Ջալալ ադ-Դինի յոթնամյա արշավանքները(1225-31թթ.) չափազանց ծանր հետևանքներ ունեցան հայ ժողովրդի համար։ Ավերվեցին ծաղկուն քաղաքներն ու գյուղերը։ Թուլացավ երկրի տնտեսական և ռազմական կարողությունները։ Երկրում սկսեց թագավորել սովն ու համաճարակը, ժողովուրդը թողնված էր բախտի քմահաճույքին։
Չնայած դրան, այդ արշավանքների ժամանակ Ջալալ ադ-Դինը համարյա ոչնչով չշոշափեց Արցախի իշխանությունների շահերը։ Խորեզմի շահի զորքերը ավերեցին Ուտիքի դաշտավայրային շրջանները, հատկապես Գանձակի շրջակայքը։
Մոնղոլները ուշի ուշով հետևում էին Այսրկովկասում տեղի ունեցող անցքերին, նպատակ ունենալով հարմար պահին ջախջախելու Ջալալ ադ Դինին և վերջնականապես տիրելու նրա տիրապետության տակ գտնվող երկրներին։
Մոնղոլները հետապնդելով Ջալալ ադ-Դինին վերջնականապես 1231թ. հաղթանակի հասան նրա նկատմամբ։ Ջալալ ադ-Դինին հետապնդող մոնղոլները ավերեցին Պարսկաստանը և հասան մինչև Եդեսիա ու Սամոսատ, ապա մարտերով առաջացան մինչև Եփրատ, ավեր ու սպանդ գործելով արշավեցին Դիարբեքիր և Ջազիրա 257։ Այնուհետև նրանք վերադարձան Ատրպատական։
Մոնղոլները, անցնելով Երասխը, հաստատվեցին Մուղանի բարեբեր դաշտում258։ 1232թ. վաղ գարնանը նրանք շարժվեցին դեպի հյուսիս-արևմուտք, պաշարեցին Գանձակը։ Քաղաքի բնակչության դիմադրությունը ավելի բորբոքեց մոնղոլներին։ Նրանք թափանցելով քաղաք՝ արյան բաղանիք սարքեցին, սրի քաշեցին ողջ բնակչությանը, չխնայելով անգամ կանանց ու երեխաներին259։ Այս անգամ էլ մոնղոլները չհիմնավորվեցին գրավված տարածքներում և մեծաքանակ ավարով ու գերիներով հեռացան Պարսկաստանի խորքերը։
ՄՈՆՂՈԼՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԱՐՇԱՎԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԳՐԱՎՈՒՄԸ։ 1235թ. Չինգիզ խանի հաջորդ, նրա կրտսեր որդի Ուդեգեյի կողմից հրավիրված համամոնղոլական ղուռուլթայը որոշեց նոր արշավանքներ սկսել և գրավել Ռուսաստանը, Արևելյան Եվրոպայի և Այսրկովկասի երկրները։
1236թ. ռազմական գործողություններ են սկսվում մի կողմից՝ դեպի