Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Նրա վրա ամենաքաշը գեներալ կնստի…

— Վրան նստողն էլ գեներալ է։

Երբ ձիավորներին հասավ, Կոստանգ աղան սանձը ձգեց և հազիվ կարողացավ պահել ձիու գլուխը: Կապույտ քրտինքի փրփուրը նստել էր ձիու սպիտակ մորթի վրա։ Ձին կարմիր ռունգերը փնչացնում էր, կանգնած տեղը ոտքերն անհանգիստ դոփում։

— Դուրս գալդ մի սհաթ կա՞, Կոստանգ աղա,— շողոքորթ կեղծությամբ հարցրեց Շուղունց Աքեքը, որին շշմեցրել էր այդ տեսարանը:

— Սհաթին չեմ նայել… Մինչև դուք ձիերը նստեք, ես բազար կհասնեմ։ Չեմ կարողանում գլուխը պահեմ, ձեռքերս կոտորեց…

Դարբնի տղան կամաց վրա բերեց.

— Տու՛ր ինձ, ես կպահեմ։

Կոստանդն ուզեց ինչ-որ բան ասի, սանձը մի քիչ թուլացրեց. սպիտակ ձին նույն վայրկյանին զգաց այդ, և տիրոջ խոսքը մնաց կիսատ։

Գյուղացիները տեսան սպիտակ ձիու ամեհի ոստյունը: Մի ակնթարթից ձին պահվեց սարի հետևը։

— Հրեղեն ձի սրան կասե՜ն… քիչ հետո գյուղացիները քաշեցին իրենց ձիերն ու ճանապարհ ընկան։

6

Երկու լեռնաշղթայի արանքում, նեղ հովտի վրա, որի մեջտեղով գլորվում է լեռնային կապույտ գետը,— ընկած է այն փոքրիկ քաղաքը, դեպի ուր այդ օրերը լեռնային կածաններով և դժվար արահետներով գնում էին մարդկանց և ձիերի անընդմեջ շարքերը։

Նրանք իջնում էին բարձր լեռներից, որոնց գոգերում, ինչպես լեռնային արծվի բները, ծվարել են քարակոփ գյուղերը։ Նրանք ելնում էին մթին ձորերից, ուր խավար խեղճություն կար։ Նրանք գալիս էին բարձրավանդակի