Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պ․ Մառ չարաչար զբաղված է իր գործով, ո՛չ միայն գիտնականի լուրջ դերը կկատարե գործին գլուխը, այլ նաև, հսկողի, գործավորապետի և շատ անգամ գործավորի ալ գործ կկատարե։ Առավոտ կանուխ դուրս կուգա բնակարանեն և կերթա գործին գլուխը արհամարհելով օրվան մերթ անձրևն ու քամին, մերթ շոգն ու փոշին, իսկ վերադարձին անկարելի է զանազանել զինքն իր հողաթաթախ կերպարանքով, այնտեղ աշխատող բանվորներեն։ Բայց նա դարձին ուրախ ու զվարթ է, և մոռացած բոլոր կրած նեղությունները, կըլլած փոշիները, երբ ձեռքին մեջ ունի քանի մը կտոր նորագյուտ առարկաներ իր սիրելի Անիի թանգարանը ճոխացնելու համար։ Կիրակի օրն ալ հանգիստ չունի։ Ամբողջ օրը կանցնե թանգարանին մեջ, կնկարագրե, կարձանագրե, գտած առարկաներն իր ձեռքով կմաքրե, և իրենց պատշաճ տեղերը կշարե։ Ասոնց վրա ավելացուցեք երբեմն ալ հետաքրքիր այցելուներու անվերջ հարցումներուն տված երկար պատմական ու գրական բացատրությունները, այն ատեն կարելի է հասկանալ թե պ. Մառը հաց ուտելու ժամանակ երբ կգտնե։

Հարավային դուռը թեև ոչ այնքան ճոխ, ինչպես արևմտյան դուռը, սակայն կարելի է ըսել արևմտյան դռան մանրանկարն է, նույն ձևով նույն քանդակներով գրեթե զարդարված է, դեռ չէ երևացեր հյուսիսային դուռը և կամ մյուս դռները, եթե Զվարթնոցի նման անոնք հինգ հատ էին։

Եկեղեցիի արևմտյան դռան հյուսի-արևմտյան կողմը հազիվ 5—6 մետր հեռու եկեղեցիի պատեն դիպվածով դուրս եկավ, քարեղեն վեցթևյա աստղաձև մոդայիկներով զարդարված դուռ մը. թեև ամբողջ ճակատն ընկած ու ջախջախված էր, սակայն բարեբախտաբար շատ քիչ վնասված էին այդ նրբաքանդակ աստղերը և անոնց լրացուցիչ տարրանկյունի փոքրիկ մասերը։ Մեծ քանակությամբ հավաքել տվավ պ. Մառ այս բեկորներեն և փոխադրել տվավ անմիջապես թանգարան, վախնալով, որ մի գուցե անչափ երկար ժամանակ հողին տակ անարատ մնալեն հետո զոհ չերթան հետաքրքիր անցուդարձ ընողներու վայրենի քմահաճույքին։

Տակավին արձանագրություն չգտնվեցավ, սակայն այս դռան ճակատը գարդարող վեցթևյա աստղերեն մեկնուն յուրաքանչյուր ծայրերուն վրա, քանդակներու մեջ, բարձրաքանդակ գրված էին մեյմեկ գիր, որ կկարդացվեին Սարգիս անունը։ Դռան արվեստին համեմտաբար եկեղեցին նոր ըլլալեն, պ. Մառ կհետևցնե, թե սա գուցե լինի Անիի առաջնորդ Սարգիս եպիսպոկոսի անունը, ինչպես նաև շենքին եկեղեցիի շատ մոտ ըլլալեն կհետևցնե անոր առաջնորդարան մը ըլլալը։

Տարօրինակ երևույթ մը ալ բացվեցավ դռներուն առջևները. Զվարթնոցի նման չորս մեծ մայր-սյուներեն զատ, ուղիղ դռներուն դիմաց երևան եկան նմանապես նույն մեծությամբ հաստահեղույս մայր սյուներու մնացորդներ, որոնք ոչ միայն անսպասելի էին, այլ նաև ակամա մտածել կուտան, թե ինչու ուղղակի դռան դիմաց հազիվ տունեն մեկ մետր ներս հաստատված են։ Թեև այժմեն չէ կարելի ոչինչ վճռել, մոտ ժամանակի մեջ պիտի պարզվի, սակայն այժմեն կարելի է ենթադրել, որ այս եկեղեցու շինող ճարտարապետը կամ չունեցավ