Jump to content

Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տառապանքներս աղեկեզ հիշատակաց ցավագին տպավորությունները մեղմելու համար։ Ուրիշ բան կփնտրեին այնտեղ ավելի գեղեցիկ, ավելի վսեմ քան ծաղիկն ու մարգագետինը, ամեն բրչի հարվածի սրտատրոփ կհետևեին մշակներ և անոնց գլխուն վերև սաստիկ քամիին ու փոշիին դեմ անվեհեր կուրծք տվող բարեխիղճ գիտնականը։ Արդյոք ինչ նոր բան դուրս պիտի գար, որ մշակը ձոնելով իր պրոֆեսորին իրական հաճույք պատճառեր անոր, և փոխարեն ստանար զվարթ ու գոհունակ դեմքով տրված նվերը, թեև ամեն մշակի չէ վիճակված գյուտեր ըրած ըլլալու հպարտ բավականությունը, սակայն իրենց պրոֆեսորը շաբաթ երկու անգամ հավասարապես կվարձատրե, բացի նորություններ ներկայացնողներե, նաև բարեխիղճ աշխատողները բացառիկ նվերներով։

Այս տարի ալ անսպասելի կերպով արդյունավետ եղան մեծահարգ գիտնական պ․ Մառի պեղումները, և վերին աստիճանի շահեկան ու հետաքրքրական նորություններով լեցուցին մեր փոքրիկ թանգարանը։

Ամեն բան գրել, ամեն բան նկարագրել գրեթե անհնար է, սրտանց հետաքրքրվողներու համար, անձամբ տեսնելե և իրենց սեփական աչքերով վայելելե զատ, ոչինչ հնար չկա։ Ես հազիվ կարող եմ աղոտ կերպով նկարագրել քանի մը գլխավոր առարկաներ, որոնք ըստ ինքյան նշանավոր գյուտեր կարող են համարվել։

Միջնաբերդի պալատի արևմտյան մուտքի դռան առջև փորվելով, մոտ 4 մետր խորության վրա գտնվեցավ պալատի նախկին հիմքը, որ ամենայն հավանականությամբ Կամսարականներու հիմնարկածն էր, այս հիմքը, որ որձաքարի հսկա կտորներով շինված է, կվերաբերի մի միայն պալատի հյուսիսային բաժնին, որով կարելի է ենթադրել թե, Կամսարականներե հետո, Բագրատունիք ավելցուցեր են, այժմյան պասաժին հարավային կողմը երևցած ընդարձակ մասը։ Այստեղի պեղման միջոցին գտնվեցավ բյուզանդական գոգավոր ոսկե դրամ մը հնագույն տիպի։

Ամրոցի հյուսիս արևմտյան դռան պեղումը վերստին շարունակվեցավ անցյալ տարվան ընդհատված տեղեն, այստեղ ոչ միայն գտնվեցավ հին Կամսարականաց ժամանակի դրամ մնացորդները, այլև անոր ժամանակակից խոշոր որձաքարերով հյուսված ամրոցի պարիսպի շարքը, որ երկնցած է մինչև պալատի արևմտյան ճակատը, որուն կցված կերևին այժմ քառակուսի բուրգեր բոլորովին տարբեր շինվածանյութերով և շինվածքի կերպով, որոնք կզանազանվին մինչև այժմ տեսնվածներեն։ Այս բուրգերու շինությանց կերպը կհիշեցնե Աղջկաբերդի հսկա ժայռը, Ախուրյանի կողմեն շրջապատող պարիսպները, որոնց մնացորդները դեռ այժմ կան իբրև վկա Անիի մեջ տասնևհինգ դար առաջ գոյություն ունեցող քաղաքակրթության։

Պալատի ուղիղ հյուսիսային կողմը միջնաբերդի լանջի միջին բարձրության վրա գտնվեց մի հնագույն շիրիմ, որուն խաչի պատվանդանը շուրջանակի արձանագրված է. թեև թվականը մաշված, բայց թե հիշված անունները և թե փորագրված ոճը կցուցանեն, որ այդ շիրիմը կանգնված է 11-րդ դարեն ոչ ուշ։ Շիրիմը կվերաբերի Ապուղամրի որդի վաղամեռիկ Գայլի և նրա կողակից Մենիկի։ Պ. Մառ զմայլմամբ կդրվատե այս արձանագրության լեզվի գեղարվեստականությունը։ Այս գերեզմանին կից կա մի մատուռի ավերակ ևս։

Անցյալ տարի պալատի հյուսիս արևելյան կողմը բացվեցավ ընդարձակ սրահ մը, որուն պատերը ու առաստաղները զարդարված էին գաճե ձուլված արաբիկ զարդարանքներով, որոնցմե մնացած բեկորները թանգարանի գլխավոր զարդերեն մեկն եղան։ Այս տարի նույն սրահին անմիջապես կից ճակատը դեպի արևելք իջնող սյունազարդ դահլիճի պեղման շարունակությամբ մեր թանգարանը օժտվեցավ ոչ միայն գերազանցորեն գեղարվեստական իրերու ճոխ բազմազանությամբ, այլև մեր առջև պարզվեցան նույն պալատին մեջ ապրողներու արտակարգ հարստության, շռայլության և փափկաճաշակ վայելչասիրության անվիճելի փաստեր։

Այստեղ միայն գաճը չէ որ դահլիճը գեզազարդող արվեստագետին տաղանդն ու ճարտարությունը արտացոլեցնելու միջոց եղած է, այլև գրչի ու դանակի առջև հաճախ ըմբոստանալու տրամադիր վայրի կաղնիներ ու մայրի փայտերն ալ հնազանդվելով գեղարվեստի քմահաճույքներուն, այնպիսի զգլխիչ վայելչությամբ հագվեր են, որոնց արտադրողին առջև այսօրվան մեր քաղաքակրթյալ Եվրոպայի արվեստագետներն ալ, հարգանքով խոնարհվելու կստիպվին։ Մարդ կվարանի պահ մը և պատրանք կկարծե յուր տեսածները, միթե կարելի էր, որ տասը դար առաջ անընդհատ գազանաբարո բարբարոսներու սրածության և թալաններու ենթարկված Շիրակի դժբախտ փոքրիկ ժողովուրդը, այսպիսի հրաշալիքներ ստեղծելու չափ զարգանալու վրա կարենար մտածել։ Բայց փաստերն անհերքելի են, կատարյալ հերոս ժողովուրդի մը թողած հիշատակներուն առջև կգտնվինք։ Ժողովուրդ մը, որ ոչ միայն արյան գնով արտաքին բազմատեսակ թշնամիներու դեմ իր գոյությունը պահպանելու ջանալեն զատ, ներքին խավարի և տգիտության դեմ ալ դյուցազնաբար կռվել, և դյուցազնաբար ալ մեռեր է իր ուժերեն գերիվեր անհավասար կռվի մեջ։ Այս տխուր իրողությանց առջև, անկարելի է ակամա չմտածել, թե արդյոք մենք այս անզուգական ժողովրդի հարազատ սերունդներն ենք, և միթե մենք անոնց գործերով պարծենալու իրավունք ունինք առանց մերն ալ անոնց քով դնելու։

Խոսքերը բավական չեն այդ բարոյապես հսկա ժողովուրդի արտադրությունները ներբողելու համար։ Մտնենք պահ մը թանգարան և մանրազնին աչքով դիտենք այն առարկաները, որոնք դուրս եկած են միմիայն սյունազարդ դահլիճի փլատակներուն տակեն, այրած, փտած, ժանգոտած և բոլորովին փչանալու մոտեցած վիճակի մը մեջ։

Ապակե դարաններուն մեկուն մեջ, խնամքով դասավորված են այն բազմաթիվ ծեփի կտորները, որոնց վրա վառ գույներով նկարված են ծառեր, ծաղիկներ, թռչուններ և ճարտար գծերով մարդկանց պատկերներ։ Անոնց մեջ կա 5-6 սմ. մեծությամբ մարդու մը դեմք, թեև հազիվ գծերն են մնացած, բայց այնպիսի արտահայտիչ, որուն տիրական գոռոզ նայվածքի առջև մարդ աչքերը ակամա կխոնարհեցնե։ Ուրիշ կտորի մը վրա կտեսնվի մարդու մը բազուկը, որուն վրա կա իշխանական բազկակապ, ուստի կարելի է հետևցնել, թե այդ