Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ կհաղորդակցի նեղ խողովականման անցքում մը անոր հետ: Ըստ երևույթին այս հորերը շինված էին այն ժամանակ, երբ ամրոցին մեջ կբնակեին հասարակ դասի մարդիկ, որ թեև ջուրը դրսեն գալով կլցվեր ջրամբարին մեջ, սակայն արդեն ավրված ու փչացած էին ջրաբաշխ խողովակները, ուստի դյուրավ և խնայողական միջոցներով այդ ջուրեն օգտվելու համար, հավանական էր որ շինեցին կողքերուն վրա նույն հորերը և հաղորդակցության մեջ դնելով ջրամբարի հետ բարձրեն, ջուրը կքաշեին հորերուն բերանեն, այս կերպով նաև միանգամայն ազատ կմնար ջրամբարին ջուրը պատահական ապականություններե։

Ինչպես կերևի հարգելի պրոֆեսորը ժամանակին և գլխավորաբար նյութականի սղության պատճառով գեթ այս տարի չպիտի կրնա հետախուզել այս մասն իր բոլոր մանրամասնություններով, թեև ըստինքյան խիստ կարևոր է գիտենալ թե ինչ ճամփաներով կմտներ ջուրը ամրոցին մեջ և ինչ կերպով կբաժանվեր զանազան կողմեր, քանի աղբյուրներ կգտնվեին ամրոցի մեջ և որ կետերու վրա։ Անցյալ շաբթվան պեղումներու մեջ աչքի ընկնող երևույթներեն մեկն ալ ամրոցին արևմտյան դռան բացումն է, որ կգտնվի Ծաղկոցաձորին բոլորովին կից։ Այս դուռը երկու երեք տարի առաջ նկատված էր արդեն, բայց հարգելի պրոֆեսորը հարմար առիթի կսպասեր բանալու համար։ Այս մասն ալ սպասվածեն ավելի արդյունք տվավ, ո՛չ միայն բարավորներով խարիսխները, ինչպես կկարծվեր, այլև բարավորներն իսկ կիսով չափ կանգուն են տեղին վրա. բարավորներուն վրա քանդակված են լայն ժապավեններ տեղ տեղ ոլորվելով և անցնելով մեկմեկու մեջև՝ կրկին շարունակված են դեպի վեր, կամարը կամ վերնասյամը ընկած է թեև, բայց գտնվեցան քարերու մեջեն բարձրաքանդակ առյուծ մը բավական խոշոր և արաբերեն արձանագրություններ, որոնք զետեղված են եղել դրան վերևը։ Առյուծը թեև մաքուր պահված է, բայց համեմատելով ավագ դռան առյուծին, սա անճաշակ շինված է, արաբերեն արձանագրությունը որ երկու քարի վրա է առայժմ, մեկը բոլորովին փչացած է գրեթե, հազիվ տեղ տեղ նշմարելի են տառերը, մյուս կտորը լավ պահված է և շատ նման Եպուսայիդի Մզկիթի վրա թողած արձանագրության տառերու ոճին։ Պրոֆեսորը դեռ ժամանակ չունեցավ կարդալու, հետևաբար առայժմ անհայտ է թե ինչ ժամանակի կպատկանի և ով է գրողը։

Վերջին կիրակի օրվան Անի գյուղի մեջ կատարված հեթանոսական գերեզմաններու պեղումները բացի շահեկանությունե, ուներ խիստ հետաքրքրական երևույթ, այստեղ պրոֆեսորի աշխատակից-ուսանողներն ալ բահ ու բրիչ ձեոքերնին, ցրված ընդարձակ կալերու մեջ, իրենց հատուկ մշակների խմբով եռանդուն կերպով կաշխատեն կասկածելի տեղերը փորելով, իսկ ինքը հակառակ սաստիկ փչող քամիին և խեղդող փոշիին շարունակ մեկեն մյուս կվազեր ղեկավարելու համար, որ մի գուցե անզգույշ հարվածներ տան իրենց անփորձությունով։ Դժբախտաբար հակառակ ամբողջ օրվան եռանդուն աշխատության պատահեցան չորս գերեզման միայն, որոնք նախապես պրպտված ու թալանված չըլլային։ Բայց դարձյալ մխիթարական էր, որ բոլորովին ապարդյուն չանցավ։

Չորս գերեզմաններեն երկուքը մեծ էին և երկուքը փոքր, մեծերը՝ որոնք ուղղված էին արևելքեն արևմուտք, մոտավորապես ունեին մեկ մետրեն քիչ ավելի երկայնություն և վաթսուն սմ. լայնություն, որոնց առաջինին մեջեն դուրս եկավ բացի տասնևհինգե ավելի աճյունով և այրած ոսկրներով լեցուն զանազան մեծության և ձևերով կավե ամաններե, նաև 50 սմ. երկայնությամբ երկաթե սուր մը բոլորովին ժանգոտած ու փտած, բայց կոթին վրա տակավին նշմարելի էին փայտե ելախակալին մնացորդները։ Երկրորդին մեջեն նույնպես դուրս եկան կավե ամաններ, աճյունով լեցված, թվով պակաս քան նախորդը, և մի երկաթի կտոր, որը դանակի նմանություն ուներ, փոքր գերեզմանները ուղղված էին հյուսիսեն հարավ, կպարուրակեին մի քանի հատ միայն հողե ամաններ։

Պրոֆեսորը գտնված իրեղենները նույն օրը թանգարան փոխադրելեն հետո, հետևյալ օրը գերեզմաններեն մեկուն քարերն ալ փոխադրել տվավ և թանգարանին մեջ հարմար տեղի մը վրա նույն գերեզմանը վերակազմելով, մեջեն գտնվածներն ալ դասավորեց ճիշտ այնպես ինչպես որ եղեր էր իր բուն տեղին վրա, որպեսզի այցելուներով ճշգրիտ գաղափարը ներկայացնե հեթանոսական գերեզմանները։

«Ախուրյան», 1907 թ․, հուլիս 24, № 49․
1908 թիվ

Ճակատագրապես մշտնջենական տխուր ամայության դատապարտված Անին, նախընթաց 3—4 տարիներու նման, այս տարի ալ կրկին գործունյա ու կենդանի շրջանի մը մեջ մտավ, ըստ ամենայնի շեն քաղաքի մը տպավորություն կը թողու մեր փոքրիկ գաղթականության վրա. թեև ֆիզիկական զրկանքներ խիստ շատ կան, սակայն կազմված գիտնական և մասնագիտական ընկերային շրջանի եռանդով գործունեությունը և օր ըստ օրե ակնախտիղ նորություններու հայտնագործությունները մոռացնելով ամեն զրկանք անխառն բերկրությամբ կհամակեն մեր փոքրիկ հասարակությունը։

Հունիսի 3-ին ձեռնարկվեցավ պեղման նախնական գործողությանց 40—50 մշակներով, հետևյալ շաբթուն՝ անոնց թիվը արդեն հարյուրի մոտ էր։ Երկու երեք տարիներե ի վեր բնության աղետներե տառապող հուսահատ գյուղացի մշակները, ուրախ զվարթ աղաղակներով բահ ու բրիչը շալակած կվազեն իրենց նախընթաց տարիներու սիրելի ու հարգելի պրոֆեսորի գործին, այն պրոֆեսորի, որ առատորեն պիտի տար իրենց սփոփանք ու մխիթարություն, ինչ որ չէին ստացած անձրևի կաթիլներեն, պիտի ստանային քրտինքի կաթիլներով։ Բարեսիրտ ու վեհանձն պրոֆեսորի ներկայութենեն ոգևորված, մշակներու ցրված խումբերը երկու երեք շաբաթվան մեջ պատառ պատառ ըրին միջնաբերդ կոչված բլրին ընդարձակածավալ լանջերը, առանց խնայելու անոր ծաղկալից ու կանաչազարդ պատմուճանին, որը գարունը ծածկել էր դարավոր ցավերու ու