Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տափարակից, որի մեջտեղը ադամանդի նման ջինջ լիճն էր, եղեգների երիզով, քարոտ ափին՝ հին գյուղը, որի կիսավեր վանքը քարափից ցոլք էր գցում ջրերի վրա և թվում էր, թե ջրերի տակ սուզվել է մի մեռած վանք, ու սպիտակ բաղերը գիշերում են նրա մռայլ խորաններում։

Եվ ով հայրենի ճանապարհով հասնում էր այն ծանոթ կետին, որտեղից հանկարծ բացվում էր գետահովիտը, շողշողում էին քաղաքի տների ապակեպատ պատշգամբները, թիթեղյա կտուրները, — ով հասնում էր այդ կետին, ահով էր նայում ներքև, ինչպես արջառը, որին քշում են սպանդանոց և ահա թաց ռունգերով շնչում է թարմ արյան հոտը։

Վրնջում էին ձիերը՝ մետաղաձայն և երկարածոր, ինչպես տխուր երգը, կարծես վերջի հրաժեշտն էին ուղարկում լեռնային կապույտ լճերին, որոնց ջրից խմել էին, տափաստաններին, որտեղ անցել էր նրանց մանկությունը և ամայի գոմերին։ Մեկը թավ էր վրնջում, մյուսը՝ արծաթահնչուն, և բարձրանում էր հետևի ոտքերի վրա, ինչպես գազազած ցուլ, ձգում էր սանձը և չէր ուզում իջնել այդ անվերադարձ ուղիով։

Երբ ձիավորները քաղաք հասան, հրապարակում ասեղ գցելու տեղ չկար։ Փողոցները, արտերի միջնակները, նույնիսկ տների բակերը սևացել էին ձիերի հազարավոր խմբերից։

Կային հազար գույնի ձիեր՝ որձ, էգ, ծանրած և ծեր, քուռակներով և դեռ անծին, թամբած ու մերկ։ Նրանց կապոտել էին՝ որին քարից, որին ծառից կամ գետնին խրած սեպից։ Կային և իրար կապած ձիերի խմբեր։ Մեկի առաջ խոտ էր, մյուսինը հարդ, երրորդը նեղվում էր քաղցից, շոգից և անսովոր միջավայրից։ Քաղցած ձիերը պոկոտում էին փողոցի չոր և հազար սմբակի տրորած խոտը։

Ձիերն իրար հետ կռվում էին. ամեն անկյունից