Jump to content

Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա։ Այս թվականից հետո, որպես թե վանահայրերը հսկում էին, սակայն շատ քիչ բացառությամբ միայն օգտակար եղան շենքի ապահովության։ Վերջին անգամ Խրիմյանն էր, որ (1893-1907) հոգածու գտնվեց անկեղծորեն և մի մասնակի նորոգություն կատարեց․ այս նորոգության ականատեսներ վկայում են, որ վերին աստիճանի խղճամիտ հնագիտական նորոգություն կատարեց, պահելով շենքի մեջ այն ամենը, ինչ որ պատմական և գեղարվեստական արժեք ունեին։ Վերջին ժամանակներս, թեև որոշ չափով գիտնական միաբաններ նշանակվեցին իբրև վանահայր, սակայն նրանք և ոչ մի ապացույց չթողին այնտեղ իրենց երկարամյա գոյության, և շենքը մնացել էր բախտի քմահաճույքին։

Ընդհանրապես, բոլոր հնագիտական հուշարձանների, ի շարս որոց նաև Հռիփսիմեի վանքի ճակատագիրը փոխվեց դեպի լավը 1921 թվի փետրվարի 5-ի դեկրետով, որով պետականացվում էին պատմական և գեղարվեստական նշանակություն ունեցող Էջմիածնի շուրջը գտնված հնագիտական հուշարձանները՝ Հռիփսիմեն, Զվարթնոցը դրվեցին Էջմիածնի Կուլտուր-պատմական Ինստիտուտի հսկողության տակ, սակայն քիչ հետո 1923 թվի դեկտեմբերի 18-ի դեկրետով, Լուսժողկոմի հովանավորության ներքո, կազմվեց մի Հնությանց Պահպանության Կոմիտե, որով պետականացվում էին ամբողջ Հայաստանի սահմաններում գտնվող պատմական և գեղարվեստական նշանակություն ունեցող շեն, կիսավեր և ավերակ հուշարձանները և նրանց պահպանությունը հանձնվում էր նորակազմ Հնությանց Պահպանության Կոմիտեին։ Կոմիտեն, որչափ որ կներեին իր միջոցները, խղճի մտոք սկսեց կատարել իր վրա դրված պարտականությունները՝ հնախուզական արշավանքներ կազմակերպելով, ցուցակագրելով և փլուզման վտանգ սպառնացող մասեր ըստ հնարավորության նորոգելով։

Հռիփսիմեի տաճարի արևմտյան ճակատի բարձրադիր պատուհանի քանդակազարդ պսակը

Տաճարի արևմտյան ճակատի երկու պատուհաններուն տակ կտեսնվին անսովոր երկարությամբ քարեր։ Ահա այս երկար քարերը եղեր են մուտքի վերնասյամերը, այլապես ուրիշ պատճառ չկար այդ արտակարգ երկարությամբ քարերը կատարյալ համաչափորեն զետեղելու պատուհաններեն ցած։

Ճշմարիտ է, որ նախնական շինության մեջ գործածված են երկար քարեր, բայց ոչ երբեք նույն անսովոր չափերով։ Սույն քարերուն ներքև, արդեն պարզ ակնարկով կտեսնվի, թե ի՞նչպես վերեն մինչև վար, գրեթե դռան՝ իր բարավորներով հանդերձ գրաված տարածության չափով շարքերը խառնված և տգեղ կարկատանի վերածված են։ Նույնպես նաև քարերու տեսակը կհամապատասխանե հետնագույն նորոգությանց ժամանակ գործածված կարմրագույն քարերուն, մինչդեռ շատ հիները բոլորովին սև քարերով են շինված։ Հյուսիս արևմտյան ճակատին վրա բոլորովին պարզ է դռան լայնության չափն ալ բարավորներով միասին։ Հավանականաբար մաշված բարավորներն, երբ վերցուցեր են անոր հաջորդող քարերը, անվնաս գտնելով շարեր են միմիայն դռան գրաված տարածության վրա, որով շատ պարզ մնացեր են դռան երկու կողմի բարավորներուն պատի քարերուն հետ միացման գիծը վերեն մինչև վար մեկ ուղղության վրա։

Արևելյան ճակատի հյուսիսային կողմի պատուհանին տակ մնացեր է մի քար, որ ցույց կուտա թե այս կողմի դուռը կիսաբոլորակ կամարակապ եղած է. անշուշտ ունեցեր է moulure-ով կամ պարզ կամար, որուն աղեղի կորության վրա հանգչող որմաքարի ծայրն է այժմյան երևցած աղեղը որմաքարին վրա։

Այս պատուհանին հանդիպակած կողմին վրա դռան հայտնի նշան չիկա, որովհետև բոլորովին փոխված են քարերը, սակայն հարավային ճակատին վրա բավականին կասկածելի նշաններ ցույց կուտան, թե այստեղ ալ եղած լինի երբեմն մի դուռ, ինչպես Բագարանի եկեղեցին։

Բագարանի եկեղեցիին արևելյան հարավային անկյունը, որ ի հնումն սենյակ է եղեր, երկու դուռ ունի, մին՝ արևելյան կողմեն, մյուսը՝ հարավային կողմեն, որոնք մինչև այսօր պահված են, ինչպես արևելյան ճակատի հյուսիսային կողման դուռը։ Դեռ Բագարանի հետազոտությունեն դարձիս ես տպեցի մի հոդված այս մասին, բայց հոդվածիս կեսը զանազան պատճառներով անտիպ մնաց, որի մեջ կհայտնեի կարծիքներս և որոշ ապացույցներս այն մասին, որ Բագարանի եկեղեցին ալ ընդօրինակություն էր Էջմիածնի հնագույն ձևին։