Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երազում Սաքանի աչքին երևաց Մթնաձորը. սպիտակ շոր հագած մի կին ձորով վազում էր իր հետևից, մոտենում էր, որ բռնի, կանգնում էր կինը, ծիծաղելով ետ փախչում ձորն ի վեր։

ԽՈՆԱՐՀ ԱՂՋԻԿԸ

Գարնանային առավոտը խոստանում էր պայծառ և արևոտ օր։ Կուշտ կերած մեր ձիերը արագ քայլերով բարձրանում էին քարոտ արահետը և ամեն քայլափոխին փնչում։ Քրտինքից խոնավացել էր ձիերի մուգ կապույտ վիզը։

Արահետն օձապտույտ ոլորվում էր։ Ինչքան հեռանում էինք գյուղից, այնքան ավելի խտանում էր անտառը, հանդիպում էինք հաստաբուն ծառերի, որոնց ճյուղերն իրար էին խառնվել և կախվել արահետի վրա։ Հաճախ էինք կռանում թամբից, գրկում ձիու վիզը, որպեսզի կախ ընկած ճյուղերը չքերծեին մեր դեմքը և փշերը չծակծկեին։

Լուռ էինք։ Ես մտրակի ծայրով զարկում էի ծառերի տերևներին, պոկում տերևները կամ թափահարում ծառի կախ ընկած ճյուղերը, և գիշերվա ցողը անձրևի նման թափվում էր ձիու վրա, ինձ վրա։

Ընկերս կամաց սուլում էր մի երգ և ձիու քայլերի համեմատ թամբի վրա օրորվում։

− Այս կածանով տասներկու տարի առաջ գնացի Ձորագյուղ,−ասաց ընկերս։ Թվում էր, թե ինքն իրեն էր խոսում։

Նայեցի նրան։ Ժպտում էր, կարծես միտն էր ընկել մի երջանիկ դեպք, որին ականատես են եղել արահետը և հին անտառը։

Ես հարցրի, թե ո՞ր քամին էր նրան շպրտել հեռու ձորերում ընկած այն գյուղը:

− Հենց այդ օրը բանտից նոր էի դուրս եկել։ Տասնյոթ-տասնութ տարեկան երիտասարդ էի։ Այնքան եռանդ ունեի աշխատելու և այնպիսի կորով...Եթե մնացած լինե՜ր այդ երիտասարդությունը։

Արահետը վերջացավ և անտառի խորքում խառնվեց ավելի լայն ու փափուկ ճանապարհի, որ գալիս էր գետերի հովիտներից։ Ձիերը կանգ առան, խոր շնչեցին և ապա շարունակեցին քայլերը։

− Գիտես, երբեմն մարդու հիշողության մեջ մի դեմք այնպես է մեխվում, որ տասնյակ տարիներ հետո էլ հիշում ես նույնքան պայծառ, ասես երեկ ես տեսել։ Մարդ մոռանում է անունը, տեղն ու տարին, թե երբ է տեսել այդ գլուխը, աչքերը. մոռանում է մանրամասնությունները,