արվեստներու պատմական առեղծվածները լուծել անկարելի է, այլ և այդ ուղղությամբ ինքը երկար ճանապարհորդություններ արավ Հայաստանի մեջ։ Ամենուն հայտնի է Ստրիժիգովսկիի 1913 թվականի աշնանը կազմած գիտական արշավանքը Վիեննայի համալսարանի ծախքով, սկսյալ Շիրակեն մինչև Երասխաձոր։ Այս առաջին օտար գիտնականն է, որ բազմաթիվ հայկական հոյակապ հիշատակարաններ անձամբ տեսավ, որոնք 4-րդ դարեն մինչև 13-րդ դար կանգնած էին, բայց մինչև 7-րդ դարու վերջը կանգնվածները իրենք կարգին պատկառելի թիվ մը կազմելով, ավելի պատկառանք կազդեին։ Ամբողջ մեկ ամիս տևեց Ստրիժիգովսկիի ճանապարհորդությունը, որուն անձամբ կընկերանայի ես, թե՛ առաջնորդելու և թե՛ ցուցումներով գոհացնելու անոր հետաքրքրությունները, քանիցս ապշած ու զարմացած յուրաքանչյուր քայլափոխի վրա անդադար հանդիպելով մեկե ավելի հոյակապ շինություններու՝ կդառնար ինձ և կըսեր. «Եգիպտական աշխատանք է կատարվեր այստեղ, ո՞ւր է այժմ այս ժողովուրդը»։ Ի՞նչ պատասխան կարող է տալ ավելի պերճախոս քան անմահ վիպասան V. Hugo-ի Les Turcs ont passe par la պատասխանը։
Հայաստանի հողին վրա զարհուրելի էր արաբական արշավանքի պատճառած ավերն ու աղետը։ Հրաբուխի նման պայթեցավ, հրաշեկ լավայի նման տարածվեցավ ամեն կողմ այս այրող և խանձող հոսանքը։ Ավելի քան 700 տարի Եվրոպա ու Ասիա շշմած տեղի տվին այս անսպասելի փոթորկի առջև, բյուզանդական և սասանական ահավոր գահերը փշրվեցան Մահմեդի կտակած եթաղաններու առջև, մեկ կողմեն Վենետիկ ու Վիեննա, մյուս կողմեն մինչև Հնդկաստան հասավ հոսանքը։ Հազիվ երկու դար առաջ հիասթափված Եվրոպան կամաց-կամաց սկսեց սեղմել այս աշխարհավեր հոսանքի շրջանակը։
Եվրոպան փրկվեց, բայց Ասիան դեռ ճակատագրապես մահվան հնչյունների տագնապի մեջ կհեծե քաղաքակրթության երդվյալ թշնամի այս բարբարոս ցեղի լուծին ներքև։
Ի՞նչ կարող էր անել մի փոքրիկ Հայաստան այս գազանային ուժի առջև, բախվել, փշրվել և փոշիանալ կամ տեղի տալ հեռատես քաղաքագիտությամբ և կամ սպասել նպաստավոր ժամանակին վերականգնելու համար։
Հայ ժողովրդի ճկուն հատկության շնորհիվ էր, որ թեև 7-րդ դարեն մինչև 10-րդ դար տառապեցավ և քար քարի վրա չկարողացավ դնել, այնուամենայնիվ 10-րդ դարու սկզբներին օգտվելով նպաստավոր պատահարներե, անմիջաապես վերածնվեց քաղաքականապես և վերածնության հետ մեկտեղ անմիջապես սկսեց շինարարական այնպիսի մեղվաջան աշխատանք, որ