Էջ:Artcakh history.pdf/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այնուհետև Լանկ-Թամուրի զորքերը ներխուժում են Արցախ, գրավում Վերին Խաչենը։ Ծարի Դոփյան իշխանական տան ներ­կայացուցիչ Հասանը կնոջ՝ Խոնձայի և վեց որդիների՝ Գրիգորի, Սարգսի, Շանշիի, Ջհանշիի, Աղբուղայի և Շիրվանի, ինչպես նաև իշխան Սադունի հետ, անհավասար պայքարում նահատակվում են274։ Փրկվում է միայն Հասանի Վահրամ որդին։ Ավերվում են Խաչենի բարգավաճ բնակավայրերը։ Ժողովրդին գլխատելու, հետագա ապստամբություններից խուսափելու և թիկունքի ապահովության համար թամուրյանները կոտորում էին ոչ միայն տեղական իշխանավորներին, այլ նաև գյուղական այնպիսի պաշտոնյաներին, ինչպիսիք էին տանուտերերն ու ձեռնավորները275։

Այս նվաճումներից հետո Թամուրի զորքերը մտնում են Վրաստան և 1386թ. նոյեմբերի 21-ին գրավում ու կողոպտում Տփղիսը։

Ձմեռման համար Այսրկովկասում Լանկ-Թամուրը բանակատե­ղի ընտրեց հատկապաս տարվա այդ եղանակին մեղմ կլիմա ունե­ցող Մուխանք գավառը, որը կոչվում էր նաև Ղարաբաղի դաշտ։ Հարկ է նշել, որ Ղարաբաղ անունը պատմական սկզբնաղբյուրներում առաջին անգամ արձանագրվում է 14-րդ դարի վերջին «Վրացական ժամանակագրության» և պարսիկ պատմագիր Համադալլահ Ղազվինիի մոտ276։

1394թ. սկսվեց Լանկ-Թամուրի երկրորդ արշավանքը դեպի Հայաստան։ Այս անգամ Լանկ-Թամուրի զորքերը Հյուսիսային Սիջագետքից անցան Արևմտյան Հայաստան, դաժանորեն հաշվեհար­դար տեսան տեղի բնակչության հետ և հասան Այրարատ։

Լանկ-Թամուրը ստիպված էր շտապ հեռանալ դեպի Աղվանք՝ հակահարված տալու Ասկե Հորդայի խան Թողթամիշին, որը ներ­խուժել էր Շիրվան277։ Թողթամիշը խույս տվեց ընդհարումից և հե­ռացավ Ասկե Հորդա, իսկ Լանկ-Թամուրի զորքը ձմեռեց Մուղանի դաշտում՝ ասպատակելով շրջակա Արցախի և Ուտիքի բնակավայրերը։

1399 թվականին Լանկ-Թամուրը երրորդ անգամ հայտնվեց Այսրկովկասում։ Մտնելով Իրանի հյուսիսային նահանգները, նա անցավ Արաքսը, մտավ Մուղան, 7 ամիս շարունակ գերեց ու կողոպտեց Վրաստանի և Հայաստանի հյուսիս-արևելյան շրջանները։