դրսից և քարերը տարված, իսկ հարավ արևելյան դուրս ցցված թևի անկյունը նմանապես դիտավորյալ կերպով քարերը հանված են ներսից և դրսից։ Ներքևի երեք կարգ քարերի հանված լինելու պատճառով վերևի շարքերի մեծամեծ քարերի ճնշումից շենքը ճաքել է երկու տեղից: Նույն վիճակին է մատնված հարավային այս դուրս ցցված մասի արևմտահարավային անկյունը․ ոչ միայն հանել են սրբատաշ մեծամեծ քարերը, այլև քանդել են պատին միջի լիցքը, խոր խոռոչներ ձևացնելով, որով միանգամայն թուլացել է պատերի տարողության ուժը։
Հարավային ճակատը, որ բոլոր կողմերի համեմատությամբ, ամենից գերազանց գեղարվեստականն էր իր վսեմ պարզությամբ, ամբողջ երկարության վրա, քանդված են քարերը, թե՛ ներսից և թե՛ դրսից, մինչև այնքան բարձրության վրա, ուր մարդկային ձեռքերը կարող էին հասնել, ֆրոնտոնավոր երկու գեղեցիկ դռներ հազիվ կանգնած են մաշված ու թուլացած ոտների վրա։
Արևմտյան կողմը, որ նույնպես ունեցեր է դուրս ցցված թևեր, որոնց մեջ չափավոր մեծությամբ սենյակներ էին, այս հարավային կողմինը միանգամայն կործանվել է, թողելով կանգուն արևմտյան կողմի վրա մի պատի կտոր միայն, իսկ մեջը փոխվեր է սրբատաշ քարերի մի ողբալի կույտի։ Այս կողմի վրա ևս շատ մասերի մեջ պատերի արտաքին երեսների քարերի արանքում եղած լիցքերը քանդած են և միայն ճարպկորեն շարված և միմյանց ագուցված քարի շնորհիվ էին, որ կանգուն կմնան պատերը մինչև այսօր։
Դեպի հարավ դուրս ցցված արևելյան մասին երկու անկյունները ևս քանդված և քարերը հանված են որոշ բարձրությամբ, այդ պատճառով էլ պատի երկու երեսից հանված քարերի շնորհիվ միջուկը ևս քայքայվել է և պատի ստորին մասերը ծակվել, որով երկու տեղից վտանգավոր ճեղքեր են առաջացել վերևից դեպի ցած: Ճեղքին մեկը մեջտեղիցն է դեպի արևմտյան անկյունը առաջացած, իսկ մյուսը՝ ուղիղ հարավ- արևելյան անկյունին վրա, որ բավականին առաջացել է և 3-4 սանտիմետր բացվել է։ Ամենից վերև դրված է սև, կարծր, երկար մի քար, որն իբրև կապ է ծառայել բացված ճեղքին և պահել է նրան փլուզումից, այնուամենայնիվ այդ ճեղքը դարձյալ մոտալուտ քանդման վտանգ է սպառնում և կարոտ է շուտափույթ ամրացման։
Ամենից ավելի անմխիթար, նույնիսկ սոսկում պատճառող վիճակի մեջ է արևմտյան կողմը ներքևի մասում, ոչ միայն մեծածավալ երեսի քարերը իրենց ուղղահայաց դիրքը կորցնելով ներս ու դուրս են հակված, և քարերը մեծամասնությամբ փտած ու հալված են, այլև պատի միջի շաղախը ամբողջովին դատարկված է և միայն չոր քարերն են միմյանց վրա շարված կանգուն մնում։ Սակայն այս վիճակին մեջ, հազիվ թե մեկ տարի ևս կյանք ունենար, վերջապես մի հորդ անձրևի տակ և կամ մի թեթև երկրաշարժի ցնցումով ամբողջական փլատակի պիտի վերածվեր։ Այս վերջին նորոգումն էր, որ որոշ չափով ապահովեց շենքը ամեն կողմից։
Արևմտյան կողմի հավելյալ սենյակների հարավակողմինը արդեն մի քարակույտի փոխված է, իսկ հյուսիսային կողմի պատերը, թեև կան տեղի վրա, այնուամենայնիվ չափազանց վտանգավոր կերպով ծռված են դեսլի դուրս։
Հյուսիսային պատն է, որ ավելի անվնաս մնացած է և ուղղահայաց կանգնած է։ Քարերը իրենց հիանալի շարքով կմնան և վրան պարզ նկատելի են զանազան դարաշրջանների նորոգությունները։ Աստիճաններից վերև գրեթե մինչև կեսը նախնական շարքն է, անկեց վերևն է, որ նորոգության ենթարկվել է 6-7-րդ դարերուն։