Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սաքանի կինը սփռոցը գցեց, շարեց հաց, պանիր, մածուն։ Սաքանը մոտեցավ սփռոցին, հացի լավ տեղերից կտրեց, Ասյայի առաջ դրեց, ուզեց մածնի ամանն էլ դնի նրա մոտ, բայց քաշվեց, ամանը ետ տվավ։

Հաց ուտելիս Սաքանի աչքը Ասյայի փոքրիկ պատառներին էր։ Զարմանում էր, թե ինչպես է ուտում։ Ասյան լավաշի բարակ կտորները ոլորում էր, կծոտում մի քանի անգամ և ծամում, հետո աննկատ կուլ տալիս։ Սաքանը լավաշը երկու կտոր էր անում, մատներով լավաշի վրա պանիր փշրում և հացը կոլոլում, ինչպես խոտի խուրձ։

Երբ որ Սաքանի կինը երեխան տեղավորեց և մոտեցավ սեղանին, սկսեց ուտել, — Սաքանին այնպես թվաց, թե իր կինը որոճում է պառավ կովի պես, հացը շաղախում թքի հետ և կուլ տալիս էլ վիզը մի քիչ երկարում։

Սփռոցը հավաքելուց հետո, մինչև Սաքանի կինը տեղաշոր բաց կաներ, մայրն Ասյային հարցուփորձ արեց։ Երբ նա հարցրեց, թե երեխա ունի՞ թե ոչ, Ասյան ծիծաղելով պատասխանեց.

— Նանի, ես պսակված էլ չեմ։

Նանին միայն մտքում ասաց «ոնց թե» և զարմացավ, որ հասակ առած աղջիկը անպսակ է դեռ, երեխա չունի։

— Ես կուսակցության մարդ եմ, նանի, ես իմ տերը չեմ,— ասաց Ասյան, կարծես հասկացավ, որ նանին իր մտքում տարակուսեց, գուցե և կասկածեց նրա վարքի մասին։ Բայց նանին նրա խոսքի իմաստը չհասկացավ, թեկուզ հարսը շտապեց ասելու, թե ինչ է կուսակցությունը։

Երբ որ Սաքանի կինը քաշվելով, գլուխը մի քիչ կախ, սկեսուրին բացատրում էր և աչքի տակով նայում Ասյային, ասես ուզում էր հարցնի, թե ճիշտ է սերտել դասը,— Ասյան ներքին հրճվանքով էր նայում նրան։ Սկեսուրն էլ էր հարսին նայում, նա և՛ ուրախ էր, որ հարսը կուսակցության մարդ չի, և՛ կասկածոտ, թե չլինի վերջը ժողովներում շատ բան սովորի ու միտքը փոխի։