արքայազուն: Հետևաբար եթե ճիշտ է որ Մորիկը հայ էր և նույնիկս Օշականցի, այն ատեն ավելի հավանական ենթադրություն կլինի այդ հիշատակարանը Մորիկի անվան հետ կապել քան ուրիշներու[1]:
Գերեզմանական ճարտարապետության բոլոր ստորաբաժանումները իր բոլոր մանրամասնությամբ ուսումնասիրել այս հոդվածիս մեջ առայժմ անհնար է, նախ՝ կարծվածեն շատ ավելի ընդարձակ ու բազմակողմանի է նյութը, երկրորդ՝ լիակատար ուսումնասիրության համար դեռ կպակսին ինձի կարևոր նյութեր: Ներկա հոդվածով պիտի ջանամ ուսումնասիրության մի ուրվագիծ տալ հայոց մեջ իրագործված դամբարաններու, շիրիմներու և տապաններու ճարտարապետության և անոնց դարե ի դար ոճերու փոփոխության վրա։
Նախ ձեռք առնենք տապանը և իր նշանակութենեն հետևցնենք, մասամբ իր ոճը և հետո ձեռքի տակ ունեցած օրինակները բացատրենք։
Տապան բառը հայերենի մեջ կնշանակե սնտուկ, բայց ավելի ճիշտը սնտուկի նմանությամբ նավ, որուն ֆրանսերենն է arche: Ըստ Մովսեսի հնգեմատյանի առաջին անգամ Նոյը շինեց տապան մը վերահաս ջրհեղեղեն ազատվելու համար։ Նոյը շինեց այնպիսի տապան մը, որ ինքը իր ամբողջ սերունդով պատսպարվեցավ անոր մեջ, և տապանը քառասուն օր լողաց ջրերուն վրա, մինչև որ ջրերը քաշվեցան և նստավ Արարատ լեռան գագաթին։
Երկրորդ տապանը կամ տապանակը շինեց Մովսես՝ տաճարին մեջ դնելու համար, և այդ տապանը մի տեսակ փրկական խորհրդավորություն ուներ իր մեջ:
Գիտական հետազոտությունները բավականին պարզեցին, որ Նոյի և Մովսեսի տապանները ոչ այլ ինչ էին, բայց եթե եգիպտական սրբազան նավակի (barque sacrë) մի ուրիշ ձևով սրբագործումը։
Եգիպտական դիցաբանության մեջ սրբազան նավակի պաշտոնն է մեռելոց հոգիները փոխադրել դեպի հավիտենական աշխարհը։
Դիցաբանական այս ավանդության զանազան այլազանությունները ոչ նվազ ընդունված էին ասորեստանցոց և քաղդեացոց մեջ, նույնպես պարսիկները:
- ↑ Օշականի առանձնակի կանգնած սյան խոյակի ճիշտ նմանները գտնվեցին Դվինում չորս հատ, հավանաբար դարձյալ առանձնակի սյուներու վրայից (տես նկ. 13). մի այդպիսի սյուն էլ կա Հովհաննավանքի բակում (նկ. 14): Կազմող