Jump to content

Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Ա
ԱՆԻԻ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ


ՆԱՄԱԿՆԵՐ ԱՆԻԻՑ
1905 թ. հունիսի 16-ին

Կանոնավոր կերպով առաջ կերթան պրոֆեսոր Մառի պեղումները։ Շատ բան պարզված է։ Զվարթնոցի նմանությամբ, Գագիկի շինած եկեղեցին ըլլալուն մասին ոչ մի կասկած չմնաց։ Կիսով չափ դուրս եկավ արտաքին բոլորակ պատը ներսեն և դուրսեն սյունազարդ, սյուները կկրեն քանդակազարդ կամարներ, բայց ոչ Զվարթնոցի նման նուռ և խաղողի քանդակներով, այլ անեցվոց իրենց սիրած ոճով, մանվածո քանդակներով զարդարված են կամարները։ Ներսի խաչաձևի մեծ սյուները խոյակներով սկսեցին երևալ բոլորովին անաղարտ մնացած, ընդհանուր գծերն այս խոյակներուն նույնպես բոլորովին նման են Զվարթնոցի խոյակներուն, միայն քանդակներու թեթև տարբերություններ կան․ չորս մետրեն ավելի կանգուն, թե՛ դուրսի պատերը և թե՛ ներսի սյուները։ Առայժմ շատ բան մնացած կերևի և հուսալի է, որ դյուրությամբ կարելի ըլլա վերակազմել։

Պ. Մառ անհամբեր կսպասե արձանագրություններ դուրս գալուն, որ մինչև այսօր դեռ չեն երևացեր, սակայն հուսալի չէ, որ դուրս գան կարևոր արձանագրություններ, քանի որ բավական բարձր պատեր թե՛ կանգուն կան և թե՛ պատերի խոշոր կտորներ պառկած են հողին վրա։

Պ. Մառ վերին աստիճան ուրախ է և գոհ այս կողմերը գտնված հեթանոսական հնություններու մասին, զորս շատ մեծ գյուտ և նորություն կհամարի պատմության համար։ Պարիսպեն դուրս թուրքի դյուզին մեջ, թուրքերը սկսեր են բանալ շատ մը գերեզմաններ, և մեջեն դուրս բերել են զանազան հեթանոսական առարկաներ, խեցեղեններ, ապարանջաններ, ոսկեղեն զարդերու բեկորներ։ Պ. Մառ գնեց Անիի թանգարանի համար։ Պ․ Մառ բոլորը անձամբ այցելեց այդ գերեզմաններու տեղը, և մտադիր է այս տարի հարմար առթիվ բանալ այդ գերեզմաններն ալ։

Ամսույս 12-ին, կիրակի օրը, պ. Մառ, Անիի կաթուղիկե Մայր եկեղեցվո մեջ հոգեհանգիստ կատարել տվավ հանգուցյալ Եզյանի հիշատակին։ Ներկա էին բավական բազմություն գյուղացիներեն, շատ զարմանալի է, որ այս տարի տակավին մինչև այսօր քաղաքներե եկող ոչ մի այցելուի երես չտեսանք։ Հոգեհանգստի արարողությունեն հետո պ. Մառ քահանաներն և դպրաց դասը վարձատրելեն զատ, կարևոր գումար մ’ ալ բաժանեց աղքատներուն։