Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբ տասնապետը եկավ խրամատին նայելու, տեսավ Պետուն՝ ընկած երեսնիվայր։ Նոր փորած հողը ծծել էր արյունը կարմիր։

Խրամատի մի անկյունում էլ թաղեցին նրան։

Գյուղը հոգս շատ ուներ, լաց չեղավ Պետու համար։ Տավարն էր, որ առավոտյան բառաչում էր գոմում, սարի կանաչին կարոտ։

Իսկ գիշերվա անձրևը սրբեց, լվաց խոտերից կաթիլները Պետու արյան...

* * *

Այու սարի լանջին հիմա մի կտոր տեղ կա, ուր կանաչն ավելի փարթամ է, ավելի մուգ։ Փարթամ կանաչի տակ փտում են ոսկիները Պետու։

ԾԻՐԱՆԻ ՏԱՓ

Թեկուզ անունը Ծիրանի տափ է, բայց և ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ։ Գետի ափին, քարաժայռերի ճեղքերում մացառներ կան, քրքրված ցախավելի պես դիք-դիք ցցված։ Ծիրանի տափի առավելությունը քամիներից պաշտպանված լինելն է և ջրի մոտիկությունը։ Սարում, երբ գարնան սկզբին բորան է լինում, անձրևախառն քամի, չոբանը ոչխարը գետի ձորն է քշում և պատսպարան տալիս լերկ Ծիրանի տափի ժայռերի հետև։ Այծերը մացառներ են կրծում։ Ոչխարը՝ գլուխը իրար շեքի մեջ՝ որոճում է։ Հոտի մեջ և ոչ մի ոչխար բորան օրերին գլուխը վեր չի հանի։

Ծիրանի տափը հիշատակելու արժանի ոչինչ չէր ունենա, եթե երկու գյուղի՝ Միրի և Մրոցի միջև անվերջ շարունակվող կռիվների, խոսք ու զրույցի առարկա չդառնար, եթե նրա համար տարիների ընթացքում բազմաթիվ անգամ մահակներով կռիվ չտային երկու հարևան գյուղերը՝ Մրոցն ու Միրը։

Երկու գյուղն էլ գետի ձախ ափին են ընկած, Մրոցը վերև, իսկ Միրը՝ ներքև։

Մրոցն ու Միրը հավասար ծխեր ունեն, և առաջներում, երբ մահակներով կռիվ էին տալիս Ծիրանի տափի համար, այնպես էր պատահում, որ մի տարի Մրոցն էր հաղթում, հաջորդ տարին՝ Միրը, կամ երկուսն էլ ջարդված վերադառնում էին, որովհետև Ծիրանի տափի համար համարյա հավասար թվով մահակներ էին զարկվում երկուստեք։

Մրոցն էլ էր այծ ու ոչխար պահում, Միրն էլ, վերի գյուղումն էլ