Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Դեռ եթե քեզ չենք պատժում, շնորհակալ եղիր,− և հետախուզական բաժնում նրան դուռն էին ցույց տվել։

− Աթա ապեր, մութ գործ է, էս գործին դու մի խառնվիր,– խորհուրդ էին տվել քաղաքում։

− Աստված, երկինք, գետինք, ճրագի նման արդար մարդ է իմ քիրվան, նրանում մեղք չկա՛, չկա՛,− և Աթա ապերն արտասվել էր։

Շատ ժամանակ անցավ, այնքան, որ պատահական ականատեսն առանց երկյուղի կարող էր պատմել այն, ինչի մասին եթե յուր ժամանակ ծպտուն հաներ, գլուխը մահու կտար։

Այդ պատահական ականատեսը՝ Մինասի տղա Ստեփանը, որի այգին գտնվում է Սորանի ձորում, այսպես է պատմել.

− Մայիսի 4-ին երեկոյան դեմ ես գնացել էի մեր թաղի քանդված պատը նորոգեմ... Մութը որ ընկավ, ասի աչքս մի քիչ փակեմ, մինչև լուսնյակը դուրս գա, լուսնյակով բանս վերջացնեմ։ Շատ էի քնել թե քիչ, մեկ էլ քնիս մեջ ձայներ եմ լսում․․․ Արթնացա, ասի էս ի՞նչ մարդիկ են մտել բաղը։ Ուզեցի կանչեմ, մեկ էլ մի քանի հրացանավոր տեսա, որ պատի տակով կամաց գնում էին։ Էլ չկանչեցի․ ասի ո՞վ գիտե ինչ մարդիկ են․․․ Տապ արի մնացի։ Չեմ իմանում նրանք ինչու պատի տակ կանգնեցին։ Մեկը ռուսերեն մի քանի խոսք ասաց, հենց մենակ էս հասկացա, որ ասեց «սկարեյ, սկարեյ», ուրեմն թե շուտ արեք... Էն առաջին տարիները, ղազախը որ եկել էր, ես նրանց ձիերի համար խոտ էի հարում. էդ խոսքը էն ժամանակից գիտեմ։ Որ սկարեյ ասաց, միտք արի, թե սրանք փախած զինվորներ են, ասի կանչեմ, ինձ ինչ պիտի անեն որ... գուցե ճանապարհը մոլորել են, ճանապարհը ցույց կտայի... Չեմ իմանում Սորանի ձորում եղել եք, թե չէ... Թե եղել եք, պետք է տեսած լինեք, որ մեր բաղի տակով ճանապարհը գնում է խանդակի վրա։ Էլ էն կողմը բաղ չկա... Իսկ խանդակի միջով վերևի ճանապարհն է... Հա՛, մեկ էլ էն տեսնեմ, որ հետևից էլ են զինվորներ գալիս․․․ էս որ տեսա, ասի դաշնակցականի զինվորը փախչում է։ Հիմա նրանք պատի տակով են գնում, ես էլ պատի էն մի երեսով փորսող տալով գնում եմ... Նրանք էլ եկան կանգնեցին։ Մին էլ լսեմ, որ մի հալևոր տնքում է։ Էստեղ սրտումս կասկած մտավ։ Ասի բան կա։ Գլուխս մոտեցրի պատին... Էն հալևորը խոսում էր, զինվորներն էլ հեռու կանգնած են։ Էն հեռվի մարդիկ էլ ձորում քանդում են։ Հալևորը թուրքերեն ասաց. «Ալլա՜հ, ողորմությանդ մեռնեմ... Թե ես ավազակ եմ, բա ձեզ ինչո՞ւ են բերել։ Թե հայերը թուրքի են սպանում, ախր դուք էլ հայ եք, բա ձեզ ինչո՞ւ են սպանում»։ Մթնում մի ջահել հալևորին ասաց. «Օրուջ քիրվա, ոչ մենք ենք ավազակ, ոչ դու․