Jump to content

Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թուխ Մանուկը, ոչ ոք չէ կարողացած ինձ բավարարումթյուն տալ, ինչպես երևում է կա մի ավանդական նշանակություն, գուցե հեթանոսական շրջանից մնացած մի պաշտամունքի առարկա ոգի կամ սրբություն, որ անցնելով քրիստոնեության, սրբագործվել է և շարունակել պաշտամունքը, ինչպես կան ուրիշ հեթանոսական պաշտամունքներ մինչև այսօր առանց լիովին գիտնալու անոնց ծագումը և շանակությունը։ Այս Թուխ Մանուկի մատուռին մեջ դրված են մի 7-րդ դարու քառակուսի կոթող և մի խաչքար։ Քառակուսի կոթողին չորս կողմը քանդակված են զանազան բարձրաքանդակ պատկերներ բավականին ճարտար և գեղեցիկ, սակայն տգետ գյուղացիք վրան վառած մոմեր կպցնելով, ձեթի ճրագներ առջևը վառելով այնպես մրոտեր և ապականել են, որ նույնիսկ գուցե մաքրելը եթե ոչ անկարելի, գոնե շատ դժվար լինի առանց գեղեցիկ քանդակագործության վնասելու։ Իսկ գալով կոթողի մոտ կանգնեցրած խաչքարին, այնպիսի սովորականից տարբեր և ուշագրավ քանդակ ունի, որուն ոճը և քանդակագործական ճարտարությունը չէ կարելի համեմատել խաչքարեր կանգնելը սովորություն եղած դարարջանների խաչքարերուն։ Բազմաթիվ ապացույցներով գիտենք, որ մեծ ու փոքր քարե տախտակների վրա գեղազարդ խաչքարեր քանդակելով և խորանարդ պատվանդանի վրա կանգնեցնելու սովորությունը 10-րդ դարից այն կողմ չանցներ, և առհասարակ այն բոլոր խաչքարերը, որոնք 10-րդ դարից մինչև 15-րդ դար կանգնված են, մի ընդհանուր հատկանիշ ունին, հորիզոնական թևերը ավելի կարճ քան թևերից վերև եղած մասը, իսկ թևերից ցած եղած մասը, թևերի վերև եղած մասի մինչև մեկ և կեսը կամ երկու անդամից քիչ պակաս։ Ներքևները ունին Ահուրամազդայի թևերի նման թևեր, որոնք փոխանակ հորիզոնաձև ձգվելու, ծռվելով բարձրանում են դեպի վերև։ Խաչքարերի այս նշանը 10-րդ, 11-րդ և 12-րդ դարերին քանդակվելու այնպիսի մի ձև ունի, որ մարդ անկարելի է, որ համանմանություն չտեսնի հին ասորական և սասանական խորհրդանշանների ձևին։ Սկսած 12-րդ դարու կեսից այս թևերի ավանդական քանդակագործության ձևերը թեև փոխված են, սակայն ուրվագիծը միշտ պահված է բոլորովին ճոխ քանդակներով զարդարված, առանց փետրազարդ թևեր լինելը բնորոշելու։ Ղըրխ Դակիրմանի խաչքարը բոլորովին տարբեր է մի քանի դար հայոց մեջ սովորություն և նույնիսկ անհրաժեշտ պահանջ եղող ձևերից և համաչափություններից։ Քանդակագործության ոճը հին է, ներքևի թևերը չունի, քանդակված է միայն շրջանակը և ինքը խաչը՝ միայն գեղեցիկ վարդաձևերով խառն քանդակներով։ Խաչի բոլոր թևերը ունին խիստ ներդաշնակ մի նրբություն։ Վերջապես ես չկարողացա որոշել սույն եզակի խաչքարի քանդակման ժամանակը։

Թուխ Մանուկի հարավ արևելքից քիչ բարձրանալով դեպի սարը, սկսվում են անհիշատակ ժամանակի բնակությանց հիմքեր՝ մեծամեծ որձաքարերով առանց շաղախի դրված, այս տեղից մինչև բերդի ստորոտը, որուն վրա շինված է նախնադարյան մեծ ամրոցը, մոտավորապես մեկ կիլոմետր հեռավորություն ունի։ Բարձրանալու ճանապարհի աջ կողմը, մինչև բերդակիր սարի ստորոտը, կմնան դեռ նախնադարյան շրջանի բնակարանների որոշ հիմքերը, իսկ ձախ կողմը՝ ժրաջան և չարքաշ գյուղացիք հետզհետե մաքրում են քարերից և վերածում արտերի, այնպես որ հազիվ թե մի քանի տեղ նշմարելի են բնակությանց հիմքեր այս կողմերի վրա։ Սակայն այս կողմին վրա կա մի ուրիշ հետաքրքրական մնացորդ, որը արժանի է ուշադրության։ Ճանապարհին ձախ կողմը կա մի հեղեղատ կամ ձորանման մի տեղ, ուր անվիճելի է մի ժամանակ մեծ քանակությամբ ջրի հոսանքը։ Այժմ այդ ջուրը չկա, շատ վերևից այդ հեղեղատից հոսող ջուրն իր ճանապարհը փոխելով անցնում է աջ կողմից և գյուղի միջից։ Ավանդաբար գիտեն գյուղացիք, որ բերդի ճանապարհի ձախ կողմի հեղեղատը երբ ջրառատ էր, այնտեղ կային բազմաթիվ ջրաղացներ և ցույց են տալիս այն տեղերը, ուր զետեղված էին մեծ քարե նավերը, որոնք վերջերս ծառայել են գյուղացիների կարիքներին։ Ըստ գյուղացի բանիմաց ծերերի, այս գյուղը Ղըրխ Դակիբման (քառասուն ջրաղաց) անունը ստացել է այդ հեղեղատի վրա գտնված բազմաթիվ ջրաղացների պատճառով։ Ես հետաքրքրվեցի այս վտակի աղբյուրով, ուզեցի մինչև ակունք բարձրանալ և տեսնել տեղնուտեղը, թեև մոտ էր, որովհետև Արագածի գագաթի հյուսիս արևմտյան բարձունքի ներքևից էր դուրս գալիս, սակայն Ղափըլիում ստացած հիվանդությունս հետզհետե ծանրանալով ծունկերս կթոտում էին, այնուամենայնիվ բավականին բարձրացա դեպի վերև ջրաղացների հեղեղատի ուղղությամբ, նաև տեսա այն ճյուղավորումները, որոնց մեկը գալիս է այս գյուղի մեջ շինված հնագույն ժամանակի արվեստական լճերը լցնելու, և մյուսը գնում էր անհայտ ուղղությամբ և հավանորեն ըստ իմ կարծյաց դեպի Հաճի Խալիլ, որու մասին պիտի խոսիմ իր կարգին։

Հսկայական սարի գլխին շինված մեծ ամրոցը մարդկային արտակարգ ուժի և չարատանջ աշխատության մեջ ունեցած տոկունության մի պերճախոս ապացույց է։ Այն բերդակիր մեծ սարը արևելքից, հյուսիսից և հարավից շրջապատված է եղեր չորս կարգ կիկլոպյան քարերով, անշաղախ շինված պարիսպներով. հյուսիս արևելյան սարալանջերուն վրա նույնիսկ մի հինգերորդ պարիսպի հետքերը կան ստորոտի մոտ։ Արևմտյան կողմը կգտնվի խոր ձորը, որտեղից կհոսի այժմ վտակը և սարալանջը այնքան թեք է, որ չի կարելի չզարմանալ թե այդ թեքության վրա ի՞նչպես կարողացան շինել գրեթե չորս կարգ պարիսպ։ Հարավային և մասամբ արևելյան կողմը տակավին մոտավորապես երկու մետր բարձրությամբ պատերը կանգուն կմնան։ Այս պարիսպի պատերը շատ մոտ են միմյանց և հավանորեն բավականին բարձր են եղած քան մյուսները, որովհետև բերդին միակ մատչելի կողմն էր այս մասը։ Այս երեք ամրակառույց պարիսպներն արտաքին երկուքին դոները քանդված են, որով չափելը անհնար է, սակայն ներքին պարիսպին դռան բացվածքը չորս և կես մետր լայնություն ունի, և դռան երկու կողմը պարիսպը 2,80 մ. լայնություն կամ թանձրություն ունի։ Այս ներքին պարիսպի դռնից ներս մտնելով