Սեպտեմբեր 19-ին մեկնեցի Հաճի Խալիլից դեպի Սենկեր եզտիաբնակ գյուղը, ճանապարհին Հաճի Խալիլի և Սենկերի արանքը հարթ դաշտավայրի վրա մի արոտատեղի մեջ երևում է մի գծի վրա շարված տասը հատ կրոմլեխներ, որոնց քարերը թեև տարված են մեծ մասամբ, սակայն դիրքերն ու ձևերը տակավին որոշ են։ Եթե այսպես, առանց հսկողության թողվի, ինչպես եղել է մինչև այժմ, ամբողջովին պիտի անհայտանան մաշվելով գյուղացու գութանի տակ Հաճի Խալիլ գյուղին այս կրոմլեխների մոտ լինելեն կարելի է հետևցնել, որ այս գերեզմանները կպատկանին այնտեղի նախապատմական քաղաքին։ Ուղեկիցներիս տված տեղեկություններին նայելով, այս տեղերում միշտ գտնվում են նախապատմական շրջանի իրեղեններ՝ մասնավորապես գերեզմանների հատուկ, ինչպես ուլունքներ, կճուճներ, բրոնզյա ապարանջաններ։
Սենկեր գյուղի մեջ կարևոր հնագիտական հետքեր չկան, ուստի առանց երկար կանգ առնելու, ճանապարհս շարունակեցի դեպի Ղունդախսազ։ Այս ճանապարհին, մինչև Ղունդախսազ գյուղը հասնելը աջ կողմի վրա մշակված արտեր են, իսկ ձախ կողմի վրա անվերջ քարքարուտ բլուրներ են և կարծեք շարունակությունն են Հաճի Խալիլի բլուրների շղթային և անոր ստորին փեշերի բլուրներն են։ Բլուրների արանքում, Քոր Բուչաղի սահմանին մեջ, կան երեք հատ անսովոր մեծությամբ կրոմլեխներ, որոնք գրեթե շատ քիչ չափով ավերման ենթարկվեր են։ Այս կրոմլեխները հետևյալ չափերն ունին՝
1. Կրոմլեխ, 9,6O մետր տրամագիծ. անտաշ քարերով կազմված, շրջանակի մեջ ձգված են չորս հսկայական անտաշ որձաքարեր, որոնց մեկուն երկարությունն է 2,00 մ․, իսկ լայնությունը 80 սմ․, թանձրությունը 60—65 սմ։
2. Կրոմլեխ, տրամագիծը՝ 7,20 մ․, մեջը ձգված անտաշ քարի մեկուն երկարությունն է 2,00 մ., լայնությունը 1,00 և հաստությունը 70 սմ.։ Մյուս քարին երկարությունը 1,95 մ․, լայնությունը՝ 40 սմ․, և հաստությունը՝ 70 սմ.։ Մյուսներն ևս համեմատաբար նույն չափերին են։ Ըստ գյուղացի եզտիների, այս կրոմլեխների ներքևը դատարկություն կա, որուն մեջ իրենք որպես թե մի ժամանալ մտնում ելնում էին։ Այս կրոմլեխներից քիչ հեռու, մի արտի մեջ, որ պատկանում է Հըսսո Բուտկ անունով մեկին, կան երեք մեծ կրոմլեխներ՝ գրեթե նախորդ նկարագրածի չափերով, սակայն այս վերջիններին մոտակա կորուստը հավանական է, որովհետև արտի տերը շարունակ մաքրում է արտի քարերը մշակման դյուրության համար։
Այս կրոմլեխները գրեթե շրջապատված են քարքարուտ սարերով, որոնց մեջ տեղ տեղ երևում են մարդկային ձեռագործ աշխատանքի մնացորդներ։ Այս բլուրներեն դուրս գալով ճանապարհի եզերքը, դաշտային մասի վրա դարձյալ խտացած երևում են մեծամեծ չափերի հասնող տրամագծով կրոմլեխներ։ Ասոնց մեջ կան մինչև 10,50 մետր տրամագծով կրոմլեխներ. նույնպես մեջը ձգված միակտուր քարերը, թերևս իբրև տապանաքար, նույնպես անսովոր մեծություն ունին։ Մինչև Ղունդախսազ գյուղ հասնելը, արտերի մեջ միշտ կտեսնվին այս գերեզմանները ցրված, որոնք հետզհետե կորչելու վրա են։
Ղունդախսաա: Ղունդախսազ գյուղը գտնվում է քարքարուտ մի երկարավուն սարի հարավային ստորոտում, որուն վրա տեղ տեղ երևում են հնագույն մարդկային ձեռագործ աշխատանքի հետքեր։ Ինչպես երևում է, գյուղատեղը ևս հնագույն մի բնակավայր է եղած, որուն վրա շինել են նոր մարդիկ այս նոր գյուղը, այդ հին ժամանակից գյուղին մեջ տակավին գոյություն ունի ուրարտական շրջանի պատի կտոր, որուն վիթխարի քարերը հնար չէ եղել տեղափոխել և թողել են նախկին վիճակին մեջ։
Գյուղի հյուսիսային արևելյան ծայրում մոխրագույն տաշածո քարերով մի մատուռ կա, որը թեև ո՛չ թվական ունի և ո՛չ արձանագրություն, սակայն համեմայն դեպս, իր շինվածակերպեն և ճարտարապետական ոճեն հայտնի է, որ 15-րդ դարեն այն կողմ չի կարող լինել անոր շինությունը։ Հարավային կողմի վրա գերեզմաններ կան, որոնց տապանաքարերի ոճը ավելի վաղ քան 15-րդ դար լինելը հավանական է թվում ինձ։ Հարավային տապանաքարերեն մեկուն վրա առանց արձանագրության զարդարված է մանվածո քանդակներով։
Ճարճարիս (ըստ թաքարիա պատմիչի՝ Ճարճակես): Այս գյուղին մեջ այժմ բնակվում են եզտի քուրդեր և սակավաթիվ գաղթական հայեր, գրեթե բոլոր գյուղացիք պատմում են այս գյուղի շրջանում հաճախ գտնված նախաքրիստոնեական գերեզմանների և ուրիշ իրեղենների մասին, սակայն ես ոչինչ չտեսա, բացի մի քանի մեծ կարասներից մի գյուղացու տան մեջ, որոնք վերջերս հանված էին հողի տակից, սակայն այդ կարասները ինձ չերևացին այնքան խոր հնություն ունեցող, առ առավելն 200 տարվան կարասներ պիտի լինեին։
Այս գյուղում առայժմ ամենակարևոր հնությունն է 5-րդ դարու մի եկեղեցիի ավերակ, որու հյուսիսային և արևելյան պատերը կանգուն են։ Խորանի կամար աղեղները և որմասյանց աղեղները շեշտված պայտաձև են դարաշրջանի ոճին հատուկ, շենքը շինված է գորշագույն հրաբխային սրբատաշ քարերով։
Գյուղի արևելյան կողմը երկուք ու կես կիլոմետր հեռավորության վրա, հրաբխային քարքարուտ սարերի ստորոտին, մի հեղեղատային տեղի վրա, կան նախնադարյան կրոմլեխներ, որոնք թե հեղեղատների և թե երկրագործական աշխատանքների պատճառով թեև քայքայվելու և անհայտանալու վիճակի մեջ են, այնուամենայնիվ տակավին ուշ չէ այդ կրոմլեխներից օգտվելու համար, եթե թեթև պեղումներ կատարվին և պարունակած իրնղենները հավաքվին ու պահվին հնագիտական թանգարանների մեջ։
Ղուրի Բողազ: Այս գյուղում ևս հնագիտական ամեն մի հետք ջնջված է, միայն վաղեմի շինության ապացույց են, որ հնագույն գերեզմանատներ և տապանաքարեր կան գյուղին մոտիկ։ Այդ հին գերեզմանատունն այժմ ևս գերեզմանատուն է գյուղաբնակ եզտիներին։