Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է, նրանք մնացել էին ապշած։ Իսկ Կոստանդը կեղծ ուրախությամբ ետ տարավ ձին և անհայտացավ։

Դարբնի տղան Սիմոնի ականջին շշնջաց.

− Տեսա՞ր, որ ասում էի...

Բայց Սիմոնը չլսեց: Նրա ականջին հասավ իր ազգանունը և Ցոլակի սանձից բռնած, մտավ հրապարակը։

Երբ մոտեցավ, վերցնել տվին ձիու համետը և մի ակնոցավոր ռուս, որ անասնաբույժն էր, քիթը վեր քաշելով կռացավ վերքի վրա։

− Չտարան,− անցավ Սիմոնի մտքով։ Բայց մարդը բարկացավ և մատը թափ տվեց Սիմոնի վրա։ Նա հայհոյում էր։

Սիմոնը վախից դողաց, գունատվեց և նստեց համետի վրա։

Զինվորները Ցոլակին տարան։ Սիմոնը տեսավ, թե ինչպես իր ձիու երկար պոչը սուր մկրատով կտրեցին։ Եվ իսկույն աչքին այնպես երևաց, ասես Ցոլակը մեծացավ և դարձավ ղազախի ձի։

Գյուղական գրագիրը բղավեց նրա վրա։ Նա սթափվեց և բեռը շալակին վերադարձավ յուրայինների մոտ։

8

Արևն արդեն թեքվել էր, երբ գյուղացիները ճանապարհ ընկան տուն։ Ազատվել էին միայն ութ ձի, որոնց վրա բարձել էին մնացած ձիերի համետները։ Գյուղացիներից ոմանք իրենք էին շալակել ձիերի սանձերն ու չվանները։

Ազատված ձիերը, որոնցից երեքը ծուռոտ էին, մեկի մեջքն էր փոս ընկած, երկուսը քոս էին, իսկ Հաբեդանց ձիու երկու կողոսկրը չկար,− ազատված ձիերը հազիվ էին քայլում ծանր բեռան տակ։

Սիմոնը գլուխը կախ գնում էր մյուսների հետ։ Դարբնի տղան էլ լուռ էր, որովհետև ոչ ոք սիրտ չուներ նրան լսելու։

Նրանք անընդհատ բարձրանում էին լեռը, կարծես պիտի գնային մինչև մութ երկինքը։ Մայրամուտի արևը աջ կողմից նրանց ոսկեվորել էր։ Նեղ արահետով գնում էին նրանք իրար հետևից, ինչպես կռունկի երամ և թվում էր, թե բեռների տակ կքած սև ստվերները հավիտյան պիտի բարձրանային մութ լեռը, մինչև մի խավար անդունդ հանկարծ կլաներ նրանց։

Սիմոնը ձիու չվաններից և սանձից զգում էր Ցոլակի ողորկ մարմնի ծանոթ հոտը։ Եվ մի միտք, ծանր բեռից ավելի դժվար ծանրությամբ,