Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՊՐՈՎԻՆՑԻԱՅԻ ՄԱՅՐԱՄՈԻՏԸ
1

Ճշմարտության դեմ կմեղանչենք, եթե այս տարածությունը, որ կոչվում է Աստաֆյան, անվանենք փողոց, որովհետև մեր քաղաքում այս փողոցը հռչակված է նաև իբրև ժամադրավայր, նավահանգիստ այն հին մակույկների համար, որոնք հանդարտ օրորվում են վերից վար, այսինքն՝ «անցնում են և բարձրանում»։ Նա և պատկերասրահ է, այն տարբերությամբ, որ պատկերները զբոսնում են, և մի օրվա ընթացքում հետաքրքրասեր մեկը կարող է տեսնել նաիրյան հոգևոր կուլտուրայի բազմաթիվ ներկայացուցիչների: Այս փողոցն ունի նաև վատ համբավ, եթե մեկը կամենում է ցույց տալ իր բացասական վերաբերմունքը մի տեղեկության կամ կարծիքի մասին,—ասում է՝ «Աստաֆյան փողոցի զրույց է»։ Վերջապես կարելի է մեջտեղ բերել մի այլ ապացույց, որով աներկբա կդառնա այն, որ այս տարածությունը սովորական առումով փողոց չէ, այլ ունի այնպիսի հատկանիշներ, որոնցից զուրկ են քաղաքի մյուս փողոցները։ Նկատված է, որ այստեղ երկար տարիներ ժամադրվողներին, հանգստացողներին, փողոցում վիճաբանողներին և առհասարակ այս տարածության սիրահարներին հատուկ է