Jump to content

Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի քանի մետր ցածից։ Իսկ հարավային և արևելյան կողմերը չորս շարք են, և այս կողմերիցն է, որ սարը ամբողջովին մի հիանալի երևույթ է ստանում։ Արևմտյան կողմից, որ կցված է ուրիշ մի լեռնամասի, այն կողմից ունի մի մտից դուռ, և մի մտից դուռ էլ հարավային կողմից, վերելքի ոլորապտույտ ճանապարհը որոշ է տակավին պարսպամեջերի վրայով։ Պարսպամեջերը այնպես հարթ հորիզոնական երևույթ ունին, որ այժմյան գյուղացիք ամենայն հեշտությամբ վար ու ցանք են անում այնտեղ։ Գագաթը միանգամայն ժայռուտ է և երևում է, որ ջանք ի գործ դրել են ժայռերը փշրելու և հարթ մակերևույթ առաջ բերելու համար․ շինությանց հետքեր ամենևին չկան, բացի արևելյան կողմի մի փոքր սենյականման տեղի հատակագծից։ Այս պարագան ինձ ենթադրել է տալիս, որ կամ դեռ բոլորովին չէր վերջացած այս հսկայական բուրգի շինությունը և կամ գագաթը հատուկ էր միմիայն կրոնական արարողությունների, ու շինությունների համար կարիք չէր զգացվել․ այս վերջինս ինձ հավանական կթվի նախնադարյան շրջանի մարդկանց հավատալիքները և բացօթյա սարերի գլխին կատարված կրոնական արարողությունները ի նկատի ունենալով։ Համենայն դեպս այս տեղը արժանի է մանրազնին հետազոտության բնորոշելու և նմաններից զանազանելու համար։

Վարի բերդից դեպի հարավ մոտավորապես մի կիլոմետր հեռավորության վրա կգտնվի մի ուրիշ պարսպապատ սար, որուն գյուղացիք Վերի Բերդ անունը կուտան։ Վերի Բերդի շուրջը և մեջը գյուղացիք մաքրել են, միայն արևելյան կողմի վրա մնացել է մի պարսպամաս կիկլոպյան քարերով, իսկ գագաթը, որ եռապատիկ ընդարձակ է քան Վարի Բերդը, բոլորովին մաքրված է քարերից և վերածված արտի։ Գագաթի շրջապատի հին պարիսպները անհետանալուց հետո, հավանորեն նոր արտատերը յուր ցանքսերը անասուններից պաշտպանելու համար, ամբողջովին շրջապատել է մանր քարերով 70-80 սանտիմետր բարձրությամբ։

ը. ԲԱՇԳՅՈՒՂ
Սեպտեմբեր 16

Մահմուտճուքից ճանապարհվեցի դեպի Բաշգյուղ, ճանապարհի վրա այցելեցի Արթիկ գյուղը և աչքե անցնելով այս գյուղի մեջ գտնված 5-րդ և 7-րդ դարու հուշարձանները, երեկոյան մոտ հասա Բաշգյուղ։ Այսօր (սեպտեմբերի 16-ին) շրջեցի Բաշգյուղի շրջակայքը, այստեղ կանգուն կամ կիսականգռւն հուշարձաններ չկան, սակայն ի հնումն այս տեղերու վրա հոծ բազմություն որ եղել է, կասկած չեն թողնում նախաքրիստոնեական գերեզմանները, որոնք տարածված են գյուղից դուրս արտերի և ղըռաճների մեջ, ընդհանրապես շատ են գտնվում սալաքարերով արկղաձև շինած գերեզմաններ։ Իսկ գյուղից բավական հեռու, դեպի հյուսիս և հյուսիս արևելք, երևում են բազմաթիվ հին քրիստոնեական գերեզմաններ, որոնք այժմ վերածվում են արտի և քարերը տարվում են շինությունների համար։ Տապանաքարերը առհասարակ 13-14-րդ դարերի գերեզմանների տիպն ունին, գտա մի քար էլ արձանագրված։ Նշանավոր կարելի է համարել գյուղի հյուսիս արևելյան կողմը ձորի մեջ ընդարձակ բնական քարայրը, որը հետզհետե քանդվելու վրա է. վերևի շերտերից մեծամեծ քարեր թափվել են հատակի վրա և արգելում են մեջը ման գալ։ Քարայրի բերանը ազատ է և կարելի է մտնել ներս մի քանի քայլ և տեսնել խորությունն ու ընդարձակությունը, իսկ մանրամասն ուսումնասիրել այս քարայրը որոշ դժվարությունների հետ է կապված և երկար ժամանակի կարոտ է։

թ. ՂԸՐԽ ԴԱԿԻՐՄԱՆ
Սեպտեմբեր 17

Այսօր, առավոտյան հեռանալով Բաշգյուղից հասա Ղըրխ Դակիրման գյուղը։ Կես օրին մոտ էր, երբ փոքր ինչ հանգստացել էի ճանապարհորդության հոգնությունից, շրջեցի գյուղի անմիջական շուրջը գտնվող վայրերը, ուր կգտնվեին քրիստոնեական հնագույն շրջանի մնացորդներ։ Գյուղի արևելյան կողմը մի բարձրադիր տեղում, գյուղացիք շինել են մի եկեղեցի երկարավուն ձևով, հասարակ պատերով և փայտաշեն ծածկով։

Ինչպես երևում է, այս եկեղեցին շինել են շատ վաղ ժամանակ միևնույն տեղի վրա գոյություն, ունեցող մի եկեղեցիի տեղ, որուն մի քանի բնորոշ հետքերը միայն մնացել են։ Եկեղեցիի արևելյան կողմը կա մի ընդարձակ հին գերեզմանատուն, որուն մեջ բացի հնագույն ձևի տապանաքարերից, մեռելների շատերին վրա իբրև տապանաքար դրված են հնագույն մի բազիլիկ եկեղեցիի շենքի բեկորներ։ Մի գերեզմանի վրա դրված է մի սյունի բեկոր, մի ուրիշի վրա՝ մի լայն ներքին որմասյան խոյակ վրան 5-րդ դարու ոճով քանդակված հավասարաթև խաչեր բոլորակ շրջանակի մեջ առնված, մի քանի տեղ նույնպես ներքին որմասյան մեծ խոյակներ, որոնց ոմանց վրա քանդակված են ձիթենիի տերևներ, ոմանց վրա արջմագիլներ 7-րդ դարու ոճով, կան նաև առանց քանդակի բազմաթիվ սրբատաշ քարեր, որոնք վաղեմի կանգուն մի մեծ շինության գոյությունը կապացուցանեն։ Այս բեկորներու հետ միասին ընդարձակ հին գերեզմանատունը ցույց կուտա, որ շատ հին ժամանակ խիտ բնակչությունով, եթե ոչ քաղաքի գեթ մի մեծ բնակավայր էր։ Նորաշեն եկեղեցիին մտից դռան կողքը, իբրև բարավոր, կանգնեցրել են 7-րդ դարու հատուկ քառակուսի մի կոթող, որուն երեսներին վրա քանդակված են բարձրաքանդակ պատկերներ։ Սակայն, նկատելի է մի բան, որ այս շրջանում գրեթե չի տեսնվում 11-րդ և 12-րդ կամ ավելի ուշ ժամանակի հուշարձանների մնացորդներ կամ բեկորներ, բացի մի խաչքարից, որուն մասին կգրեմ իր տեղում։

Բարձրանալով հետզհետե դեպի հարավ, նախապատմական մեծ քաղաքի սահմանին վրա, գյուղացիների ձեռքով շինված է մի փոքր մատուռանման շենք, որի անունը դրել են Թուխ Մանուկ, ինչպես բոլոր հայաբնակ գյուղերում, ուր շինված են այդպիսի փոքր մատուռներ, գրեթե առանց բացառության, Թուխ Մանուկ անունն ունին։ Շատ եմ հետաքրքրվել հասկանալու համար թե ի՞նչ է նշանակում Թուխ Մանուկ և ո՞վ է այս