Էջ:Artcakh history.pdf/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

միաժամանակ լինելով իր մոր քաղաքական ծրագրերի հակառակորդը, չէր ցանկանում շարունակել այդ արշավանքը։ Ռուսական զորքերի հեռանալը ծանր հարված էր հայության համար։ Ժողովուրդն ապրում էր տագնապալից օրեր։ Մշտապես կրկնվող պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի, Սյունիքի և Գանձակի շրջաններում սովն ու մահտարժամը սովորական երևույթներ էին։ Հայության մի մասը ստիպված լքում էր իր հայրենիքը, հեռանալով Վրաստան և Ռուսաստան։

Աղա Մուհամմադ շահը, ճնշելով Խորասանում ծագած ապստամբությունը, սկսեց եռանդով նախապատրաստվել Այսրկովկաս ներխուժելու համար։ Ռուսական զորքերի հեռանալուց հետո, 1797թ. գարնանը Աղա Մուհամմադ շահը նոր արշավանք սկսեց դե­պի այսրկովկասյան երկրները։ Շահն Խուդափերինի կամուրջով, անցնելով Արաքսը, շարժվում է դեպի Շուշի։ Ղարաբաղի Իբրահիմ խանն իր մերձավորներով լքում է ամրոցի պաշտպաններին և ապաստանում Դաղստանի Ումմա խանի մոտ։ Այս անգամ Աղա Մու­համմադ շահը գրավում է Շուշին և ավերում այն, սրի անցկացնում բնակչությանը։ Շահի դաժանություններից զերծ չէին մնում նաև իր իսկ անմիջական սպասավորները։ Եվ նրանցից մեկը՝ Սաֆար Ալին, գիշերով մտնում է շահի ննջարանը ու դաշույնի հարվածներով վերջ դնում բռնակալի ոճրաշատ կյանքին384։ Դրանից հետո պարսից զորքը խառնիճաղանջ խմբերով հեռանում է դեպի Իրան, ուր պայ­քար էր սկսվել իշխանության համար։

ԱՐՑԱԽԻ ՄԻԱՑՈՒՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ։ 18-դ դարի վերջերին և 19-րդ դարի սկզբներին սկսվում է արցախահայության ազատագրական պայքարի և Ռուսաստանին միացման եզրափակիչ փուլը։ Արցախահայությունը ապրում էր թերևս իր պատմության ամենատագնապալից ու մղձավանջային օրերը։ Աղա Մուհամմադ շահի և Հյուսիսային Կովկասի խառնամբոխ ցեղերի պարբերաբար կրկնվող ասպատակությունները, Իբրահիմ խանի խարդավանքներն ու հայաջինջ քաղաքականությունը քամել էին Արցախի կենսատու ուժերը։ Այս ամենին գումարվեց երաշտն ու բնական մյուս աղետները։ Երկրամասում մոլեգնում էին սովն ու համաճարակ հիվանդությունները։