պիեսներ, կատարել թարգմանություններ, հավաքել ժողովրդական շատ խաղիկներ ու հեքիաթներ։
Արցախում հայ գրականության զարգացմանը նպաստում է թարգմանական գործի կազմակերպումն ու հրատարակումը։ Շուշիում առաջին անգամ հայերեն հրատարակվեց Գոգոլի «Տարաս Բուլբան», Ֆիրդուսու «Շահնամեից» «Ռոստոմ եւ Զոհրաբը», «Զոհրակ Բիւրասպի Աժդահակը» և այլն։ «Քնար խոսնակ» հանդեսի էջերում թարգմանաբար տպագրվել են Հայնեի, Գյոթեի, Շիլլերի, Բայրոնի, Պուշկինի, Լերմոնտովի, Դոբրոլյուբովի ստեղծագործությունները523։
Շուշիի մշակութային եռուզեռի պայմաններում աշխույժ ու բեղմնավոր է եղել Շուշիի թատերական կյանքը։
1860-ական թվականներին Շուշիում գործում էին սիրողական թատերական խմբեր։ Դպրոցների բարձր դասարանների աշակերտների և ուսանողների ուժերով կազմակերպվում էին գրական-գեղարվեստական երեկույթներ, ցերեկույթներ, թատերական ներկայացումներ։
Պրոֆեսիոնալ թատրոն ստեղծելու ճանապարհին առաջին քայլը կատարվեց 1865թ., երբ Շուշի են գալիս Թիֆլիսահայ դերասաններ Գ. Չմշկյանը, Մ. Ամերիկյանը և Ս. Մանդինյանը և տեղական ինքնագործ ուժերի հետ միասին բեմադրում «Սամվել», «Վարդան Մամիկոնյան», «Շուշանիկ» և այլ ներկայացումներ։ Այս ամենը վարակիչ եղան Շուշիի թատերասեր հասարակության համար։ 1868թ-ից սկսած՝ Համբարձում աղա Հախումյանի տան դահլիճում, թեմական դպրոցում, քաղաքային ակումբում բեմադրվել են նաև Ղարաբաղի բարբառով գրված պիեսներ։
1882 թ. ամռանը «Պեպո», «Խաթաբալա», «Ո՞վ է մեղավոր» ներկայացումներում հանդես եկավ հայ բեմի մեծ վարպետ Պետրոս Ադամյանը։ Ամենից առաջ ժողովուրդը նրան սիրեց Համլետի դերակատարման համար։
1880-ական թվականներին Շուշիում են լինում նաև Սաֆրազյան ամուսիները՝ տեղի սիրողների հետ խաղալով «Սամվել», «Շուշանիկ», «Երվանդ կամ Սանդուխտ կույս» և այլ պիեսներ524։ Շուշիի թատերական կյանքը նոր հունով է տարվում, երբ 1891 թ. հիմնադրվում