Jump to content

Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անցնենք քրիստոնեական տաճարներուն և քննենք թե ի՞նչ կերպով սկսեցին անոնք և ի՞նչ փոփոխություններու ենթարվեցան մինչև մեզի հասնելը:

* * *

Քրիստոսի քարոզած նոր կրոնն ալ անշուշտ պետք պիտի ունենար տաճարներու, սակայն ի սկզբան, երբ վարդապետությունը նոր էր, և հետևողներ շատ քիչ էին, բնականաբար չէր կարելի մտածել ո՛չ տաճարներու շինության և ո՛չ ալ անոնց ձևերուն վրա: Առաքելոց ժամանակ Երուսաղեմի մեջ, ուր սկիզբն առավ քրիստոնեությունը, տաճարներ կանգնել անհնար էր, ոչ միայն հավատացյալներու քիչության համար, այլ և ուրիշ քանի մը զորեղ պատճառներով ալ։

Նախ սաստիկ հալածանքը, որ անդադար կմղվեր նոր աղանդին դեմ, երկրորդ՝ անոր գլխավոր քարոզիչ ղեկավարները հավատացելոց թիվը բազմացնելու վրա կմտածեին։ Անոնց գործունեության միակ նպատակն էր ամբողջ հրեա ժողովուրդին հոգվույն տիրապետել. երբ կհաջողեին իրենց այս նպատակին մեջ, այն ատեն փոխանակ նոր տաճար շինելու, արդեն պատրաստ կունենային իրենց տրամադրության տակ Սողոմոնի հռչակավոր տաճարը և ուրիշ եբրայական ժողովարաններ։ Նոր վարդապետության ոգուն հակառակ հակասության մեջ պիտի ընկնեին առաքյալներ, եթե տաճարի նոր ձև ստեղծելու հետամտեին և կամ նոր կրոնին հերձվածի մը երևույթը տային, քանի որ նոր վարդապետությունը հնին շարունակությունը և կամ անոր բարեկարգությունն էր: Հին դարերու մեջ մարգարեից բերնով Իսրայելի ժողովուրդին հատկապես խոստացված փրկիչն էր նոր վարդապետը և հրապարակավ կհայտարարեր թե «ոչ եկի լուծանել այլ լնուլ»: Ուստի կմնար միայն ջնջել մոլորությունները, մաքրել տաճարը ապականություններե և դարձնել իսկական տուն աստուծո, որ վերջը եղած էր «այրս աւազակաց»։ Այս իսկ սկզբունքով ալ Էհովվայի կողմանե իր սիրելի ժողովուրդին փրկության համար ուղարկված մեծ բարեկարգիչը իր հոր տունը եբրայական տաճարը ընտրեց քարոզելու և սովորեցնելու համ՛ար։

Առաքյալներ ալ չշեղվեցան իրենց վարդապետին ուղղութենեն. հակառակ հաճախ տաճարեն նախատինքով դուրս վռնտվելուն, միշտ շարունակեցին տաճարին մեջ քարոզելու երթալը. շատ մը պարագաներու մեջ հարգանք ու ակնածանք ցույց տվին եբրայական հնավանդ ծեսերուն. մասնավորապես Պողոս վերին աստիճան հեռատես նրբամտությամբ տոնի оրերուն ածելված, մաքրված և ըստ ամենայնի հրեից սովորության համեմատ պատրաստված կմտներ տաճար ապացուցանելու համար, թե իրենք ճշմարիտ հավատացողներ և երկրպագուներ էին էհովվային և անոր առաջին մարգարե Մովսեսի բոլոր ավանդությանց:

Այս հեռատես քաղաքագիտությամբ Պողոս ոչ միայն հրեից մեջ բորբոքված մոլեռանդության բոցը կմեղմացներ, այլ և Հունաստանի մեջ իսկ հաջողեցավ իրեն դեմ մոլեգնած ամբոխը հանդարտեցնել և լի ակնածանոք խորին ուշադրություն հրավիրել իր վրա «ձեր անծանոթ աստվածը պիտի սովորեցնեմ» ըսելով։ Ուստի այս ուղղությամբ առաքյալներ ոչ միայն հույս պիտի ունենային եբրայական տաճարները քրիստոնեական սրբարաններու վերածելու, այլ և հեթանոսական տաճարներն ալ, որը թեև իսկապես իրականացավ, սակայն առաքյալներ իրենք չվայելեցին այդ սուր հեռատեսության պտուղը։

Առաքյալներ եթե իրենց կենդանության ժամանակ, ծանոթ և անծանոթ աստվածներու տաճարներ չկրցան քրիստոնեից տրամադրության տակ ունենալ, սակայն շնորհիվ իրենց ճարտար ղեկավարության ունեցան բազմաթիվ հետևողներ և անընկճելի կազմակերպված ուժ ոչ միայն հրեից դեմ, այլ և տիրապետող հռոմեական ահեղ կայսրության դեմ, որուն հալածանքներն ու տանջանքները քրիստոնեության ծավալումը արգելել չկարողանալեն զատ, ինքն ալ ամբողջությամբ բռնվեցավ կայսրության ամեն կողմը ճարպկորեն հյուսվող ցանցին մեջ։

Քրիստոնեությունը իր վսեմ ծրագրով այնպիսի հարմար ժամանակ հայտնվեր էր, որ բնականաբար ոչ մի ուժ բավական պիտի չըլլար անոր համաճարակ ընթացքը կասեցնելու։ Մեկ կողմանե Մովսեսի երկրավոր վարձատրության խոստումներու հետևանոք ընչաքաղցությամբ ապականած, հրեա ազնվականության ձեռք գերի եղած էր ստորին հասարակությունը Պաղեստինի մեջ, մյուս կողմանե հեշտամոլության և գազանային կիրքերու ու հաճույքներու գերի հռովմեական կայսրներու ճնշող, հարստահարող կառավարությունը պատրաստ հող էր ստեղծած նորածին վարդապետության սերմերն արադապես աճեցնելու համորեն կայսրության մեջ։

Քրիստոնեությունը ոչ միայն դեռ իր խանձարուրին մեջ, սեր, խաղաղություն, հավասարություն ու եղբայրություն կքարոզեր, այլ և երկնային անվախճան երանության դոները կբանար հավատացյալին առջև։ Լոկ խոսք չէին անոնց քարոզները, գործնականապես կապացուցանեին։ Սեփականությունը գոյություն չուներ անոնց մեջ, ամեն բան հասարակաց էր և ամեն ոք հավասար։ Հարուստը աղքատին, զորավորը տկարին, խելացին տգետին պարտական էր միշտ այս նորաբողբոջ հասարակության մեջ, և ով որ այս օրենքին դեմ կմեղանչեր, կպատժվեր… Տիրոջ կողմանե։

Ասկեց ավելի ինչ կարող էր գտնել տառապած և ստրկության ամրակուռ շղթաներու տակ շնչասպառ ահագին ամբոխ մը, որուն գլխուն ոչ միայն անմահության պսակ կհյուսվեր երկնից արքայության մեջ, այլ և այս աշխարհի մեջ ալ կմեղմանային իր թշվառության ցավերը և կլեցվեին կարոտությունները։ Ուստի բնական էր, որ զրկվածներու, ճնշվածներու ահագին հեղեղ մը, պիտի ստեղծվեր, որոնք պիտի գային անընդհատ ապաստարան և կյանք փնտրելու այս սփոփարար երկնային վարդապետության հովանավորության տակ։

Դեռ քրիստոնեության առաջին գարուն, հռովմեական կայսրության մեջ, քրիստոնյաներ այնքան պատկառելի թիվ կազմեցին, որ տակավ առ տակավ պետության իսկ մտահոգութուն պատճառել սկսավ։ Բացի հասարակ ամբոխեն, ազնվականներ, գիտուններ ալ սկսեր էին վարակվիլ Միխայիլ Ասորիի Պատմության մի հատվածը շատ պարզ ցուց կուտա այս համաճարակի որոշ աստիճանը: «Յայսմ ժամանակի յաւուրս Դոմետիանոսի (81-96 թ. թ.) աճեաց քրիստոնէութիւնն և