Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Որքան պրպտում եմ, չեմ կարողանում որոշել, թե ե՞րբ եմ տեսել մթին ձորի լուսավոր ափը, կանաչ խոտերի վրա հանգստացող սև եզները։

Իսկ քարափի գլխին կանգնած ստվերն իմ ընկերն է, բրուտի տղան։ Նա սեղմում է իմ ձեռքը։ Ես փողոցի անկյունից ետ եմ նայում։ Դեռ կանգնել է քարափի գլխին և դժվար է որոշել, թե որ կողմն է ուղղված նրա հայացքը։ Նա ձեռնափայտ չունի, բայց կռացել է այնպես, կարծես ծնոտը հենել է փայտին։

Նույն կառքը, նույն ճանապարհը, որ շողշողում է մթի մեջ, ինչպես փրփուր ջուրը։ Նույն զանգուլակները և տխուր ձանձրույթը։

Եվ հանկարծ մթնում վառվեցին ճրագները, կարծես միանգամից լույսի ալիքներ ծփացին քաղաքի վրա, ինչպես քամուց ծփում է հասած արտը։

Ես մտածում եմ, որ Անդոն իջել է ձորը, Դամուրի ավերակ մարագը, որ կենդանացել է, խորացել, որովհետև ներսը մեքենաներ են դարսել և պողպատներ հագցրել ժայռերին։ Հիմա բանտարկված գազանի նման մոտորը մռնչում է խոնավ քարանձավում, որի կտուրից ջուր է կաթկթում։

Անդոն կրակ է արել դուրսը, մուտքի մոտ, որտեղ քարը փորել են և խոռոչում օջախ սարքել։ Նա պղնձե սևացած թեյամանը կախել է կրակի վրա և բոցը թրթռում է ձորում։

Շուտով բոլորովին կմթնի, օջախի կրակը կհանգչի, Անդոն կփաթաթվի մեքենայի ծածկոցի մեջ և հոգնած աչքերով մինչև լույս կնայի կարմիր լամպին, պղնձյա սլաքներին և փոկերին։ Հոգնած կոպերը կծանրանան աչքերի վրա, սակայն նրա զգաստ լսողությունը կհետևի փոկերի աղմուկին։

Սարից փչում է սառը քամին։ Կառքը բարձրանում է դեպի կատարը... Ներքևում թարթում են բազմաթիվ ճրագներ, նրանք հսկում են քաղաքի վրա։ Ճրագները հանկարծ ուժեղացնում են լույսը, ապա մեղմում։ Կառքը գլորվում է սարի մյուս երեսը։ Իմ մտքում հրաժեշտի խոսքեր եմ ասում քաղաքին, Գյունեյ թաղին, մեր Ցից քարին և իմ մանկության ընկեր Անդոյին։

− Երեք անգամ եթե լույսերը սպիտակեն, ուրեմն իմացիր...

Այդպես ասաց Անդոն, երբ դուրս եկանք քարանձավից։ Նա ինձ համար էր անում, այդպես ինձ էր հրաժեշտ տալիս։

Երրորդ անգամ ես չտեսա, թե ինչպես հանդարտեցին ճրագները։ Քաղաքի վրա սպիտակ, կաթնանման լույս էր...

Սարի մյուս երեսը խավար էր։ Լուսինը ցածր էր և սարի կատարը