Էջ:Artcakh history.pdf/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

լեռնային գոգահովիտների և կիրճերի մի ամբողջ համակարգ՝ բաժանված ներքին լեռնաշղթաներով։ Բարձրաբերձ լեռնագագաթների կողքին այստեղ կարելի է տեսնել ցածրավայրեր՝ բերքառատ այգիներ ու հողահանդակներ։

Արցախը զբաղեցնում է Փոքր Կովկասի հարավարևելյան լեռնոտ տարածքը, Մեծ Հայքի ծայր արևելյան հատվածի մի մասը։ Նրա սահմաններն արևմուտքում հասնում են մինչև Սևանա լճի արևելյան ափերը, հարավ-արևմուտքում՝ Աղավնո (Հագարի), հարավում՝ Երախս (Արաքս) գետերը, արևելքում՝ խորանում Մուխանքի դաշտաբերանում, իսկ հյուսիսից՝ եզրագծվում Դարաբաղյան լեռնաշղթայով։

Արցախն ունի խիստ կտրտված լեռնային մակերևույթ։ Նրա տարածքի միջին բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1100 մետր։

Արցախը Հայկական լեռնաշխարհի մյուս նահանգների նման նույնպես բնութագրվում է սեյսմիկությամբ։ Մեծ տեղ են գրավում հրաբխային ապարները, իսկ գետահովտային մասում՝ նաև նստվածքային ապարները։ Հրաբխային գործունեության հետևանքով երկրամասի մակերեսը մեծ մասամբ ալիքավոր սարավանդների բնույթ է ստացել։ Այդ լեռնադաշտերը խախտվում են այստեղ-այնտեղ վեր խոյացող կամ պակաս նշանավոր գմբեթաձև գագաթներով։

ԼԵՌՆԱՇՂԹԱՆԵՐԸ ԵՎ ԼԵՌՆԵՐԸ։ Հյուսիսից՝ Թարթառ գետի վերին հոսանքից մինչև Արաքս գետի հովիտը՝ Արցախի հարավային սահմանագիծը, ձգվում է Ղարաբաղի լեռնաշղթան։ Հյուսիսային հատվածում այն միանում է Փոքր Կովկասի լեռների հետ։ Այս լեռնաշղթայի բարձր գագաթներն են համարվում Մեծ Քիրսը (2725մ), Քառասուն աղջիկը (2828մ) և Դիզափայտը կամ Շաղախը (2480մ)։ Արցախի հյուսիսային մասում՝ արևմուտքից-արևելք, ձգվում է Մռավի լեռնաշղթան, որը Ղարաբաղի լեռնաշղթայից բաժանված է Թարթառ գետի հովտով։ Այս լեռնաշղթայի վրա են Արցախի ամենաբարձր լեռնագագաթները՝ Գյամիշը (3724մ) և Մռավը (3419մ)։ Սրա ճյուղավորությունն է կազմում դեպի հյուսիս-արևելք ձգվող Եզնասար լեռնապարը։

Սևանա լիճը հյուսիս-արևելքից եզերող Քաշաթաղ և Սոդք լեռնաշղթաների