Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Ինչի՞ եք մինչև հիմա զարթուն,− դարձավ նա ծերունիներին:− Մայրի՛կ, տեսնու՞մ ես ինչ տղա է դառել։

− Հա՛, քեզ մատաղ...

− Դե ի՞նչ ունես, բեր, նանի՛, թաքուն տեղ պահած կլինես:

Պառավը ուրախ սենյակ մտավ, սնդուկը զնգաց, ապա գոգնոցը բռնած մոտեցավ օջախին: Շեմքի մոտ նստել էր Ունանը և զննող հայացքով նայում էր մեկ Անտոնին, մեկ Սահակին ու նրա ընկերներին: Նրանք երբեմն ռուսերեն էին խոսում, Անտոնն ավելի հաճախ ու բոլորովին օտարի էր նմանվում նա այդ րոպեին, ասես բոբիկ ոտներով, երեսին քերծվածքն անպակաս երեխան չէր... Ի՞նչ մարդիկ են նրա ընկերները... Եվ ո՞րտեղից է այդ ընկերությունը... Թե հին ճանաչներ են, ինչո՞ւ մի անգամ Սահակն իրենց տուն հյուր չի եկել։

Անտոնը ծոցից թղթի կտոր հանեց, կռացավ վրան, մյուսները գլուխները մոտեցրին։ Մատիտով գծում էր, սևացնում... պատմում էր, իսկ Սահակը գլխով նշան էր անում։ Ունանի աչքին ընկավ Անտոնի ճակատի սպին, որ կռանալուց ուռել էր... Ինքը ջաղացումն էր, մեկ էլ խաբարը բերեցին, թե ծառիցը ընկել է... Հիմա տեսնես ի՞նչ գործի է... ինջիներ է, ադվակատ է... Ինքն ինչ իմանա, միայն եկողներից միշտ լավն է լսել: Գուցե ինքը լավն է, իսկ այդ ղարիբ մարդիկ, նրա ընկերները... Հը՞, ով գիտե... Աշխարհն այնպես խառնվեց, այնպես բորան եղա՜վ, և գցեց որտեղից որտեղ... Ոչ մեկն էլ մի նշան, մի մեդալ չունի, որ ինքն իմանա թե ով է և ումից մեծավոր... Սհակի պաշտոնն է բարձր, թե որդունը... Սհակն իր ոտով եկավ, ուրեմն... թե մեծավոր են, ինչո՞ւ հարցրեց, թե ժողովուրդը ոնց է ապրում։ Երևի թաքուն քննիչ է Անտոնը, քաղաքից ուղարկել են։ Հալբաթ մեծ զորություն ունի։

Իսկ Անտոնն ընկերներին պատմում էր այն մեծ ճանապարհի մասին, որի կառուցման խնդիրը դրական լուծումն էր ստացել և որը ետ ընկած գավառը միացնելու էր երկաթգծի գլխավոր մագիստրալին։ Նա խոսում էր քարհանքերի մասին, գավառի խիտ և անանցանելի անտառների օգտագործման մասին։ Այդ բոլորը քանի անգամ քննության էին առել Սահակը, նրա ընկերները... Իսկ Անտոնը պատմում էր վերջին նորությունները, գործի մանրամասնությունները, որ անհայտ էին շրջանի ընկերներին։

Զանին մի անգամ կամացուկ ասաց.

− Անտոն, սմավարը սառչում է... փետով եմ գցել,− բայց նրանք չլսեցին։ Ունանն էլ պառավին հանդիմանեց.

− Մի երկու կտոր տաշեղ գցի, տեսնում ես պլան են քաշում... Խոսում են։