Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետ, ոմանք էլ ասում էին, թե այդպես ավելի լավ է, ավելի ազատ և աչքի էլ դուրեկան։

Տիգրանը գյուղի ժողովներին էր մասնակցում, ասում-խոսում ահել֊ջահելի հետ, պատմում նրանց քաղաքի մասին, հեռավոր երկրների անցուդարձի մասին։

Գյուղացիք հետաքրքրվում էին, հարցեր տալիս նրան, իրենց ցավ ու կրակից պատմում։

Եվ շատ հաճախ հուսահատությունը թանձր քողի պես պատում էր Տիգրանին, այնքան շատ էր թերին, գյուղում աշխատանքն այնպես դժվար։ Բայց մեկ էլ նրա ներսում ուժգին գրոհով զարկում էր մակընթաց մի ալիք, բնազգորեն սեղմում էր բռունցքը, աչքերը կկոցում, ասես հեռվում տեսնում էր գյուղը գալիք։

Էլյան տան աշխատանքն էր անում, օգնում Մինա բիբուն։ Միասին աշխատանքի ժամանակ էլյան սրտի դողով և ուշադիր լսում էր Մինա բիբու պատմածը գյուղի ներքինի մասին, թե ինչ է ապրում աղջիկը մանկամարդ, երբ նրան զոռով ամուսնացնում են տարիքով մեկի ունեցվածքի հետ, թե ինչպես են բուժում գյուղում, ինչ ծանր ցավով է վիժում ջահել հարսը ծծկեր մանուկը գրկին։ Մինա բիբին միասին աշխատանքի ժամանակ՝ խնոցի հարելիս կամ բուրդ գզելիս, էլյայի աչքի առաջ բացում էր գյուղի հազարամյա գիրքը, որի յուրաքանչյուր էջը տգիտության մի զոհի մարտիրոսագիր էր, սկեսրոջ ահի տակ, բռնակալ ամուսնու կրնկի տակ ընկած կնոջ տանջանքի նկարագիր կամ ծածուկ խեղդամահ արած մանուկների պատմություն։ Մինա բիբին մեկ֊մեկ դեպքեր էր պատմում ու թեթև գլուխը շարժում։

Սոսկում էր պատում էլյային, ու թվում էր, թե գյուղում, կիսամութ խրճիթների անկյուններում, դեռ մնում են դարերի թանձր խավարն ու ոգին չար։

Անժիկը պապի հետ էր լինում, երբեմն էլ հարևան երեխաների հետ։ Հասակակից մանուկները հավաքվում