Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ներս մտավ ու սանձը գցեց մի անկյուն։ Անկողնից վեր թռավ Շողերը։

− Ապի՛, բա Ցոլա՞կը։

Աղջկա միամիտ հարցին, որպես պատասխան, դուրսը, լեռնային գյուղի սառը խավարում, վրնջաց անմայր մի քուռակ։ Կարծես բազմաթիվ մանր զանգակներ երգեցին անեզրական տխրություն։

Շարմաղ բիբին սարսուռով վրա դրեց դուռը, և հին դուռը մի անգամ էլ երգեց երկար ու կերկեր, արևելյան թախծոտ մի երգ։

Պառավը լալիս էր...

Հետո քանի երեկո իջավ ու զանգեր զարկեցին, բայց մինչև մահ, իրիկնապահին նա ոչ դուռը բացեց և ոչ էլ զանգերի ղողանջը որպես անանձնական օրհնություն ներս մտավ նրանց սև խրճիթը...

1928-1930

ՊՐՈՎԻՆՑԻԱՅԻ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ

1

Ճշմարտության դեմ կմեղանչենք, եթե այս տարածությանը, որ կոչվում է Աստաֆյան, անվանենք փողոց, որովհետև մեր քաղաքում այս փողոցը հռչակված է նաև իբրև ժամադրավայր, նավահանգիստ, այն հին մակույկների համար, որոնք հանդարտ օրորվում են վերից վար, այսինքն «անցնում են և բարձրանում»։ Նա և պատկերասրահ է, այն տարբերությամբ, որ պատկերները զբոսնում են և մի օրվա ընթացքում հետաքրքրասեր մեկը կարող է տեսնել նաիրյան հոգևոր կուլտուրայի բազմաթիվ ներկայացուցիչների։ Այս փողոցն ունի նաև վատ համբավ, եթե մեկը կամենում է ցույց տալ իր բացասական վերաբերմունքը մի տեղեկության կամ կարծիքի մասին,− ասում է՝ «Աստաֆյան փողոցի զրույց է»։ Վերջապես կարելի է մեջտեղ բերել մի այլ ապացույց, որով աներկբա կդառնա այն, որ այս տարածությունը սովորական առումով փողոց չէ, այլ ունի այնպիսի հատկանիշներ, որոնցից զուրկ են քաղաքի մյուս փողոցները։ Նկատված է, որ այստեղ երկար տարիներ ժամադրվողներին, հանգստացողներին, փողոցում վիճաբանողներին և առհասարակ այս տարածության սիրահարներին հատուկ է մի առանձին քայլվածք՝ մի տեսակ հոգևոր երթ, երբ մարդը թեքում է վիզը, գնում