Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/657

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բաց երեսները և այն, որ ուրիշները տեսնում էին շարժվող մարմնի ձևերը: Նրանց մեջ կային շեկ և կապուտաչյա կանայք, որոնք բարձր ծիծաղում էին առողջ կրծքով։ Այդ ծիծաղը հնչում էր սանձարձակ կրքով,− կարծես կանաչ մարգագետնի վրա վրնջում էր էգ ձին։ Եվ այդ ժամանակ երիտասարդ վաճառականներին թվում էր, թե գորգի միջից դուրս է եկել այն կինը, որի մարմինը հրդեհվում էր գորգի գույների հետ...

* * *

Չարսու բազարում կար մի խորշ, որտեղ չէին մտնում ոչ միայն ոստիկանները և ռուս չինովնիկները, այլ նույնիսկ տեղացի վաճառականներից ոմանք։ Այդ մասում ևս նույն ձևի կրպակներ էին, ինչպես մյուս միջանցքներում։ Սակայն կրպակների առաջ ապրանք չկար և չէր աղմկում մարդկային ժխորը։ Սովորաբար շքեղ չէր և այդ կրպակների ներսը։ Գորգերի վրա նստած մարդիկ կամ քաշում էին ղայլանը և կամ դանդաղ զրուցում՝ թեյի բաժակները դատարկելով նույն դանդաղկոտությամբ։ Երբ մտնում էր հաճախորդը, նրանք առաջարկում էին թեյ կամ մոտակա սրճարանից բերել էին տալիս մի գավաթ սուրճ։

Այդ անշուք արտաքինով կրպակները ողջ շուկայի կենտրոնն էին, այն ժամանակվա բորսան։ Այդտեղ սարաֆներն էին, որոնք իրար էին փոխանակում բազմատեսակ դրամներ՝ պաճախ ոսկի, մինալթուն, աբասի, զռան, արծաթ մանեթներ ռուսական թղթադրամ «ասեղնացի»։ Նրանց մոտ կարելի էր գտնել անգլիական, հոլանդական և այլ երկրների դրամներ։ Սարաֆները և փոխանակում էին, և մանրում, և դրամ փոխադրում Տրապիզոնից մինչև Բուշիր և ավելի հեռու։ Միաժամանակ և այդ խանութները քաղաքական լուրերի կենտրոնն էին և նույն ճանապարհներով, որոնցով նրանք ստանում էին այդ լուրերը, Երևան էին մտնում և դուրս գալիս մաքսանենգները։

Թավրիզ-Տրապիզոն առևտրական ճանապարհի Բայազետի վրայով ընկնելը,− որով օտարերկրյա վաճառականներն ազատվել էին ռուսներից սահմանված տրանզիտային բարձր մաքսից,— սաստիկ հարվածել էր Չարսու բազարի առևտրականներին։ Եվ միայն սարաֆներն էին, որոնք ոչ միայն տեր էին մաքսանենգների խոտոր ուղիներին, այլև ճարպկությամբ օգտվում էին բազմաթիվ դրամների անընդհատ փոփոխվող արժեքից։ Նրանցից շատերն իրոք ունեին այնքան հարստություն, որ կարող էին գնել ամբողջ քաղաքներ, ինչպես նկատել է Անտոնիո Ջիովանելլին։