Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՎԱՆԴՈԻՆՑ ԲԱԴԻՆ

Գյուղում բոլորն էլ ճանաչում էին Վանդունց Բադուն, գիտեին, որ նրա տունը վերի հանդը տանող ճամփի վրա է, ջաղացներին չհասած, Աթանանց մեծ ընկուզենու մոտ:

Բադին գյուղի տավարածն էր: Ամենից կանուխ նա էր զարթնում, նրա ձայնն էր հնչում գյուղի փողոցներում:

– Տավարը տարա հե՜յ, ա՛ խալխը, ետանաք ոչ…

Գյուղացիք այնքան էին վարժ նրա կանչին, որքան աքլորի կանչին: Շատ անգամ ժամանակ որոշելու համար ասում էին, թե՝

10 – Բադին հալա տավարը տարել չէր, որ ես հանդումն էի, – կամ թե՝

– Հենց Բադին մի բերան կանչեց թե չէ, վեր թռա տեղից:

Բադին ինքն էլ չէր հիշում, թե քանի տարվա տավարած էր: Նա հենց այն գիտեր, որ խոլերի տարին իրեն զինվոր էին կանչել, մնացել էր գյուղում: Այն ժամանակ Աթանանց ընկուզենու մոտ ջաղաց դեռ չկար:

Ոչ ոք գյուղի հանդն ու սարը Բադուց լավ չգիտեր: Անթիվ անգամ նա չափչփել էր նախրի հետ սար ու ձոր: Նախիրն էլ էր լավ ճանաչում, գիտեր, թե այս կովն ումն է, թե չալ կովը երբ է սուբահ մնացել, քանի ծին ունի, թե Քարամենց եզան պոզն ինչու է կոտրած: