Գեղարվեստի հայրենիքին մեջ, անհուն հրաշակերտներու հիացման թարմ տպավորության տակ, Տրդատ յուր վերադարձին շուտով չէր կարող հաշտվիլ արևելյան ցուրտ և ծանր ոճերու հետ։ Այս շենքը ինքնին մեծ ապացույց է ժողովրդական ավանդության ստուգությանը։
Եթե իբր անսխալ ընդունենք անոր վերակազմությունը[1] և դետալներու ընդօրինակությունը, այն ատեն անմիջապես աչքի կզարնե արևելքի ճարտարապետներու իրենց համար բոլորովին օտար այս նոր ոճին իրագործման մեջ ցույց տված ինքնուրույն տարրերի ներմուծման բնորոշ գծերը։
Ֆրիզի անհամեմատ նեղությունը թեև զգալի է, սակայն 2-րդ դարուն, հռոմեական գեղարվեստի անկման սկզբնաշրջանին մեջ, անոր նման, և երբեմն առանց ֆրիզի entablement-ներ երևցած ըլլալուն պատճառով, կարելի է մասամբ քննադատութենե ազատ համարիլ: Բայց ուրիշ մասերու մեջ հռովմեական և արևելյան գծերու ներդաշնակ դասավորումը ակնհաճո կերպով շեշտված է։
Ֆրիզի միջի քանդակները հռովմեական acanthe-ներու գեղեցիկ ու ճկուն ոլորումները կներկայացնե արևելյան ոճի տերևներով:
Իրաց այս վիճակին մեջ, պետք է խոստովանիլ, որ այս շենքը հայ հիշատակարաններու շարքին մեջ շքեղ գլուխ գործոց մը կներկայացնե:
Բայց և այնպես այս գեղեցիկ ոճը, չգտնելով ոչ մի համակրող և հետևող, միայնակ մի երևույթ մնացեր է ամբողջ հայ գեղարվեստի պատմության մեջ։
Գեթ ինձի չէ հաջողված տեսնել հայոց մեջ ուրիշ շինություն մը, որ ունենար Տրդատի թախտին չափ զուտ արևմտյան տարազ։
Բագրատունի Գագիկ Ա. հրապուրված Զվարթնոցի անօրինակ վայելչազարդության համբավեն 1000 թվականին, Անիի մեջ կանգնել կուտա անոր ընդօրինակությունը, սակայն Անեցի ճարտարապետներ, պահելով անոր հայոց մեջ վաղուց ընդունված բոլորշի և քրիստոնեական խորհրդանշան խաչաձև հատակագիծը, բոլորովին կմերկացնեն յուր զարդերեն և կհագվեցնեն իրենց սեփական տարազով։
Ահա այս 1000 թվականին, կես դար տևողությամբ մտած կերեվին հայոց մեջ արևմտյան ոճի հետ ունեցած ընդհանուր մանրամասները։ Այս խառնուրդները կնշմարվին Գագկաշեն ս. Գրիգորի իրանը շրջապատող գոտիին վրա և դրանց շրջանակներու մեջ. կաթողիկեի հարավային ճակատի արևելակողման նիշի կամարին վրա. Հոռոմոսի ս. Հովհաննեսի տաճարին գավիթի առաստաղին զարդաքանդակներու մեջ և այս շրջանի ոճին ենթարկվող բոլոր եկեղեցիներու դռների շրջանակներու վրա։
Այստեղ ի դեպ է ըսել թե, այս թվականին և կամ ավելի ճիշտ՝ 11-րդ դարուն, ավելի շեշտված կերևին հայոց եկեղեցական հատակագծային ձևերը արևմտյան քրիստոնեից եկեղեցիներու վրա, հավանականաբար դավանաբանական ծեսերու ընդհանրության միջոցով։ Այս մասին ունիմ առանձին հետազոտություն, բայց կանխահաս կհամարիմ գրել, դեռ վերջնական եզրակացության հանգած չըլլալուս համար: Միայն ստույգ է, որ այս թվականներեն սկսյալ, հայ եկեղեցյաց խորաններու երկու կողմը գտնված պարզ պահարանի պաշտոնով շինված քառակուսի սենյակները աբսիդավոր ավանդատուներու և կամ մատուռներու փոխվեր են և ավելցվեր են ապաշխարողաց գավիթներ։ Նույնը կտեսնենք նաև արևմտյան քրիստոնեական տաճարներու մեջ՝ մտից դռներու առջև:
Նախնական կերպին կվերաբերեին Էջմիածնի,[2] Ղըզըլ Ղալայի, Տեկորի, Մրենի, Հռիփսիմեի, Գայանեի, Ղոշավանքի ս. Մինասի և ուրիշ շատ մը եկեղեցիներ, որոնց շինությանց թվականը այս դարեն առաջ է, ասոնք ոչ աբսիդավոր ավանդատուն ունին և ոչ ալ ապաշխարողաց գավիթ։ 11-րդ դարեն սկսյալ այնպիսի ստիպողական պահանջ դարձեր են ավանդատունները և գավիթները, մանավանդ Անիի մեջ, ուր նախապես շինված շատ մր եկեղեցիներու արևելյան կողմը քանդելով, մեծ դժվարությամբ սեղաններու երկու կողմը ավելացուցեր են փոքրիկ ավանդություններ, առանց նույնիսկ նկատի ունենալու նույն եկեղեցիներու արտաքին տեսքի սաստիկ տգեղանալը, ինչպես Ապուղամրենց ս. Գրիգոր և միջնաբերդի երկու ութանկյունի եկեղեցիները,