Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու քարերի վրա բազմացրել ընկուզենի։ Հորդ անձրևին ավազախառն հեղեղը ահագին վշշոցով իջնում է ժայռերից, աղմկում, քամուց ընկուզենիները խշշում են, ձգում են արմատները և կռանում ձորի վրա:

Մեր Գյունեյ թաղն արևոտ է, գետի ափին։ Ճանապարհը ձգվում է գետի եզրով, անցնում կամուրջի հին կամարների վրայով և քարափի լանջով գնում դեպի քաղաքը։ Ջրաղացները սահմանն են։ Քարափի գլխին նավթի պահեստն է, որի ստորոտով ջուրը շառաչելով իջնում է ջրաղացների վրա։

Արևը չորացնում է ժայռերի խոնավությունը։ Տաք ու փափուկ գոլորշի է բարձրանում աթարի դեզերից, բակերից ու բոստաններից։ Անա զիզին փեշերը շաղաթաթախ, քաղում է կանաչ պամիդորը, գոգը լցնում։ Շեմքի առաջ չոր խսիրի վրա մեկնվել է կատուն, մռռում է, աչքերը կիսախուփ անելով։

Անա զիզին կուզեկուզ բարձրանում է քարի վրա և կանաչ պամիդորները շարում պատուհանի փայտերին, որ ավելի շուտ կարմրեն…

***

Յոթ-ութ տարեկան երկու մանուկ բարձր ժայռի գլխից նայում են Գյունեյ թաղին, դողդողացող գոլորշուն, Անա զիզու բոստանին, աթարի դեզերին… Դիմացը, ընդարձակ տափարակի վրա, քաղաքն է։ Արևի տակ շողշողում են թիթեղյա կտուրները, կարծես տները ծածկված են ապակիով։ Ապակեշող տների մեջ ցոլանում է «ռուսաց ժամի» ոսկեզօծ գմբեթն ու խաշը։ Արևի ճառագայթներն արտացոլում են այնպես փառահեղ, կարծես գմբեթն է արևը, որ հրդեհվում է տների և կանաչ պարտեզների մեջ:

Գետի ափին կանայք ցորեն են լվանում։ Նրանք կռացել են և ձեռքերը ջրի մեջ հետ ու առաջ են տանում։ Մի քանի կտուրների վրա դեղնին են տալիս դդումները.