Jump to content

Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անշուշտ նորոգություններ եղեր են այն ժամանակ, երբ սյունազարդ սրահը, արտաքին խորանները և արևմտյան սենյակները շինվել են։ Սակայն դժբախտաբար այս կողմին վրա ևս առանց խոր ցավ զգալու չենք կարող կանգնել։ Ներսի մասում նեֆերը կամարով ծածկված լինելուն իբրև անվիճելի ապացույց մնում է տեղում արևելյան հյուսիսային պատի վրա մի կամարաքար, որ սկզբի քարն է կամարածածկի դրսի պատին վրա։ Բացի այդ տեղին վրա մնացած կամարաքարից, գետինն ընկածների մեջ կան երկու քարեր, որ կպատկանին թևի կամարածածկին։ Գտնվեցին նաև երկու խիտ մաշված աղեղնաքարեր, որոնք հատուկ էին ներքին անջատ սյուները իրար միացնող կամարներին։

Բարբարոս ձեռքեր պատի մեջտեղից ծակեր են և գեղեցիկ մեծածավալ սրբատաշ քարերը տարել են, ինչպես հարավային կողմը որ ունեցեր է շենքը արտաքին ծածկույթավոր սյունազարդ սրահ, նույնը եղել է նաև հյուսիսային կողմում, սակայն ամբողջովին քանդած և իրեն գոյության վկա թողել է եկեղեցվո պատերի վրա բարձր քառակուսի որմասյուներ և գետնին վրա թափված հսկայական սյանց բեկորներ, նաև այս սյուներեն ոմանց գեղաքանդակ խարիսխներն և խոյակները։

Դ
ՀՌԻՓՍԻՄԵԻ ՏԱՃԱՐԸ[1]

Վաղարշապատի մեջ 618 թվականին կանգնված Հռիփսիմեի տաճարը տակավին կանգուն է, որը կարող է իբրև ապացույց ծառայել 7-րդ դարու հայոց շինարարական արվեստի մեջ ունեցած հմտության և հայ ճարտարապետների գեղարվեստական նուրբ ճաշակին։ Ինձ շատ հեռու կտաներ այստեղ արձանագրել ռուս և եվրոպացի ականավոր ճարտարապետների և գիտնական արվեստագետների հիացմամբ լի ներբողական վկայությունները. ցանկացողներ հեշտությամբ կարող են գտնել բազմաթիվ հատորների մեջ ոչ միայն դրվատիքներ, այլև հմտալից ուսումնասիրություններ այս շենքին նվիրված։

Հռիփսիմեի տաճարի ընդհանուր տեսարանը հյուսիս-արևմուտքից

Ինչի՞ համար այնքան դրվատիք և հիացական բացագանչություններ Հռիփսիմեի նման բոլորովին պարզ և միանգամայն անզարդ շենքի համար։ Ի տես այս կոթողին հիացում ազդողը և հանդիսատեսին հափշտակողը արտաքուստ միմյանց հակառակ ուղղությամբ, հորիզոնական և ուղղահայաց ուղիղ գծերի երբեմն աղեղներով խառն վսեմ ներդաշնակությամբ օժտված գծերն են, որոնք իրենց բարձրության և լայնության մեջ այնպիսի չքնաղ դասավորություն ունին, որ ամեն տեսակ քննադատությունից բարձր են մնում։ Ներքին տեսքը թերևս ավելի շքեղ երևույթ ունի իր անօրինակ պարզությամբ ինչպես արտաքինը։ Այստեղ, կառուցող հմուտ ճարտարապետի մի գիտական ակնբախ այնպիսի մի արժանիքն է գրավում ականատեսին, որ մեր այսօրվան թատրոնական ճարտարապետների նախանձը կշարժե իր երկարատև և բարձրաձայն արձագանքներով։

Շատերին առասպել պիտի թվեր գուցե այս շենքին հազար երեք հարյուր տարի առաջ շինված լինելը, եթե չլինեին երկու տեղով պատին մեջ հագցված արձանագրությունները, որոնց վրա փորագրված են շինողի անունը։

  1. Այս հոդվածը քաղում ենք Պ․ Պ․ Թանգարանի ճարտ․ բաժնի հատկանշական ցուցակից։ Կազմող