Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին նրա շուրջ և զարմացած նայում սիրուն սանրած մազերին, փոքրիկ սանրին` մազերի մեջ, կոճակավոր կոշիկներին: Նայում էին գյուղի երեխաները, և ամեն մեկի սրտիկի մեջ ծնվում էր մի շատ մեծ ցանկություն` ունենալ այն, ինչ Անժիկն ուներ, նրա պես կաշվե սև գոտի կապել: Մանուկներից յուրաքանչյուրն աշխատում էր Անժիկի ընկերությունը ձեռք բերել, նրա հետ ավելի մոտ լինել:

Համարյա ամեն իրիկուն քնելու առաջ Մինա բիբին Անժիկին խնդրում էր իր հետ պառկել: Պառավն ուզում էր գրկել թոռան և իր սմքած մարմնի թույլ ջերմությամբ նրա մատղաշ մարմինը տաքացնել, հուսադրել ինքն իրեն, թե վերջին շառավիղը չէ, միջուկը փտած արմատը դեռ շատ ծիլեր է տալու:

Բայց Անժիկը միշտ էլ մերժում էր.

– Քեզ մոտ լավ չի, իմ տեղաշորից չեմ հեռանա:

Անժիկն ավելին էր ուզում ասել: Նա ուզում էր տատին ասել, որ նրա շապկից ծանր հոտ է գալիս, որ տատը ցերեկով բոբիկ է քայլում, գիշերն էլ առանց ոտքերը լվանալու պառկում:

Քաղաքից բերած իր կապույտ վերմակի տակ Անժիկը քնելուց առաջ մտաբերում էր քաղաքը, իրենց դպրոցը, շարքերը պիոներական, կինոն, տրամվայն ու էլի հազար ու մի պես-պես բաներ: Կապույտ վերմակի տակ Անժիկն իրեն քաղաքում էր զգում, և այդ նրան դուր էր գալիս:

* * *

Գարնան արևն իրեն արդեն զգալ էր տալիս: Գյուղի եռուզեռը շատացել էր:

Գյուղը հեռվից մի մեծ մրնջոցի էր նմա, որ գարնան սկզբին սկսում էր շարժվել: Գարնան արևն ավելի արագ էր քայքայում բակերում կիտած աղբը, և կծծահոտն ավելի թանձր էր թվում, գրգռում քթի լորձունքոտ մաշկը և աչքերից արցունք հանում: