Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
7

Իսկ հրապարակն այդ ժամանակ ծփում էր մի արտասովոր դեպքից։ Փողոցներում խռնված բազմությունից ոմանք բարձրացել էին պատերի և պատուհաների վրա, որ ավելի լավ տեսնեին, թե ի՞նչ է կատարվում մեջտեղը։ Ոմանք բարձրացել էին ձիերի վրա։ Ոտքի էին և կենտրոնում սեղանի շուրջր բոլորած մարդիկ։

Մի կապտավուն ձի՝ երկար, ծալվեծալ բաշով, բոլորովին մերկ, կատաղած վազում էր հրապարակով։ Նա երամակի ձի էր, սնվել էր լեռներում, երբեք հեծվոր չէր նստել մեջքին, սանձը չէր դիպչել մռութին, սմբակները պայտ չէին տեսել։ Այդ ձին էին ուզում բռնել զինվորները, որոնք երկար պարանները թևերին փաթաթած շպրտում էին գերություն օղակը, հենց որ ձին մոտենում էր նրանց։ Բայց ձին ամեհի ոստյուն էր անում, թռչում օձի նման գալարվող օղակի վրայով և փախուստի ելք փնտրում։ Զինվորների մյուս խմբերը գազանային ոռնոցով կտրում էին նրա ճանապարհը և ետ փախցնում դեպի նրանք, որոնք ոլորում էին նոր օղակ։

Գյուղացիները շունչ պահած, անսահման հետաքրքրությամբ դիտում էին կապտավուն նժույգի գազազած վազքը։ Նրանք չէին թաքցնում իրենց հրճվանքը, երբ ձին թռչում էր օղակի վրայով։ Նրանց բոլորի թաքուն ցանկությունն էր, որ ձին ճեղքեր զինվորների շղթան, և հրեղեն հրաշքի պես աներևութանար, թռչեր դեպի հայրենի լեռները, և այնտեղից պղնձաձայն վրնջար հատուցման և անսահման ազատության երգը։

Մարդիկ մ՛ի պահ մոռացել էին իրենց ձիերը, որոնց զինվորները կապել էին փշալարի ցանկապատի հետևը,− մոռացել էին, որ ձիերի սանձերն ու չվանները շալակած, ոտքով պիտի բարձրանային դեպի լուռ գյուղերը, որոնց դաշտերում այլևս չէին վրնջալու փշալարով անջատված ձիերը։

Հանկարծ բազմությունը հառաչեց, լսվեց խուլ գվվոց, ինչպես հողմի շառաչն անտառում։ Զինվորները վազեցին փշալարի կողմը։ Մի վայրկյան ճեղքվեց բազմությունը, ինչպես ծովի սև ալիքները, երբ երևում է մութ անդունդը,− ապա նորից կլանեց ամեն ինչ։

Կապտավուն նժույգը վերջին հուսահատ ոստյունն էր արել, փորձել էր թռչել փշալարի վրայով և ընկել էր լարի երկաթյա սուր փշերի վրա... Ճեղքվել էր կուրծքը, փորը և վշշում էր արյունը լարերի վրա, մահվան հրապարակի վրա և մեռնող նժույգի ջինջ աչքերում ընդմիշտ սառչում էր հեռվի կապույտ լեռնաշխարհը...