բոլոր կրոնական հաստատություններու հատակագծային բաժանումներու վրա, սկսյալ պատմական ամենահին ժամանակներե մինչև մեր օրերս, ասոնք թեև ճարտարապետության հետ զուգընթաց, սակայն անկեց բոլորովին անկախ ենթարկվեցան այլազանություններու և ուրույն զարգացման։

Ամեն տեսակ հասարակական և անհատական մեծ ու փոքր շինանյութերու մեջ ճարտարապետին սեփական ճաշակով դասավորվեցան հատակագծային բաժանումները՝ ձևվելով տեղին, դիրքին և պետքերուն վրա։ Կրոնական հաստատությանց հատակագծերու մեջ, ճարտարապետներ միշտ ենթարկված մնացին ծեսերու և ավանդությանց պահանջներուն. կղերն էր անոր հեղինակը, ճարտարապետը առ առավելն, կարողացավ այդ արված ծրագրին ներդաշնակ իրագործումը տալ։

Բայց որովհետև ի սկզբանե անտի կրոնական հաստատություններն եղան գեղարվեստի զարգացման և ճոխացման գլխավոր ազդակները, անոր համար ալ անոնք միշտ կապված մնացին գեղարվեստի հետ։ Հատակագծերը թեև կրոնական, սակայն նրան ծածկող շինությունը լիովին արվեստին կպատկաներ, այլևս ճարտարապետին կմնար աստվածային փառաց արժանի շքեղազարդ կոթողներ կանգնեցնել ժողովուրդի այդ անմահության խարիսխներուն վրա, մինչ պետական և հասարակական գանձարաններ լիովին տրամադրված էին վատնելու իր հանճարի արտացոլմանց համար։

Անհետացող և մնացող բոլոր ազգերը համեմատաբար ավելի մեծ հետքեր թողեր են կրոնական հսկա ու մեծածախս տաճարներու, քան պալատներու և ուրիշ քաղաքային շինությանց։ Որովհետև լիովին ենթարկված կրոնի ազդեցության, հրաժարելով աշխարհային վայելչություններե, իրենց ամբողջ կյանքը զոհաբերեր են միմիայն հավիտենական փրկության։ Թագավորներ, իշխաններ իրենց ճոխ գանձարաններով, հասարակ ժողովուրդն իր ֆիզիկական տանջանքներու գերագույն համբերատարությամբ գերին եղած էին առասպելական նախապաշարումներու:

Հանդերձյալ կյանքի երանավետ վայելչությանը տենչով հափշտակված ժողովուրդի մը համար աշխարհային կյանքի պետքերե շատ ավելի անխուսափելի էր փառազարդ տաճարներու գոյությունը, տաճարներ՝ որոնք պիտի ըլլային այս ունայն աշխարհեն դեպի հանդերձյալի հեշտալի դրախտը տանող կամուրջները:

Որչափ ատեն համոզված էին, թե այս աշխարհը նախագավիթն էր հավիտենականին, երազը աներևակայելի վայելչությանց, և որչափ ատեն հավատացած էին, թե այդ անմահության դրախտի դռները պիտի բացվեին իրենց խունկով ու աղոթքով, այնչափ կավելանար հետզհետե շքեղությամբ զիրար գերազանցող տաճարներ ու դամբարաններ ունենալու մարմաջը։

Ազգեր կային, որոնց համար նույնքան կարևոր էին դամբարանները, որչափ տաճարները. տաճարը միակ դուռն էր հավիտենականին, ուրկե կանցնվեր դեպի անմահություն, իսկ դամբարանը հանդերձյալի բնակարանը, պալատն էր, ուր պիտի ապրեին ու անվերջ վայելին աշխարհային կյանքի մեջ իրենց սիրտն ու հոգին հափշտակող երջանկության հեռանկարի իրականությունը։ Ուստի դամբարանները ոչ միայն արտաքինով, այլև ներքինով ալ կզարդարվեին թանկագին կահկարասիներով և սպասներով։

Հայերն ալ ոչ նվազ հափշտակվեցան երկնային արքայության անդիմադրելի հրապույրեն. քանի-քանի թագավորներ, թագուհիներ, իշխանազուններ, թողած իրենց երբեմնի աշխարհասասան գահն ու վայելչությունները, մենաստաններու խոնարհ ստրուկները դարձան։ Տասն և վեց դարու երկար շրջանի մը մեջ հազիվ թողին քանի մը աննշան պալատներու ու բերդերու հետքեր, մինչդեռ ամբողջ հայ աշխարհը ողողվեցին իրենց գեղարվեստի անվիճելի տաղանդով պճնազարդված տաճարներով։

Հազիվ կարելի ըլլա ըսել, թե վերջին երեք դարու ժողովուրդն է, որ ազատված կրոնի և նախապաշարմանց

  1. Այս հոդվածը արտատպում ենք «Հուշարար» ամսագրի 1907 թվականի 3-րդ և 6-րդ համարներից − էջք 39-42 և 90-93. Կազմող