Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Բռնի էս ճանապարհը, գնա՜, գնա՜ ու չի վերջանա։ Աշխարհը մեծ է, աշխարհը ծայր չունի։

Բրուտ Ավագը ինձ հողե փարչ է տվել և հողի մարդու օրհնություն։

− Ծարավես՝ կխմես։ Կուռդ դալար մնա...

Գիշերն անձրև է եկել, խոնավ է գետինը։ Կառքը աղմուկ չի հանում։

Ընկղմվում է Դրնգանը, քարերը ծածկում են մեր արևոտ թաղը, միայն գետափի տներն են երևում և ընկուզենիները։ Եվ ինչքան բարձրանում ենք, այնքան խոյանում է Ցից քարը։ Նրա տակն են բրուտների քարանձավները։

Երեկոյան հորթերն եկան, նրանց հետ հորթարած Անդոն։

— Գնո՞ւմ ես։

− Հա՛։

− Գնա՛։

Տխուր է Անդոն։ Հոգնել է, բայց չի գնում տուն։

− Էգուց հորթերն էն կուռը կտանեմ...

Կառքը բարձրանում է։ Սարի վրա ամպ է նստում։ Մեր թաղը չի երևում։ Շուտով այս ամպը կիջնի սարի վրայով և կփռվի մեր ձորերի վրա։

Մեկն ամպի միջից վազում է, ձեռքով անում, կանչում է։ Զարմացած կառապանը քաշում է ձիերի սանձը։ Կառքը կանգնում է։

− Անդո՛,− և դուրս եմ թռչում կառքից։

Գյուղի երեխաները երբ հրաժեշտ են տալիս, ոչ համբուրում են իրար, ոչ ձեռք են սեղմում։ Նրանք նայում են իրար, ինչպես մունջ մարդիկ։ Հեռացողը հեռանում է, ով մնում է տեղը, նայում է նրա հետևից մինչև սարի հետևն անցնի կամ իջնի ձորը։

Կառապանը մեզ բաժանեց։

− Ճանապարհին կուտես,− և Անդոն իր տոպրակից հանում է բոված սիմինդր, որ ամեն առավոտ պատրաստում է Անա զիզին։

− Ունեմ, քեզ պահի...

− Չէ՛, իմը ա՛ռ,− և գլորվում են անիվները։

Ամպը կախվում է, Անդոն ու մեր հորթերը կորչում են ամպի մեջ։ Ձորը լցվում է կաթնագույն ամպերով։ Թաց գետինը խլացնում է վազող ձիերի դոփյունը։ Իսկ կառքը գնում է. լսվում է զանգակների ծլնգոցը, կարծես աղջիկները մանր ծափ են տալիս։

Հոգնածությունը նինջ է բերում։ Գլուխս հենում եմ մեկի տաք թևին։ Քնում եմ, ինչպես ծիծեռնակի ձագը մոր թևի տակ։ Երազում կառքը ամպերի վրայով է թռչում, դեպի խոր երկինքը։