Jump to content

Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատճառելու հետաքրքիր խուզարկուին: Այս բերդին մեջ ամենևին չկան կրաշաղախ և սրբատաշ քարեր, այլ միմիայն երկաթի նման կարծր որձաքարերու հսկա կտորներ իրարու վրա չոր չոր շարված են։ Մարդս պահ մը ինքզինքը Եգիպտոսի բուրգերու առջև կկարծե, տեսնելով իրարու վրա բարձրացած որձաքարի ահռելի զանգվածներ, որոնց մեջ կան երեքեն չորս մետր խորանարդ ծավալի հասնող միակտուր բեկորներ: Այդպիսի դարու մեջ երբ դեռ շոգին ու մեքենաներ պաշտոնի չէին կոչված, մարդկային տկար ուժը ինչպես կարողացավ այս կոշտ զանգվածները հնազանդեցնել իր կամքին, դա մի առեղծված է։

Հազիվ 500 մետր երկարություն ունի ամրոցը և երկու հարյուր՝ լայնություն․ հարավային կողմը կրկին պարիսպ ունի։ Արևմտյան կողմեն, ուր եղեր է իմ կարծիքով մտից գլխավոր դուռը, երկու ձեռագործ ճանապարհներ բացված են ժայռի լանջերուն վրա, որոնց մինը կտանի դեպի արևմուտք՝ Ագրակի կողմը, իսկ մյուսը՝ դառնալով ամբողջ ամրոցի շուրջ կուգա կհասնի ուղղակի տաճարի արևմտյան դռան առաջ։ Հինգ մետրեն ավելի կամ քիչ պակաս լայնություն ունին ճանապարհները, որոնց հարթ մակերևույթ տրվելու համար տեղ-տեղ պինդ ժայռի կուրծքը պատռեր են, տեղ-աեղ ալ ըստ պատշաճի նույնպես հսկա որձաքարի պատեր են շինել՝ ճանապարհի թեք կողմին վրա և այսպես, ճանապարհը հասած է մինչև տաճարի առջև։

Տեկորի տաճարի հյուսիսային ճակատի արևելակողմի մուտքը և Խոսրովանույշ թագուհու արձանագրությունը

Հավանաբար այս պողպատյա ամրոցը կպատկաներ Կամսարական իշխաններուն, ինչպես անոր ստորոտը կանգնված փառավոր տաճարը, և այդ պատճառով ալ ամենեն լայն և կանոնավոր ճանապարհը կանցնի տաճարի առջևով։

Ամրոցին մեջը շինության հետքեր չեն մնացած և, տարակույս չկա, որ դեռ Բագրատունիների օրով իսկ սկսած էր անշքանալ, որովհետև տաճարին հարավային կողմը գտնված գերեզմանատունը, որուն մեջ մինչև (ՆԾԹ) 1010 թվականի խաչքար և ուրիշ ժամանակակից թվականներով տապանաքարեր կան, գրաված է ճանապարհի մի կարևոր մասը, որով ճանապարհը անգործածելի դարձած է։

Զարմանալի է որ ինչպես, տաճարին վրա, նույնպես ալ այս գերեզմանատան մեջ 10-14-րդ դարերու ճաշակով խաչքարեր և տապանաքարեր ամենևին չկան՛ եղածները այս դարերեն կամ ավելի հին են և կամ անհամեմատ նոր։ Կարծեք երկու ամբողջ դար կյանքը դադար եղած է այս հոյակապ տաճարին շուրջը։

գ․ ՄԻ ԱՍՏՂ ԱՆՀԵՏԱՑԱԾ ՀԱՅ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՀՈՐԻԶՈՆԻՑ[1]

Հայ գեղարվեստի հնադարյան ներկայացուցիչներեն ամենեն հոյակապը ու ամենեն պատկառելին, որ ապրած է ավելի քան տասն և հինգ դար ու հասած զառամ ծերության, վերջապես տեղի տվավ ճակատագրի անդառնալի վճռին առջը, և ընդմիշտ խոնարհեցուց իր սիգապանծ գլուխը թաղելով հավիտենական լեռնակուտակ փլատակներու տակ։

  1. Այս հոդվածը Թորամանյանը տպագրել է «Հուշարար» ամսագրի 1912 թվականի № 2-ի, էջք՝ 23-25, Տեկորի տաճարի ծածկի փուլ գալու առթիվ, որից և արտատպում ենք փոքրիկ կրճատումներով։ Կազմող