որոնք հետո վերածվել են անկանոն բազմանկյունիներու։ Իսկ գավիթներ անխտիր ավելացված են ամեն եկեղեցիներու առջև, նույնիսկ չխնայելով անոնց նախկին գեղարվեստական ներդաշնակ երևույթին։ Մայր եկեղեցվո շինված ժամանակ այդ գավիթի սովորությունը դեռ մտած չերևիր Անիի մեջ, որովհետև Մայր եկեղեցվո գավիթն ալ ուշ ժամանակ ավելցված է։ Ըստ երևույթին այս գավիթները շուտով փոխելով իրենց նշանակությունը, գերեզմաններու և դամբարաններու վերածվեր են։
Հայոց և հունական ոճի փոխազդեցությունը ենթադրել տվող գլխավոր մանրամասներեն մեկը խոյողն է (volute). այս ենթադրությունը կարող էր արդարանալ այն ժամանակ երբ խոյողի ծննդավայրը Հոնիան կկարծվեր, ինչպես որ Պերսեպոլիսի ավերակներուն մեջեն գտնված սյունի մը խոյակին վրա վերեն վար ուղղահայաց դիրքով՝ քանդակված խոյողները Քսերքսեսի գերի վարած հույն վարպետներու գործ համարվեցավ։ Բայց երբ Եգիպտոսի և Ասորեստանի պեղումները ճշտեցին անոր իսկական հայրենիքը և գծեցին անոր փոխանցման ուղին, այն ատեն այս ենթադրությունը իր ուժը կորսնցուց։ Կարելի կըլլար հետադարձ ազդեցություն համարել հայոց վրա, եթե, նախ անոնք հայոց մեջ արևելքի նախնական գծերով մնացած չըլլային, երկրորդ, եթե խոյողեն զատ, հունական ոճը շոշափող գեթ աննշան չափով ուրիշ մանրամասներ ալ գտնվեին, երրորդ, եթե, պրոֆ. Մառի Անիի գյուղի մեջ պեղած հեթանոսական գերեզմաններե դուրս եկող կավե ամանի մը կողի վրա բարձրաքանդակ նկարված խոյողը անոր, նույնիսկ հեթանոսական դարերու մեջ գործածված ըլլալը չապացուցաներ։
Ուրեմն ասկեց կհետևի, որ Առաքելոց եկեղեցվո և Գագկաշեն ս. Գրիգորի վրա եղած խոյողները վերջին շառավիղներն էին, որովհետև անոնց թվականներեն հետո շինված հիշատակարաններու վրա այլևս չեն երևեր, մինչդեռ անկեց առաջ հաճախ գործածված են մինչև Զվարթնոց եկեղեցին, թերևս ավելի հիներն ալ ունին, բայց դժբախտաբար ես առիթ չեմ ունեցած հետազոտելու։
Եթե ընդունենք խոյողին արևելքեն ուղիղ փոխանցումը դեպի Հայաստան, այնուհետև ամեն մանրամասնություն հայոց ճարտարապետության մեջ, միմիայն ասորական և պարսկական մանրամասներու զուգընթաց նախատիպեր կմնան, որոնցմե ոմանք գործածված իրենց բնավայրի իսկական ձևով, իսկ ոմանք այլափոխված և ճոխազարդված սեփական հայ ճաշակով։
Այժմ կհամեմատեմ քանի մը գլխավոր մանրամասներ, տեսնելու համար անոնց հարազատությունը ասորական և պարսկական նախատիպերու հետ։
Առհասարակ քիվերը սկզբեն մինչև վերջ չորս տեսակ ձևափոխության ենթարկված կերևին, որոնցմե մեկը ամենեն հին շրջանին մեջ գործածված է, այսինքն 5-րդ դարեն մինչև 7-րդ դար, և կտեսնվի Պտղնիի, Մրենի, Թալինի և Մաստարայի եկեղեցիներու վրա, որոնք կներկայացնեն երբեմն մեկ և երբեմն քանի մը ճարտարապետական գծերով խառնված ատամնաշարեր (denticule) Պերսեպոլսյան համաչափությամբ, ատամները երբեմն կիսաբոլոր և երբեմն քառակուսի և երբեմն ալ առարկաներու պատկերների վերածված (Պտղնի)։
Մյուս երկու տեսակները միաժամանակ հավասարապես գործածված են 7-րդ դարեն մինչև 11-րդ դար։ Առաջին օրինակը կներկայացնե նեղ ճակատի մը հաջորդող քառորդ բոլորակի խողովակ մը երբեմն վերջացած պատին կից listele-ով մը։ Այս օրինակները զանազան համաչափությամբ կտեսնվին Թալինի ս. Աստվածածնի, Տեկորի, Ալամի, Անիի Առաքելոց եկեղեցիի և Հովվի եկեղեցիի վրա. իսկ երկրորդը՝ առհասարակ ամեն եկեղեցիներու վրա, գլխավորաբար Անիի մեջ։ Սա ևս կներկայացնե առաջակարկառ մը բաղկացած նեղ ճակատե մը և պատին մոտիկ գավազանե մը։ Ճակատին և գավազանին մեջտեղ մնացած լայն պարապությունը քանդակված է ամեն տեղ միօրինակ մանվածոներով։ Ասոնց մեջ կան նաև նեղ ճակատին տակ գավազանը (listel) կրկնված և երբեմն ալ լայն պարապությունը չքանդակված օրինակներ։
Առաջին օրինակին Հայաստան մտնելու ճանապարհը խիստ պարզ է Եգիպտոսեն սկսած մինչև այնտեղ հասնելը։
Երկրորդ օրինակը եթե նախկին խողովակաձևին բարեփոխությունը չէ, կարելի է տեղական ստեղծագործություն համարել, որովհետև ինձի տակավին չէ հաջողված տեսնել այս ձևի նախատիպը։
Վերջին չորրորդ օրինակը պարզ բարեփոխումն է նախկին մանվածո քանդակազարդ առաջակարկառին, երբեմն երկու և երբեմն երեք գավազանով, միայն պարապություններու մեջ փոխանակ միօրինակ մանվածոներու ուրիշ նոր շրջանի բազմաթիվ տեսակ քանդակներով զարդարված են։ Այս ձևը անխտիր ամեն շինությանց վրա գործածված է 13-րդ դարեն սկսյալ մինչև վերջնական անկումը։
Նեղ ու երկար բունով և գնդաձև (bulbe) խոյակով ու խարիսխով արտաքին որմնասյուներու հին նախատիպը դուրս եկավ Խորսապատի պեղումներեն. ուրկեց անցեր էր այս ձևը Պարսկաստան և անկեց ալ Հայաստան լիովին անփոփոխ նմանությամբ։ Խորսապատի մեջ կբացակայեր անոր խորանարդաձև abaque-ը, իսկ Պերսեպոլսի մեջ՝ երկու մասերը առանձին գործածելի էին։ Հայեր այդ երկուքը իրարու միացուցեր են իրենց մեջ, բայց տարօրինակ է, որ այս բարակ բունով արտաքին որմասյուները 9-րդ դարեն առաջ ոչ մի տեղ գործածված չկա. թեև Զվարթնոցի ներքին որմասյուները իրենց երկարությունով կհամապատասխանին, բայց խոյակներով և խարիսխներով շատ տարբեր են։ Զվարթնոցի մեջ գնդաձևը գործածված է միայն ներքին սյունաշարի մեծ խոյակներուն վրա իբրև կողով։
Գալով մանվածո քանդակներուն՝ նույնպես մի թեթև օրինակը Խորսապատի մեջ աղյուսի վրա նկարված գտնվեցավ, որուն բացի բազմաթիվ տեսակ խառնուրդները (composition), որ իրենք հորինեցին իրենց ճաշակով, ճիշտ նմանն ալ գործածեցին հայեր մինչև վերջը։
Ամփոփելով տեսությունս, վերջնականապես հասած եմ այն եզրակացության, որ հայոց ճարտարապետության ամբողջ կմախքը՝ ասորական և պարսկական արվեստների մասերով կազմված է ինչ մաս որ վերցնենք հայոց ճարտարապետության մեջեն, նույնին օրինակները