Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/534

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ձյունը դիմացի սարալանջին սպիտակին էր տալիս, բայց ձորերն ու գետահովիտները սև էին։ Ձյունի ջրերը քչքչալով գնում էին, ցող շարում կանաչի վրա։ Անտառը սևին էր տալիս։ Լուսաբացի խաղաղ օդը ճեղքեց ճնճղուկների երամը, որ քարերի վրա պտույտ արեց, ապա թռավ դեպի անտառը։ Շատ հեռվում սպիտակ ծուխ էր բարձրանում։ Կաղնուտի ձորում խոզարածները զարթնել էին։

Քյուրդ Մուրոյի «ատրյադը» հևիհև բարձրանում էր լեռը... Կարճ արահետներով գնում էին հետիոտն զինվորները։ Այստեղ, այնտեղ թփերի հետևը գլուխները հանում էին գյուղացիները։ Նրանցից մի քանիսը զենքով էին, իսկ մեծ մասն ուներ շամփուրներ, երկաթի լինգեր, ջուալներ, պարկեր։ Ամբողջ գիշերը նրանց խումբը ցրտից դողալով սպասել էր կռվի ելքին։

Երբ ձիավորները ետ էին նահանջել, այդ խումբը, որ մեծ մասամբ Զրիկից էր, ավելի շուտ էր վերադարձել գյուղը և լեղապատառ պատմել, որ թուրքերը լուսադեմին կմտնեն գյուղը։ Աղմուկ իրարանցում անելուց հետո, նրանք նորից էին վերադարձել դիրքերը, տաքացել խարույկների մոտ, ոմանք հսկել էին ձիերը, ձիերի տոպրակից ծածուկ գողացել էին գարի, լցրել գրպանները։

Քաղցածների այդ խումբը, ագռավների երամի նման, սպասում էր, որ հաղթողը մաշկի որսը, որպեսզի իրենք ուտեն լեշը։ Նրանք կրնկակոխ հետևում էին զինվորներին, նրանցից յուրաքանչյուրն իր մտքում վաղուց որոշել էր, թե ու՞մ տունը պիտի գնա, ի՞նչ կա այն տանը, որտեղ թաքցրած կլինեն տնամեջը։

Երբ լեռան գագաթից Քյուրդ Մուրոն բղավեց. «Հառա՜ջ, տղերք» և կեռ թուրը շողշողաց լուսադեմին, ձիավորները սուսերամերկ սլացան դեպի գյուղը, թռան իբրև բազեներ,− սակայն ոչ մի տան, ոչ մի պատուհանի և ոչ մի թփի հետևից գնդակ չարձակվեց։ Գյուղը լուռ էր, և միայն ներս խուժողների ձիերի սմբակներն էին դոփում սառած գետնին։

Դեռ մութը չընկած, Զեյթան քոչել էր։

Նրանք վաղուց էին սպասում այդ հարձակմանը։ Չոլախ Պուղանի բերած տեղեկությունը միայն հաստատել էր նրանց սպասելիքը։ Նույն գիշեր առանց աղմուկի, քոչ ու քարվանով գյուղը ճանապարհ էր ընկել դեպի լեռնաշղթայի ձյունոտ գագաթը, այնտեղից իջնելու տաք հարթավայրը:

Գյուղում մնացել էին 20-30 ձիավորներ, որոնց անակնկալ դիմադրությունը շփոթեցրել էր Քյուրդ Մուրոյին և հնարավորություն տվել,