Jump to content

Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քաղաքացի այցելուներու փոխարեն այս տարի ուինք տարբեր տեսակ այցելուներու մեծ բազմություն մը, շրջակա բոլոր գյուղացիներեն ամեն ազգե խառն։ Ասոնք հիվանդներ են, որ կուգան տիկին Մառին մոտ, որ կատարյալ անձնվիրությամբ կհոգա անոնց ամեն բժշկական կարիքները, դեղ ու դարման կբաժանե անխնա, իսկ ինչ որ իր կարողութենեն վեր է, նախնական դարմաններեն հետո խորհուրդ կուտա բժշկի դիմել։ Բավականին գոհ մնացած են հիվանդները, և այդ պատճառով ալ գրեթե սկսեր են ամեն կողմե շարան շարան գալ և վայրկյան մը հանգիստ չեն տար տիկին Մառին։ Իսկ նա անտրտունջ կտանի ամեն անհանգստություն։

«Մշակ», 1905 թ․, հունիս 18
Հունիսի 24-ին

Օրըստօրե հետաքրքրական դառնալ սկսեր են պեղումները։ Այս շաբթու ալ ունեցանք կարևոր նորություններ։ Արտաքին կամարներե զարդաքանդակ պատուհաններե և մեծ խոյակներե զատ բացվեցան եկեղեցիին հարավային և արևմտյան դռները։ Արևմտյան դուռն այժմեն փոխարինեց ըլլալիք բոլոր ապագա զոհողությունները այս պեղման համար, դուռ մը, որուն նմանը մինչև այսօր չէ տեսնված ուրիշ հնություններու մեջ։


Շատ քիչ կբացատրեն Աստղիկի «տարփատենչ տեսողաց» կամ «սքանչատես տեսլեամբ» տողերը։ Մարդ ակամա կապշի, տեսնելով բիրտ ապառաժին մարդկային ձեռքի տակ այսչափ կենդանություն ստանալը։ Կարծես բնությունն ինքնին ստեղծեր է այն զմայլելի ներդաշնակությամբ իրարու խառնված նրբին քանդակները, որոնցմով զարդարված էին դռան ճակատը, քարի վրա քանդակ ըսելեն ավելի, կարելի է ասեղնագործություն անվանել. այնպիսի բարակ, մանր գրեր կան ոլորված, հյուսված, որոնք մեկ նայվածքով անկարելի է տեսնել։

Ի տես այս չքնաղ բեկորներուն մեկ կողմանե կուրախանար հարգելի գիտնական պ. Մառ, որ վերջապես ազատվեց ան հողին տակեն այս արվեստի գեղանի նմուշները, սակայն մյուս կողմանե կտխրեր, այժմեն գուշակելով անոնց ապագա ճակատագիրը, անխնամ փչանալ ժամանակի ընթացքին մեջ, ինչպես որ փչացեր են ասոնց նման շատ բաներ։ Ցավելով ըսավ, որ եթե ուրիշ ազգեր ու սեփականություն ըլլաին այս հազվագյուտ գանձերը, անոնք բյուրեղյա ծածկույթի տակ կպահեին։ Շատ խորհեցավ, որ եթե հնար է վերստին կանգնել տա տեղին վրա, նորոգել տալով փչացած մասերը, սակայն ի նկատի ունենալով ատոր պատճառելիք մեծամեծ ծախքերը և երկար ժամանակի կորուստը, ետ կեցավ այդ խորհուրդեն առայժմ։ Արդեն եկեղեցիին պեղման գործն ըստ ինքյան այնչափ մեծ է, որ հազիվ թե մինչև իր մեկնելու ժամանակ կարողանա ամբողջացնել, հետևաբար նյութական միջոցների զատ ժամանակի անհարմարություն ալ կա։