Այս գերեզմանատան մեջ պաշտամունքի առարկա է դարձել 7-րդ դարու մի քառակուսի կոթողի պատվանդան. այս պատվանդանի վրա խիստ նախնական ձևով քանդակված է մի առյուծ, որը բռնում է պատվանդանին երեք կողմը։ Առյուծ փորագրված պատվանդաններից կան այլ օրինակներ, մեկը Հառիճի վանքում, մի ուրիշը Խաչաքիլիսա գյուղում։ Ինչպես կերեվի, եղել է մի ժամանակ, որ սովորություն է եղել այս քանդակը։ Հառիճի վանքում եղածի քանդակները շատ պարզ են և ներկայացնում է Դանիել մարգարեն առյուծների գուբին մեջ, առյուծները լիզում են Դանիելի ոտները։ Այս գյուղից դեպի Մելիք Քենդ գնալու ճանապարհին ևս կա մի անտաշ կոպիտ քար, որը նույնպես եզտիների պաշտամունքի առարկա է եղած. քարին անվանում են Կեվրե Նեվե. իսկ ինչ ավանդության հիման վրա այդ քարին պաշտում են, ոչ ոք չկարողացավ բացատրել ինձ։
Այսօր առավոտյան ուղևորվեցի Միրաք եզտիաբնակ գյուղը, որը ճանապարհիս վրա էր Ապարանով Վաղարշապատ դառնալու համար։ Դեռ գյուղը չմտած կան քարքարուտ բլուրների մի շղթա շրջապատված հյուսիսային և արևելյան կողմերի վրա, այս քարքարուտների մեջ կան որձաքարով առանց շաղախի շինված պատեր, որոնք հատուկ են նախաքրիստոնեական հին դարերին։
Գյուղ իջնելու զառիվայրին վրա կա մի փոքր հնագույն եկեղեցիի ավերակ, որուն արևելյան խորանի մի մասը կա և քիչ բարձրությամբ կողմնակի պատերը։ Մեջը թափված ճարտարապետական բեկորները ցույց են տալիս, որ այս եկեղեցին կանգնված է 5-6-րդ դարերում։ Քանդակված հավասարաթև խաչերի քանդակներ կան, որոնք միայն 6-րդ դարու հատուկ են, իսկ պճղակավոր և ատամնաշարերով պսակի բեկորներ կան, որոնք հատուկ են 6-րդ դարուն կամ առ առավելն 6-րդ դարու վերջերին միայն։ Այս գյուղում այլևս նշանակելի ոչինչ չգտա և ճանապարհս շարունակեցի մինչև Վաղարշապատի մոտ Հաճի Ղարա գյուղը։
Այսօր (սեպտեմբեր 21) ամբողջ օրը ճանապարհորդությամբ անցուցի, իսկ հետևյալ օրերը (սեպտեմբեր 22 և 23) անցրի այս գյուղում, որովհետև այս շրջանում շատ կան հետաքրքրական նյութեր ուսումնասիրելու։
Նախապես գնացի գյուղի արևելյան կողմում գտնված կիսավեր եկեղեցին, որուն արևելյան կողմը մինչև գմբեթի թմբուկի պսակը դեռ կանգուն է։ (Վերջերս այս գմբեթը ամբողջովին ընկել է)։ Հատակագիծը չափագրեցի, որչափ որ գոյություն ուներ, սա շատ նման է հատակագծով Էջմիածնի մոտի Հռիփսիմեի վանքին, ամենայն հավանականությամբ այս ևս 7-րդ դարու շինության է։ Մեսրոպ եպիսկոպոս Սմբատյանը Թարգմանչաց վանք անունը կուտա եղեր այս ավերակին, բայց ինչ ապացույցների վրա հիմնված, ինձ հայտնի չէ։
Եկեղեցու ավերակի քննությունը վերջացնելուց հետո, անցա գյուղի հյուսիսային կողմը գտնված սարի ետևը, որուն գագաթին և լանջերին վրա, մինչև Քասախ գետի ափը նախապատմական խիտ հնություններ և գերեզմաններ են։
Աղավնատան մոտ Օյուղ անվանված նախնադարյան աշտարակի, Օշականի ճանապարհի վրա գտնված Արդար Դավիթ անուն նախնադարյան աշտարակի նման երկու աշտարակի մնացորդներ կան այս ավերակների և կրոմլեխների մեջ։ Կան անհասկանալի պատերի մնացորդներ՝ անշաղախ որձաքարերով շինված։
Բազմաթիվ կրոմլեխներն այստեղ երեք տեսակ են, որոնց երկու տեսակը անջատված են մի պատով և պատի արևելյան կողմը կգտնվին։ Այս պատը ձգված է գետեզերքից դեպի հարավ, իր մեջ առնելով աշտարակների մնացորդ փլատակները։
1-ին տեսակ կրոմլեխները անտաշ կոպիտ քարերով շրջապատված են բոլորակ ձևով։ Բոլորակ շրջանակներին մեջ լեցված են համեմատաբար փոքր անտաշ քարերով և այնքան են բարձրացած այս լիցքերը, որ ձևացեր են բուրգեր։ Այս բուրգերի քարերն են, որ մոտակա գյուղացիք տանում էին իրենց շենքերի համար, որով կորչում է գերեզմանի նախնական ձևը։
2-րդ տեսակը նույնպես անտաշ կոպիտ քարերով շինված շրջանակներ են, որոնց մեջ փոխանակ քարեր լեցնելով բուրգեր ձևացնելու, հսկայական սալաքարեր են ձգված՝ երբեմն մեկ հատ և երբեմն երկու հատ։
3-րդ տեսակը կգտնվին միջնորմից դեպի արևմուտք, որը շատ ընդարձակ է և կարծեք կապ ունի Աղավնատան և Օյուղի մոտ եղող բազմաթիվ կրոմլեխների հետ և կամ անոր մի մասն է՝ Քասախ գետով անջատված։ Այս կրոմլեխները նույնպես թեև անտաշ քարերով բոլորակ շրջանակված են, սակայն բոլորակի մեջ ո՛չ քարակույտեր կան և ո՛չ ալ սալաքարեր, այլ