Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի աոանձին քայլվածքի՝ մի տեսակ հոգևոր երթ, երբ մարդը թեքում է վիզը, գնում է իրանը օրորելով, աչքերի առաջ մեռած մառախուղ և մառախուղի մեջ անիրական մի աշխարհ: Մեր ծանոթներից մեկը, որ մասնագիտությամբ բժիշկ է, տպագրության համար պատրաստ ունի մի գիտական շարադրություն, որով ապացուցված է համարում մի առանձին՝ նոր տերմինով ասած՝ «էրիմենյան ախտի» գոյությունը և միանգամայն գիտականորեն բացատրում է այն պակասությունները, որ հատուկ են այս փողոցի սիրահարներին։

Կարող ենք թեթևակի պտույտ անել մեր քաղաքի մի քանի փողոցներում, որպեսզի համոզվենք, որ քաղաքի փողոցներից ոչ մեկը չունի այն առանձնահատուկը, միակը և անկրկնելին, ինչ որ այս թյուրիմացաբար փողոց կոչվող տարածությունը:

Քաղաքն ունի Կույր փողոց, որ վերջանում է այգիների ճանապարհով. Տպագրիչների փողոց, որտեղ մեծ մասամբ ապրում են պղնձագործ արհեստավորներ. Բաղնիքի փողոց, ուր երկու ատամնաբույժ կա, և պարսկական հին բաղնիսից մնացել է միայն մի խոր գուբ, որ հետզհետե չքվում է բակերի աղբով։ Կան փողոցներ, որոնց բնակիչները տառապում են հարատև հարբուխով, լռակյաց և տխուր մարդիկ են, ինչպես գերեզմանափորները և ժամագործները։ Կան զարմանալի փողոցներ, որոնք ունեն ցածր դռնակներով պատեր և երգող ջրեր։ Կանուխ է իջնում մութն այդ փողոցներում, և խավարն ավելի թանձր է, քան հարևան փողոցում, որտեղ գիշերային ժամերին կարելի է տեսնել արթուն և զվարճացող բնակիչների: Պատահել է մեզ տեսնել հին փողոցներ, որտեղ ամեն քայլափոխի մի բան գրավել է մեր անզբաղ ուշադրությունը: Մի տափակ կտուրով տան ամբողջ ճակատը զարդարված է գունագեղ աղյուսներով, որոնց համակարգության մեջ կա թաքնված իմաստ. մի ուրիշ տուն ունի երազային պատշգամբ, կապույտ ճաղերով, և թվում