Ճարպիկ շարժումով Արզումանը, որի սապոգներր լցվել էին ջրով ու տիղմով, պարանը նետեց ցցաչոր կաղնու բնին ու ձգեց։ Պարանին մոտեցան և մյուսները, ետ ու ետ քաշվեցին և երբ Արզումանը «նո՜ւ» արեց, տասնյակ բազուկներ ձգեցին, ծառը ճաքեց և շառաչով վայր ընկավ։ Ջաղացպանի խորհուրդն օգնեց, մի քանի ծառեր էլ կտրեցին։ Մոտիկ տներից բերին և խոտի խուրձեր, խուրձերի մեջ քարեր դրին և գցեցին ջրի մեջ։ Հեղեղը վիշապի նման մռլտաց, գլուխը աջ ու ձախ դարձրեց, փորձեց ճակատով հրել բարձր ամբարտակը, ուժը չհաղթեց և դժգոհությամբ գլուխը թեքեց գերեզմանատան ձորը, վայր հոսեց իր հին ճանապարհով։
Այնինչ գյուղից դեռ գալիս էին։ Վերջին եկողներից մեկը պատմեց, որ Քառասնաջրից եկող առուն բոստաններին շատ է վնասել... Լսվեց կանացի բարձր «վա՜յ»։
− Հը՞... ի՞նչ էր...
− Տեսնես որ լաչառն էր...
− Փորձանք պատահած չլինի՞...
Տեր Նորընծան նկատեց, որ արագ քայլերով մեկը անցավ իրենց փողոցով, լույսի տակ երևաց վազող ստվերը, և մինչև ինքը կվերկենար ու ձայն կտար, ստվերը կորավ մութի մեջ, լսվում էր միայն ոտքի ուժեղ դոփյունը։
− Տիրուհի՜... Ղարալրուն ո՞վ էր... Դու էլ տեսա՞ր։
− Էն ո՞վ կանչեց... Ձենը ներքևից էր,− պատասխանեց կինը։ Բայց հենց այդ ժամանակ Ավան ամին ձայն տվավ.
− Տերտե՜ր, քնած չե՞ս...
− Արի՛, արի՛ վերև, Հովհաննես... Էս փորձության ժամին, այ օրհնյալ, մարդ արարածը կքնի՜...− Ավան ամին վեր բարձրացավ։
− Լավ թրջվեցինք,− ասաց նա փափախը թափ տալով։
− Տիրուհի... արաղ բեր Հովհաննեսին...
− Տերտեր, բա մի չես նայե՞լ գրքիդ... Ի՞նչ է ասում։ Հո մեր վերջն չի... Էնա մի գլուխ կազատվենք, մեր հոգին էլ կդինջանա, մեր ջանն էլ...
− Նայել եմ... Միայն թե լուսնի հաշվով չի բռնում, և ակնոցը քթին դնելով, վերցրեց պատուհանին դրած գիրքը, որ միակ օրինակն էր թե Կարմրաքարում և թե ձորի գյուղերում։
Մի հին ձեռագիր էր այդ, որի մի մասը կոչվում էր «Թանգարան խրատուց», մյուսը՝ «Երազագիրք»: Կային և անթիվ «մաջուններ» զանազան ցավերի և հիվանդությունների դեմ։ Վերջապես լուսանցքներով և «հիշատակարանի» համար թողնված էջերի վրա Տեր Նորընծայի դիտողություններն