Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոտ տալ, մենք հասկացանք, որ նա յուղ, ու պանրի հետ քաղաք է տանելու և պոչը ծաղիկ երինջին, որը մեր բոլորի սիրելին էր, մեր աչքի լույսը։

Սակայն ոչ ոք չառարկեց: Առավոտ կանուխ բոլորս ոտքի էինք, և մեզնից ամեն մեկն աշխատում էր ավելի շոյել երինջի մեջքը, խոտի մեջ եղած չոր ծաղիկները ջոկել ու տալ նրան։

Պապս ձիու թամբին կապեց յուղն ու պանիրը և երինջին առաջ արավ։ Դարպասից դուրս գալուց, երինջը հետ նայեց դեպի կիսաբաց դուռը ու բառաչեց։ Գոմից նրան ձայն տվեց նրա պառավ մայրը։

Երբ ձին ու երինջը ծածկվեցին բոստանների պատերի ետևը, ու միայն երևում էր պապիս փափախը, որ սև կատվի պես վազում էր պատի վրայով,— մենք մի քիչ էլ կանգնեցինք ու ներս մտանք։

Երկու օր հետո պապս վերադարձավ։ Իր խնդիրքը գրել էր տվել Միրզա Գավիթին և տանուտերի օգնությամբ հանձնել փոստը։ Պոչը ծաղիկ երինջն էլ էր գնացել, յուղն ու պանիրն էլ։ Փոխարենը պապս բերել էր թղթի մի փոքրիկ կտոր, որ նրան տվել էին նամակն ընդունելուց հետո։

— Նազու աղջիկ, լավ տեղ դիր, աչքի լույսի պես պահիր։ Պատասխանն էդ թղթովն ա գալու։ Թե որ կորա՜վ…

Եվ փոքրիկ թուղթը, որ շորի մեջ ամուր փաթաթելուց հետո տատս դրեց սնդուկի մեջ, մեզ համար դարձավ և՛ ամենից թանկը, և՛ ահավորը։

Ի՞նչ կար այդ փոքրիկ թղթի մեջ, ո՞ւր է մեր պոչը ծաղիկ երինջը, մորթեցի՞ն, թե՞ բառաչում է ուրիշի գոմում։ Մտածում էինք այնքան, որ հոգնում էինք, քնում ու երազի մեջ տեսնում երինջին, որ խոտի տեղ ախոռում ուտում էր թուղթ…

Մի ձմեռ անցավ, բայց նամակի պատասխանը չեկավ։ Ամբողջ գյուղը գիտեր այդ մասին, և պապս միամիտ