Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


շինությանց տաճարին անմիջապես մոտը գտնվելուն պատճառով («Ազգագրական հանդես», 1907 թ., գիրք 16, երես 152, հատակագիծ կաթողիկոսական տան)։

Ինչու համար եկեղեցիին այդ շուրջ բոլոր աստիճաններուն կեդրոնին վրա չէ ձեր բուն եկեղեցիի հատակագիծը, այլ եկեղեցիի և շուրջ բոլոր աստիճաններուն միջոցը՝ արևելյան կողմեն լայն է և արևմտյան կողմեն նեղ, մինչդեռ իրականության մեջ կեդրոնին վրա է եկեղեցին։

Որպեսզի ձեր ըրածին նման իմ քննադատությունս ալ խծբծանքի արժեքը չստանա, ես կթողում շատ մը ուրիշ մանր մունր իրականին համապատասխան գծեր և անձկանոք կսպասեմ ծեր նախաձեռնությամբ կազմվելիք մասնագիտական ժողովի մը, որուն առջև պատրաստ եմ ապացուցանելու իմ աշխատությանը ճշտությունը, բարեխղճությունը և ձեր հատակագծի մեջ եղած բազմաթիվ մանրամասնությանց սխալները:

Արդյոք որչափ արդար է ձեր բողոքը, կենսագրականիս միջոցով պրոֆ. Մառի ձեզ ուղղած մեղադրանքին համար, որուն դեմ պաշտպանվիլ փորձելով Էջմիածնի ամբողջ միաբանութենեն օգնություն կաղաղակեք:

Պրոֆ. Մառի մեղադրանքն իմ արդար բողոքիս արձագանքն է, որ շատ անախորժ հնչեր է ձեր ականջին։ Այդ բողոքը բխած է այն երբեմնի ստորացուցիչ արհամարհանքեն, որուն դառնությունը երկար ատեն ճաշակեցի Էջմիածնի պարիսպներու մեջ։

Երբեք թույլ չեմ տար ինձի զիս ճարտարապետ անվանելու պատիվը բռնի պահանջել այն մարդոցմեն, որոնք ոչ կճանչնան զիս և ոչ ալ տեսած են մասնագիտությանս վերաբերյալ օրինական փաստաթղթեր։ Բայց մի վկայալ մագիստրոսի ալ՝ երբեք չէի ներեր, որ այդքան ոտնակոխ ըներ պատվավոր վկայականի մը արժանապատվությունը, որով ստացման համար ամեն մարդ ձեզ նման երկար տարիներ գիշեր ցերեկ կուրծքը կմաշեցնե գրասեղանի առջև, և ես իմ վկայականով կարծեմ դեռ ոչ մի անպատվություն չբերի թե՛ իմ անձիս և թե՛ իմ պատկանած հասարակության։

Կ. Պոլսո գեղարվեստից ճեմարանի վկայականս դուք անձամք կարդացեր եք ձեզ ընկերացող երեք վարղապետներու հետ 1904 թվականին գարնան սկիզբը, Զվարթնոց աշխատելու գնալես առաջ, երբ այցելեցիք հյուրատուն աշխատանքներս տեսնելու համար։ Եվ որովհետև բնագրի թյուրքերեն լեզուն ձեզ անծանոթ էր, ես միասին ներկայացուցի Բուլղարիո մայրաքաղաք Սոֆիայի մեջ կատարված պաշտոնական թարգմանությունը, որ տեղի ունեցած էր 1899 թվականին և վավերացված, ինձ իրավունք տրվելով ընդհանուր Բուլղարիո մեջ ազատ գործելու, և այդ պաշտոնական արտոնությունս հրատարակվեցավ բուլղար կառավարության սեփական օրգան «Տրժավնի Վեստանիկի» 1900 թվականի հունվար ամսի առաջին պրակին մեջ, ուրկեց արտատպված են նաև տեղական քանի մի թերթեր:

Ձեզ ընկերացող երեք վարդապետներն էին՝ Խաչիկ վրդ., Կորյուն վրդ. և մի ուրիշ երիտասարդ վարդապետ, որուն անունը դժբախտաբար մոռցած եմ, սակայն որչափ որ կհիշեմ, ինքը բնիկ վանեցի էր և նույն տարին մեկնած արտասահման կաթողիկոսի հովանավորության տակ կատարելագործվելու:

Տարաբախտաբար, այսքան ապացույց տեսնելով քովես մեկնելեդ հետո, չվարանեցաք ձեռքս գտնված բոլոր աշխատանքիս մասին ալ կասկածելու հավանական համարելով որ ես ուրիշ արվեստագետներու ձեռքի աշխատությունները սեփականած եմ կամ տիրացած անոնց որևէ թագուն նպատակով։[1]

Ի լրումն ամենեցում, երբ ավելորդ ըլլալով ձեր կողմանե վարպետ տիտղոսով ալ կմկրտվիմ, միթե իրավունք չունիմ դառնապես վշտանալու և բողոքելու նվաստացուցիչ ընդհանրացման մը դեմ։

Ըսեք խնդրեմ, միթե ձեզ հաճելի կթվեր և լուռ կմնայիք՝ երբ տեսնեիք, որ մի բարձրագույն կրթություն ստացած մարդ, արհամարհելով ձեր իրական արժանիքը վավերացնող մագիստրոսի պատվավոր վկայականը, ձեզ տիրացու անվաներ։

Նույնպես նաև թույլ չեմ տար ինքզինքիս հենվելով վկայականի մը գոյության, պահանջել որ ամենագետ համարվիմ քավ լիցի, ես գիտեմ շատ համեստ արժանավորությանս իսկական չափը, սակայն իրավունք ունիմ գոնե տարրական քաղաքավարություն մը սպասելու ձեզմե իբրև կրթված մարդ և ականատես պաշտոնական փաստաթղթերու։

Թե որու հեղինակությամբ Էջմիածնի մեջ ճակտիս դրոշմեցավ այդ «վարպետ» պատվանունը, ինձմե ավելի լավ գիտեք, որ միակ աղբյուրը դուք եք։

Հայտնի է, որ Էջմիածին ոտք կոխած օրերս երկու վարդապետի հետ միայն ծանոթացա, Խաչիկ վարդապետին իր Զվարթնոցի ավերակներուն միջոցով և ձեզ՝ ի պատիվ պրոֆ․ Մեյեի տրված ճաշով, որուն անարժանաբար ներկա գտնվելու պատիվն ունեցա։ Եվ այդ ծանոթության սահմանափակ շրջանը տևեց գրեթե մինչև Զվարթնոցի մեջ ավելի քան մի ամիս աշխատելես հետո։

Խաչիկ վարդապետ գործերս տեսած օրեն այնքան հրապուրված և Զվարթնոցի վերակազմության հույսով հափշտակված էր, որ եթե ոչ անկեղծությամբ, գոնե մարդահաճության համար, եթե գիտնար ավելի գերագույն նշանակություն ունեցող մի բառ քան ճարտարապետ բառը, սիրով պիտի շռայլեր իմ անվան, գեթ առ ժամանակ զիս խրախուսելու և քաջալերելու համար և ես ի սկզբանե շատ պատվաբեր վարմունք տեսած եմ Խաչիկ վարդապետի կողմանե։

Բայց Խաչիկ վարդապետ, միանգամայն զուրկ ձեր ստացած բարձրագույն կրթութենեն և ամեն բանի մեջ ունեցած խոր հմտութենեն, բնականաբար չկարողացավ ըմբռնել իմ արվեստիս մեջ ունեցած հմտությանս չափը, մտքեն անգամ պիտի չանցներ, իմ՝ «վարպետի» արժանիք միայն ունենալս և պիտի մնար ընդմիշտ խաբված՝ եթե վրա չհասներ ձեզ նման ներհուն և խորաթափանց մի անձնավորություն, ընկած մոլորութենեն զայն դուրս բերելու համար:

Արդարև հազիվ 15—20 օր անցած, ոչ միայն Խաչիկ վարդապետ, այլ և ձեր միջոցով ինձի ծանոթացող ամեն ոք, մեծ և փոքր, սկսեցին ձեզ նման անխտիր «վարպետ» անվանել զիս։

  1. Այս կասկածը չեմ կարող ընդհանրացնել և կամ մասնավորել որևէ մեկուն վրա, ինձի հաղորդած է Խաչիկ վրդ․, անոր կթողում ճշտել թե այս չորս վարդապետներեն որուն կվերաբերի այդ կարծիքը։